Գաղափարական

Որպէսզի չվերածւենք «հոգով ստրուկների»…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Սրանից աւելի քան 1500 տարի առաջ, ՎԱՐԴԱՆԱՆՑ ապստամբութեան օրերին, քաջամարտիկ հոգեւորական Ղեւոնդ Երէցն ասել է. «Ո՞ւմ բողոքենք մեր հոգու ստրկութեան համար՝ եթէ մենք մեզ թոյլ ենք տւել ստրկանալ…»։

Ահա, 2024 թւականի ապրիլեան այս օրերին, 1573 տարի ՎԱՐԴԱՆԱՆՔ-ից յետոյ, դարձեալ քաջակորով մի հոգեւորական, Հայրենեաց պաշտպանութեան ի խնդիր, նոյն ոգու եւ հոգու կանչն է աղաղակում հայրենական մերօրեայ հայորդիներին։

Ահաւասիկ, շաբաթներ ի վեր, Հայաստանի Տաւուշի մարզի թեմի աառաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանը, նոյն շրջանի ժողովրդի դիմադրական շարժմանը նեցուկ կանգնելով՝ ընդդիմանում ու դիմագրաւում է իւրային իշխանաւորների պարտւողական ու միակողմանի զիջումներին, կապւած՝ հայրենական գիւղերը անհարկիօրէն թշնամուն յանձնելու ազգային ամօթին։

Ղեւոնդ Երէցների օրօք էլ հոգով ստրուկ   Վասակեան իշխանաւորները՝ միակողմանի զիջումների էին գնում՝ Հազկերտեան մարզպանի թագն ու պսակը չկորցնելու համար։

Ու այդ ճամբին Վասակները նախ ուրացան սեփական հաւատամքը, ապաեւ՝ բուն հայրենին, ընդհուպ զոհաբերելով հարազատ զաւակ ու ընտանիք…։

Այսօրեայ Վասակները եւս, հետաքրքիր նմանութեամբ, նախ ուրացան Հայոց Առաքելական Եկեղեցին, ապաեւ՝ բուն Հայրենին՝ Արցախը եւ ի խնդիր իշխանութեան երկարաձգման՝ փաստօրէն պատրաստակամ են զոհասեղանին դնել հայրենի յաւելեալ հողեր ու դեռ նիւթա-բարոյական բոլոր կարգի ազգային արժէքներ՝ կապւած հային ու Հայաստանին…։

-Մէկ այլ նմանութիւն՝ հին ու նոր Վասակների.-

Ըստ պատմագրութեան՝ երբ Հազկերտի մոգպետերը հայկական վանքերի տեղ ատրուշաններ էին կառուցում, նոյն մարզպետ Վասակը հայ վանականներին համոզելո՜ւ համար, յայտնում էր նրանց թէ՝ «Ահա վերջացաւ հին աշխարհը, մենք հիմա նոր պետութիւն պիտի կառուցենք…»։

Մերօրեայ Վասակներն էլ դեռ վերջերս էին յորջորջում՝ նոր պետութեան ու երկրի (որին էլ ըստ իրենց՝ չի պատկանում Արարատ լեռը), եւ ոչ թէ՝ պատմական ու ամբողջական Հայրենիքի վերաբերեալ ցնդաբանութիւններ…

Ինչեւէ, յարգելի ընթերցող, 2018 թւականի ճիշտ այս օրերից սկսեալ Հայաստանում ձեւաւորւած ու գործի դրւած ազգադաւ ու հայրենադաւ իշխանախմբի մասին այլեւս գիտեն բոլորը եւ նոյնիսկ 2021-ին նրանց քւէարկած մեծաթիւ մոլորւածները։

Բացի իւրային ծախւածներից՝ (ընդհանուր 8 տոկոսանոց մի խառնամբոխ, որն սնւում է տեսակ-տեսակ պարգեւավճարներով), մնացած բոլոր հանրային ու հասարակա-քաղաքական շրջանակների մօտ հայրենադաւները չունեն լեգիտիմութեան ու վստահելիութեան դոյզն իսկ ռեսուրս-կարելիութիւն։ Եւ փաստօրէն իշխանափոխութեան պահանջն ու  գործընթացը, թէկուզ որոշակի խանգարումներով, համարւում է ըստ ամենայնի օրինաչափ։

Խանգարիչ տւեալ ազդակներն երկու կարգի են՝ ներքին, արտաքին։

-Ներքին ճակատում իր համար իշխանախումբը անվտանգութեան վահան է ձեւաւորել սեւ ու կարմիր բերետաւոր ոստիկանութեանը, ուժային ու անվտանգային տարբեր կարգի միաւորների, որոնք էլ  այսպէս թէ այնպէս վախի ու տեռորի մթնոլորտ են ստեղծում յատկապէս ժողովրդական ցոյցերի ու բողոքների ժամանակ։

Ներքին ճակատում իշխանախումբը օժտւած է նաեւ  ծախու լրատւացանցերով ու տարատեսակ քարոզչամեքենաներով (Հ1 , «Ազատութիւն» կայան եւ յատկապէս «Ֆէյսբուք»-եան հարթակ…), որոնք ամբողջօրեայ ռեժիմով զբաղւած են իշխանութեան հակազգային ու պարտւողական քաղաքականութեան արդարացմամբ ու դա՝ գիւղաբնակ հասարակայնութեան մէջ տարածելով…։

-Արտաքին ճակատում իշխանափոխութեանը արգելակող գործօններն են՝ գլոբալ առումով թիրախային տարածաշրջաններում գունաւոր յեղափոխութիւններ սադրող Անգլոսաքսոնական եւ ի մասնաւորի սորոսական դաւադիր կենտրոնները, իսկ միւս կողմից էլ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը։  Պարզ է արդէն, որ այս վերջնի հակահայ նպատակների իրականացման ճամբին, Հայաստանի ներկայիս պարտւողական իշխանութեան  պահպանումը համարւում է նպատակայարմար։ Միւս կողմից էլ թուրք-ադրբեջանական դաշինքը օրէօր լկտիանալով՝ բացէ ի բաց ընդդիմանում է Հայաստանում իւրաքանչիւր երեւոյթի, որն ազգային արժանապատւութեան վերականգնման նպատակ է հետապնդում, դա համարելով ոչ աւել, ոչ պակաս՝ ռեւանշիզմ։

Արտաքին խանգարիչ նորագոյն ազդակի է վերածւել, ահա, արեւմտա-եւրոպական բլոկի հակառուսական վեկտորը, որին էլ ամենա՜յն նւիրւածութեամբ լծակից է դարձել Հայաստանի իշխանախումբը։ Այս ճամբին, նոյն արեւմտա-եւրոպական բլոկը ակնյայտօրէն յայտարարում է նոյն իշխանութիւններին վարձահատոյց լինելու մասին՝ տարբեր կարգի վարկային տրամադրումների ճամբով, որի վերջին տարբերակին էլ ականատես եղանք հէնց օրերս, ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան համապատասխան գերատեսչութիւնների ղեկավարների հետ ն. փաշինեանի  հանդիպմանը…։ Նմանատիպ գաղտնի ու բացայայտ հանդիպումների արդիւնքում, մինչայժմ ներքին թէ՛ արտաքին խանգարիչ գործօնները յաջողել են անցնող վերջին վեցամեակում թիրախաւորել հայրենի Արցախը, Հայաստանն ու հայութեանը, որպէսզի նախ՝ Հայաստանին զոհաբերեն իրենց համընդհանուր տարածաշրջանային նպատակների իրականացման ճամբին եւ ապա՝ չէզոքացնեն նրա պատւարային դիրքը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի գէոպոլիտիկ միացման ճամբին…։

Հիմնական ու բախտորոշ հարցը մնում է մեզ՝ ողջ հայութեանը եւ մեր համազգային կամքի դրսեւորման պատմական անհրաժեշտութեանը, որպէսզի հնօրեայ թէ՛ նորօրեայ Ղեւոնդ Երէցների փրկարար պատգամներին ու գաղափարներին ունկնդիր եւ կառչած՝  ՉՎԵՐԱԾՒԵՆՔ ՀՈԳՈՎ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ…

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button