Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Մեր խնդիրն է ապահովել, որ Արցախ ցանկացած վերադարձ իրականացւի միջազգային իրաւունքի ամբողջական ծաւալով»

«ԱԼԻՔ» – 2025 թւականի մայիսի 26-ին Շւէյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն մեկնարկեց «Շւէյցարիայի խաղաղութեան նախաձեռնութեանն» աջակցող 19 պատգամաւորներից կազմւած միջկուսակցական յանձնախումբն՝ օժանդակելու արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շւէյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանութեան համար ունի իրաւակիրառ պարտադիր նշանակութիւն: Հաղորդում է Tert.am-ը:

Նախաձեռնութեան նպատակն է աջակցել Շւէյցարիայի յանձնառութեանը՝ «հնարաւորութիւն տալու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ներկայացուցիչների միջեւ բաց երկխօսութեան՝ միջազգային վերահսկողութեան ներքոյ կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայութեամբ՝ բանակցելու պատմականօրէն բնակւած հայ բնակչութեան անվտանգ եւ համատեղ վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցութիւն ունեցող յանձնախումբը գլխաւորում են Շւէյցարիայի Ազգային խորհրդի պատգամաւորներ Էրիխ Ֆոնտոբելը եւ Ստեֆան Միւլլէր-Ալտերմատը:

Միջոցառման ընթացքում ելոյթներ ունենցան յանձնախմբի համանախագահները, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախկին արտգործնախարար եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանը, Քերոլայն Քոքսի անւան վերականգնողական կենտրոնի տնօրէն Վարդան Թադէոսեանը, Շւէյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի գլխաւոր քարտուղար Սարգիս Շահինեանը եւ Միջազգային քրիստոնէական համերաշխութեան կազմակերպութեան հանրային հարցերով տնօրէն դոկտոր Ջոէլ Վելդկամպը:

Վարդան Օսկանեանն իր ելոյթում նշել է.

«Թոյլ տւէք սկսել երախտագիտութեան մի քանի խօսքով։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Շւէյցարիայի Համադաշնութեան Դաշնային ժողովին՝ Ազգային խորհրդին եւ Կանտոնների խորհրդին բանաձեւն ընդունելու համար։ Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում նախաձեռնողներին եւ նրանց, ովքեր առաջնորդեցին այդ գործընթացը՝ այն յաջողութեամբ աւարտին հասցնելով։ Նրանք այսօր այստեղ են՝ մեզ հետ, եւ դուք արդէն լսեցիք նրանց ելոյթները։

Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ այն 19 պատգամաւորներին, որոնք միացան յանձնաժողովին եւ պատրաստակամ են իրականացնելու ընդունւած նախաձեռնութիւնը։ Խորին երախտագիտութիւնս եմ յայտնում նաեւ նրանց, ովքեր խորհրդարանից դուրս էին՝ Շւէյցարիայի մեր հայ եւ ոչ հայ բարեկամներին, որոնք անդուլ աշխատեցին իրենց ընտրւած ներկայացուցիչների հետ սա հնարաւոր դարձնելու համար։

Եւ վերջապէս, որը ոչ պակաս կարեւոր է, ես երախտապարտ եմ Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն կազմակերպութեանը՝ Արցախեան խնդրին ցուցաբերած հաստատուն աջակցութեան եւ այս կարեւոր հանդիպումը կազմակերպելու համար։

Նախքան հիմնական թեմային՝ Շւէյցարիայի խաղաղ նախաձեռնութեանը եւ վերադարձի իրաւունքին անդրադառնալը, պարտաւոր եմ յստակ ու էական մի յայտարարութիւն անել։ Դա կարեւոր է։

150,000 արցախահայերը, որոնք 2023-ին բռնութեամբ տեղահանւեցին իրենց հազարամեայ հայրենիքից՝ պատերազմի, էթնիկ զտման եւ ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ, վտարւեցին մի տարածքից, որը պատմականօրէն երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետութեան կազմում՝ ո՛չ 1918-1920 թւականներին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը անկախ պետութիւններ էին, ո՛չ էլ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ սահմանադրութեան շրջանակում, օրինական հանրաքւէ անցկացրեց եւ որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից։

Միակ ժամանակահատւածը, երբ Արցախը եղել է Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, ԽՍՀՄ տարիներն էին, եւ անգամ այդ ժամանակ այն ինքնավար կարգավիճակ ուներ։ Ճակատագրի հեգնանքով, հէնց այսօրւայ Ադրբեջանի սահմանադրութիւնը խորհրդային իշխանութիւնը հռչակում է անօրինական՝ միաժամանակ սրբացնելով խորհրդային սահմանները։ Այսօրւայ հակամարտութեան առանցքում այդ հակասութիւնն է։

Ես սա չեմ ասում՝ անցեալին տուրք տալու համար, այլ որպէսզի յստակեցնեմ՝ մեր պահանջները ո՛չ երեւակայական են, ո՛չ էլ անհիմն։ Դրանք արմատաւորւած են պատմութեան, իրաւունքի եւ արդարութեան մէջ։

Այս ամէնով հանդերձ՝ ուզում եմ ընդգծել՝ Արցախի ժողովուրդը եւ ղեկավարութիւնը շատ պրագմատիկ են։ Նրանք գիտակցում են Երեւանի եւ Բաքւի միջեւ յարաբերութիւնների դինամիկան։ Նրանց նպատակը աշխարհաքաղաքական իրողութիւններին հակադրւելը չէ։ Նրանց նպատակը հաւաքական, ապահով եւ արժանապատիւ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային յուսալի մեխանիզմներով երաշխաւորւած իրենց հիմնարար իրաւունքներով։

Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնւած միջազգային իրաւունքի, վերապրած տրաւմայի եւ բարոյական յստակութեան վրայ։

Աւելին, միջազգային պաշտպանութեան ներքոյ նրանց վերադարձը կարող է դառնալ արդար եւ երկարատեւ խաղաղութեան հիմք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, յատկապէս այսպիսի խորը արմատաւորւած անվստահութեան պայմաններում։ Այս տարածաշրջանում խաղաղութեան հասնել հնարաւոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են։

2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 19-ից յետոյ լքած մարդկանց «անվտանգ, անխոչընդոտ եւ արագ վերադարձը» եւ երաշխաւորւած բացառել այդ մարդկանց նկատմամբ ուժի կամ ահաբեկման գործիքները, որոնք կարող են հարկադրել նրանց փախուստը։ Այս որոշմանը յաջորդեցին Եւրախորհրդարանի երկու բանաձեւերը՝ 2024-ի մարտին եւ հոկտեմբերին, որոնք Ադրբեջանին բացայայտ կոչ էին անում Արցախի ներկայացուցիչների հետ ներգրաււել երկխօսութեան մէջ եւ երաշխաւորել նրանց անվտանգ ու արժանապատիւ վերադարձի իրաւունքը։ Վերջերս էլ Շւէյցարիայի խորհրդարանը որոշում ընդունեց, որով Դաշնային խորհրդին պարտաւորեցնում է կազմակերպել հարթակ՝ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ վերադարձի իրաւունքի շուրջ բանակցութիւնների համար։

Ակնյայտ է, որ այս հարցում ձեւաւորւում է միջազգային կոնսենսուս։

Ադրբեջանը եւս հրապարակայնօրէն յայտարարել է, որ հայերը կարող են վերադառնալ։ Ուրեմն իրական հարցերն են՝ ինչպէս, երբ եւ ինչ պայմաններում։

Միջազգային իրաւունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականութեան պայմաններում։ Իսկ այդ վտանգը տեսական չէ, իրական է եւ նկատելի։ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարութեանը, ինչպէս նաեւ հայ ռազմագերիներին։ Բանտարկւած այդ ղեկավարները յանցագործներ չեն. նրանք պաշտպանում էին իրենց ինքնորոշման իրաւունքը, որը նրանց շնորհւած է միջազգային իրաւունքով: Սրանք հէնց այն մարդիկ են, որոնց հետ Ադրբեջանի յաջորդական արտգործնախարարները նստել են բանակցելու Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի շուրջ: Սրանք նոյն այն մարդիկ են, որոնց հետ ԵԱՀԿ-ի լիազօրւած միջնորդները հանդիպում էին հակամարտութեան խաղաղ լուծում գտնելու համար: Նրանք այժմ քաղաքական գերիներ են: Քանի դեռ նրանք բանտարկւած են, իսկական հաշտեցումն անհնար է:

Մենք նաեւ ականատես ենք լինում հայկական մշակութային եւ պատմական յիշողութեան համակարգւած ոչնչացմանը՝ վերացւում են խաչքարեր, քանդւում գերեզմաններ, վանքեր են զրկւում հայկական ինքնութիւնից։

Այս պահից սկսած՝ մեր խնդիրն է ապահովել, որ ցանկացած վերադարձ իրականացւի միջազգային իրաւունքի ամբողջական ծաւալով, այդ թւում հաշւի առնելով մարդու իրաւունքների իրաւունքը, մարդասիրական իրաւունքը եւ խտրականութեան արգելքի իրաւունքը եւ ոչ թէ միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Հէնց այս նպատակին է ծառայում առաջարկւող ֆորումը՝ ստեղծել չէզոք եւ վստահելի հարթակ երկխօսութեան համար, որտեղ Շւէյցարիան ընդամէնը կը տրամադրի իր լաւ ծառայութիւնները՝ մի սեղան, որտեղ համապատասխան կողմերը քննարկեն այն կոնկրետ պայմանները, որոնց դէպքում վերադառնալը կարող է մի օր դառնալ իրական։ Սա կը լինի Շւէյցարիայի խաղաղ նախաձեռնութիւնը Արցախի համար։

Շւէյցարիան, ունենալով երկարամեայ համբաւ՝ չէզոքութեան, զսպւածութեան եւ կարեկցանքի ասպարէզում, եզակի դիրքում է նման հարթակ հիւրընկալելու համար։

Գիտենք, որ Շւէյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։ Մենք ուշադիր լսեցինք արտգործնախարարի երկու ելոյթները Ազգային խորհրդում եւ Կանտոնների խորհրդում նախքան քւէարկութիւնը։ Մենք լիովին հասկանում ենք Շւէյցարիայի զգոյշ եւ հաւասարակշռւած մօտեցումը։ Գիտենք, որ դուք չէք ճանաչել Արցախի նախկին իշխանութիւններին։ Յարգում ենք ձեր ցանկութիւնը՝ խուսափելու դիւանագիտական անցանկալի հետեւանքներից։

Բայց այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին միւսի նկատմամբ օրինականութիւն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չէզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացւած ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Արցախի հայերը կարող են նստել եւ միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ»:

Related Articles

Back to top button