ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներին

Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ եւ ԸՄ փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը 2025 թ. մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ–ի նախագահութեան, ֆինանսական եւ կազմակերպական յանձնաժողովների, ինչպէս նաեւ խորհրդի ժողովներին, որտեղ քննարկւել են աւելի քան հարիւր երկրներից 132 կուսակցութիւն ընդգրկող կազմակերպութեանը վերաբերող հարցեր։ ԸՄ–ի՝ Ստամբուլում գումարւած ժողովների հիւրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն էր (CHP)։ ԸՄ–ի նախագահութեան եւ խորհրդի նիստերը նախագահում էր կազմակերպութեան նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչեսը։
Մարիօ Նալբանդեանը մասնակցեց կազմակերպութեան բարձրագոյն ժողովներին՝ Կոնգրեսների միջեւ ժամանակահատւածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնութեան եւ բախումների յաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանութիւնը» թեմայի քննարկմանը։
Մ. Նալբանդեանի ելոյթի հիմնական մասը ներկայացնում ենք ստորեւ.
«Մեծարգոյ նախագահութիւն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հաւանաբար, եղել են «խաղաղութիւն», «ժողովրդավարութիւն», «իրաւունք», «մարդու իրաւունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկութեան ապրումներն այս օրերին։
Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզօրները այսօր փորձում են օրէնքի փոխարէն հաստատել ուժի գերակայութիւն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականութեան շրջան, երբ երկրի ներսում օրէնքները անտեսւում են օրւայ իշխանութեան օգտին, իսկ միջազգային յարաբերութիւններում ուժը անտեսում է միջազգային օրէնքը, միջազգային մարդասիրական իրաւունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցւածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրութիւնների եւ վասալ պետութիւնների նոր դարաշրջան։
2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի՝ ցեղասպանութեան կանխարգելման յատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնւենցիային, ահազանգեց, որ կոնւենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանութեան սպառնալիքի տակ են Մեանմայի ռոհինգըիաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայէլի կողմից օկուպացւած Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրութիւնը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։
Արցախի դէպքը շարունակւող յանցագործութիւն է։ Հայերը դուրս մղւեցին հազարամեայ իրենց հողերից Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը՝ երաշխաւորելու բնիկ ժողովրդի իրաւունքները եւ նրանց արժանապատիւ, անվտանգ եւ հաւաքական վերադարձը։ Աւելին՝ խախտելով միջազգային իրաւունքը, Ադրբեջանը շարունակում է գերութեան մէջ պահել հայ գերիներին եւ կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թւում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դաւիթ Իշխանեանը, որին ծանօթացաք եւ լսեցիք այս կազմակերպութեան 2022 թ. Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում է հայ ժողովրդի կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը եւ յուշակոթողները։
Այս ժողովում տարբեր ելոյթների ժամանակ հնչեցին Նեթանիահուի, Լուկաշենկոյի եւ Ալիեւի անունները։ Եւ դա պատահական չէ, որովհետեւ նրանք ամբողջացնում են միմեանց՝ իրենց կործանարար գործողութիւններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։
Խաղաղութեան մասին խօսքեր եւ մաղթանքներ հնչեցին այս ժողովում տարբեր ելոյթներով։ Նոյնիսկ եղաւ ակնարկ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մասին։ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնւում են խաղաղութեան գործընթացի մէջ՝ մի գործընթաց, որի վերաբերեալ ունենք անհամաձայնութիւններ եւ հարցականներ, սակայն խաղաղութեան գաղափարին լրջօրէն հաւատում ենք։ Թուրքիան հետեւում է այդ գործընթացին եւ Հայաստանի հետ յարաբերութիւնները պայմանաւորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ յաւելեալ ճնշում գործադրելով Հայաստանի վրայ։ Սակայն տեղին է յիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թւականից սկսած, մշտապէս ձգտել է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տեւական եւ կայուն խաղաղութեան հաստատմանը, ապա պէտք է վերանայի իր պատմութիւնը եւ ընդունի իր պատասխանատւութիւնը 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութեան իրագործման մէջ։
Պարտադրւած խաղաղութիւնը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն եւ տեւական»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
26 մայիս, 2025 թ.