Դաշնակցական Բեմ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ 1914-1918 ԹԹ.

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը

(Շարունակութիւն մայիսի 22- ի համարից)

 

Յատկանշական է, որ Դիլմանի ճակատամարտում առանձնապէս աչքի ընկաւ զօրավար Նազարբէգովի՝ Կովկասեան Բ. հրաձիգ զօրաբաժինը, որը, միանալով զօրավար Չեռնոզուբովի զօրքերին, ջախջախեց Խալիլ Բէյի հարւածային խմբաւորումը12): «…Դիլմանի ճակատամարտի համար,- գրում է Սիմոն Վրացեանը,- Նազարբէգեանը ստացաւ Գէորգեան Խաչ եւ Ֆրանսական զինւորական բարձրագոյն պատւանշանը: Բայց, անտարակոյս, մեծագոյն վարձատրութիւնը նրա համար եղաւ Վանի փրկութիւնը: Վանը ազատւեց՝ Դիլմանի յաղթանակի հետեւանքով»13):

Խալիլ փաշայի բանակի չարաչար պարտութիւնից յետոյ հայկական զօրաբանակները յառաջացան դէպի թուրքական սահմանագլուխ, իսկ Խալիլ փաշան Դիլմանի պարտութիւնից յետոյ նահանջեց դէպի Թուրքիա՝ նպատակ ունենալով հասնել Վան եւ միանալ Ջեւդէթ փաշայի բանակին:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Դիլմանի յաղթական կռիւը զգալիօրէն նպաստեց, որպէսզի ռուս հրամանատար գեներալ Նիկոլայեւի զօրամասը, որին կցւած էր հայկական նորակազմ Արարատեան գունդը, համեմատօրէն նւազ արգելքների հանդիպէր արշաւանքի ընթացքին՝ մինչեւ Վան14): Աւելին, ռուս գեներալ Չեռնոզուբովի խօսքերով՝ Դիլմանի ճակատամարտով իրականում «որոշւում էր ամբողջ Կովկասի բախտը», որտեղ ռուսական զօրքերն Անդրանիկի ջոկատի հետ միասին յետ շպրտեցին Խալիլ Բէյի գերազանց ուժերի մի քանի կատաղի գրոհները: Հայ կամաւորները մեծ խիզախութեամբ ու անձնւիրութեամբ սւինամարտի էին բռնւում թշնամու հետ15):

1915 թ. մայիսի 6-ի Վանի գրաւումից յետոյ, ռազմագիտական հանգամանքների բերումով, վերին հրամանատարութեան անակնկալ հրահանգի արդիւնքում հայկական զօրախմբերն անյապաղ նահանջում են:

Քեռին ու Համազասպը ստիպւած եղան Վանը թողնելուց յետոյ, բռնել Պարսկաստանի ճամբան՝ Արճակ-Սալմաստ գծով: Տեղահան է լինում ամբողջ Վասպուրականը: Սալմաստ հասնելով՝ Համազասպի խումբը Հաւթւան, իսկ Քեռու խումբը Փայաջուկ գիւղում է տեղաւորւում՝ իրենց պակասները լրացնելու համար: «Պէտք էր սպասել սպայակոյտի նոր հրահանգներին: Ամիսներ անցան, մինչեւ որ կացութիւնը պարզւեց եւ երկու խմբերը յաջորդաբար մեկնեցին Սալմաստից»16):

Ինչպէս միւս շրջաններում, Ատրպատականում եւս տեղական ուժերի աշխատանքներն ընթանում էին զինական ջոկատների վերակազմակերպման ու մարտական նոր խմբերի կազմութեան ուղղութեամբ:

«…1917-ին, երբ ռուսական զօրքը «յեղափոխականացած»՝ թողեց գրաււած վայրերի հետ եւ Ուրմիան,- գրում է Սասունցին,- Հ. Յ. Դաշնակցութեան կոմիտէն կանգնեց ժողովրդի կողքին: Նրա նախաձեռնութեամբ գումարւած ներկայացուցչական ժողովում, քննութեան դրւեց երկու առաջարկ. 1) մեկնել ռուսների հետ, ինչպէս պնդում էին փոքրաթիւ հարուստները. 2) մնալ երկրում, բոլոր միջոցները ձեռք առնել վայելելու պարսիկ կառավարութեան պաշտպանութիւնը, իսկ նրա անզօրութեան դէպքում՝ դիմել ինքնապաշտպանութեան, ապրել կամ մեռնել պատւաւոր կերպով: Երկար խորհրդակցութիւնից յետոյ ժողովը միաձայն ընդունեց երկրորդ առաջարկը»17):

Այսպիսով, Ատրպատականի շրջանում վերակազմւեցին մարտական նոր խմբեր, եւ ժողովուրդը զինւեց ինքնապաշտպանութեան համար: Մարտական խմբերը շրջում էին շրջանում եւ պաշտպանում ժողովրդին: Իսկ հետագային Ուրմիայի, Սալմաստի ու Խոյի հայութիւնը դիմագրաւեց նոր սպառնալիքներ: «Մի կողմից թաթար-համիսլամական տարրերի հակահայ գրգռիչ ընթացքը, միւս կողմից թուրքական յարձակումները, դժոխք էին դարձրել հայերի կեանքը: Թուրքերի դրդումով դաւադրութիւն կազմեց քուրդ ցեղապետ Սմկոն, որ յարձակւեց հայերի վրայ, որին օգնութեան հասան թուրք զօրքերը, եւ սկսւեց անհաւասար մի կռիւ, որ տեւեց 7 ամիս»18):

Համեմատաբար խաղաղ մի շրջան բոլորելուց յետոյ Ատրպատականի գաւառների հայութիւնը 1918-ի գարնանը մատնւեց նոր տագնապի, երբ թուրքական ուժերն այս անգամ մէկ թեւով առաջացան դէպի Կովկաս, իսկ մէկ այլ թեւով էլ՝ Ալի Իհսան փաշայի հրամանատարութեամբ մտան Ատրպատական՝ փորձելով գրաւել դարձեալ Մակուն, Խոյը, Ուրմիան եւ Սալմաստը: Այդ օրերին տեղի ունեցաւ Վանի վերջին նահանջը, երբ գաղթականների մի մասն անցաւ Կովկաս, Իգդիրի վրայով, իսկ միւս մասն ապաստանեց Սալմաստ, Լեւոն Փաշա Շաղոյեանի եւ այլ ղեկավարների առաջնորդութեամբ19):

«…Առանց ժամանակ կորսնցնելու,- գրում է Կարօ Գէորգեանը,- ժողովրդական զօրամասեր կազմւեցան Սալմաստի եւ Ուրմիոյ մէջ, Հ. Յ. Դաշնակցութեան նախաձեռնութեամբ: Այս զօրամասերուն միացան նաեւ տեղացի ասորիներու ինքնապաշտպանութեան ուժերն ու Թուրքիայէն գաղթած Ջուլամերիկի Ջելօ կոչւող ասորի լեռնականները, իրենց հոգեւոր պետի՝ Մար Շիմոնի ղեկավարութեամբ»20):

Ինքնապաշտպանութեան այս ուժերի եւ թուրքական զօրամասերի միջեւ կռիւները շարունակւեցին մի քանի ամիս, որոնցում կարեւոր դեր խաղացին Վասպուրականից գաղթած զինւորական ուժերը, ինչպէս նաեւ ռուսական բանակների քայքայման հետեւանքով Կովկաս չվերադարձած եւ Ուրմիայում ու Սալմաստում մնացած հայ զինւորականները: Այդ օրերին զօրավար Անդրանիկը փորձեց Կովկասից անցնել Պարսկաստան եւ միանալ Ատրպատականի ինքնապաշտպանութեան ուժերին, սակայն, հազիւ յաջողել էր հասնել մինչեւ Խոյ, երբ թուրքական ուժերի ճնշման տակ ստիպւեց նահանջել Զանգեզուրի ուղղութեամբ: Սալմաստի ժողովուրդը հարկադրւեց գաղթել Ուրմիա, որտեղ եւս շարունակւեցին կռիւները: Կացութիւնը հետզհետէ ծանրանում էր21):

***

Ատրպատականի հայութեան շղթայական արհաւիրքներին զուգընթաց եղել են նաեւ հպարտառիթ եւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտեր, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումն Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ. գարնան), «որի մասին,- ինչպէս բնութագրում է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած: Նրա կարեւորութիւնը, սակայն, առանձնայատուկ է հետեւեալ նկատառումներով.

1.Թուրքական արշաւող բանակի աջ թեւի յառաջխաղացումը դանդաղում է ամիսներ շարունակ, որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:

2.Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեան ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերով:

3.Թուրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:

Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի հերոսամարտը եւ նշում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է Հայ դատին»22): Եւ իզուր չէ, որ Ալի Իհսան փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»23):

Այսպէս, իրանահայութիւնը եւս Ա. Աշխարհամարտին (1914–1918) իր արեան տուրքը տւեց թուրքական մոլոխին՝ բազմահազար նահատակներով, ինչպէսեւ՝ իր անջինջ հետքը թողնելով 1918 թւականի Մայիսեան պետականակերտ հերոսամարտերում:

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

(Շար. 3 եւ վերջ)

——————–

12) Յարութիւնեան Ա. Յ., Կովկասեան ռազմաճակատը 1914-17 թթ. Թեհրան, «Ալիք», 1977, էջ 207:

13) «Դրօշակ», 1931 թւ. յունւար-փետրւար, հ. 1–2, մէջբերւած Ս. Վրացեանի «Զօրավար Նազարբէգեան» յօդւածից, էջ 102:

14) «Հայրենիք» ամսագիր («Քեռին», հեղ.՝ Վ. Վալադեան), ապրիլ 1960, նօ. 4, էջ 68:

15) «Հայ ժողովրդի պատմութիւն», հ. VI, Երեւան – 1981, էջ 549:

16) «Հայրենիք» ամսագիր, նշւ. աշխ., էջ 69:

17) «Դրօշակ», 1932, յունւար, հ. 1, մէջբերւած Սասունցիի «Մեր զոհերը» յօդւածից, էջ 191:

18) Նոյն տեղում:

19) Գէորգեան Կ., Ամենուն տարեգիրքը, 1958, Բէյրութ,  էջ 440:

20) Նոյն տեղում:

21) Նոյն տեղում, էջ 440:

22) Ամուրեան Ա., Ատրպատականի հայութեան վիճակը թուրքական բանակների ներխուժման օրերին, էջ 21:

23) «1915-1965 Յուշամատեան Մեծ Եղեռնի», հրատ. «Զարթօնք» օրաթերթ, Բէյրութ, 1965 թ., էջ 30 (տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., 2-րդ հատոր, էջ 343):

Related Articles

Back to top button