ԳաղափարականՀայաստան - Արցախ

«Հայաստանից դուրս իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան»

Գարեգին Նժդեհի գերեզմանի առեղծւածը

1946 թ․ նոյեմբերի 14-ին Խորհրդային Միութեան պետական անվտանգութեան մարմինների կողմից ձեռնարկւած յոյժ գաղտնի օպերացիայով Երեւան է տեղափոխւում «Զուբր» ծածկանունով մի կալանաւոր, որը նոյնպիսի գաղտնի պայմաններում էլ բանտարկւում է Երեւանի բանտում։ Այս ծայրայեղ զգուշաւորութիւնը պայմանաւորւած էր 2 հանգամանքով. մի կողմից չափազանց արժէքաւոր էին այդ կալանաւորի կապերն արտերկրում, միւս կողմից՝ նրա՝ Երեւանում գտնւելու մասին լուրը մեծ ալիք կարող էր բարձրացնել, ինչը անցանկալի էր իշխանութիւնների համար, թէեւ քչերը գիտէին, որ նա ողջ էր։ Այդ կալանաւորը Գարեգին Տէր-Յարութիւնեանն էր, նոյն ինքը՝ Գարեգին Նժդեհը։

Այսօր ցարական բանակի սպայ, հայազգի ռազմական եւ պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրօն» ազգային գաղափարախօսութեան հիմնադիր, Հայաստանի առաջին Հանրապետութեան ռազմական եւ պետական գործիչ Գարեգին Նժդեհի յիշատակի օրն է։

1947 թ. դեկտեմբերի 10-ով թւագրւած իր նամակում Նժդեհը գրում է հետեւեալ խօսքերը Ստալինին. «Քաղաքացի գեներալիսիմուս, ես չէի ուզի ապրես, եթէ չզգայի, որ դեռ կան խնդիրներ՝ յանուն որոնց պէտք է ապրել։ Մեռնե՞լ, ինչ կայ մահից աւելի հեշտ բան ծեր հայրենասէրի ու զինւորականի համար։ Ինձ չեն հետաքրքրում ո՛չ կեանքը եւ ո՛չ էլ մահը, այլ միայն վերջին ցանկութիւնս է մասնակցել ֆէոդալական Թուրքիայի ոչնչացմանը։ Քաղաքացի գեներալիսիմուս, չլքելով Սոֆիան, ես ցուցաբերեցի հայրենասիրութիւն եւ խորհրդային իշխանութեան հետ հաշտւելու անկեղծութիւն։ Ես մնացի՝ վստահելով Ձեզ։ Ով վստահում է մեծ մարդուն, նա չի փոշմանում։ Հաւատում եմ, որ իմ ասպետութեանը Դուք կը պատասխանէք անկեղծութեամբ»։

Ի պատասխան Նժդեհը ստանում է Ստալինի լռութիւնը…

Այս նամակից յետոյ Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր եւ նա մահացել է 1955 թ. դեկտեմբերի 21-ին։

1954 թ. նա արդէն ունէր լուրջ առողջական խնդիրներ։ Նա գրում է իր կտակը, որում ասւում է, որ ձեռագրերը, շորերն ու ժամացոյցը թողնեն եղբօրը, իսկ իրեն անպայման թաղեն հայրենիքում։

Կուզմենկօ անունով մի դատապարտեալ ժամանակին վկայել է, որ ինքը Վլադիմիրի բանտում ծանօթացել է հիւանդութիւնից թուլացած մի ծերունու հետ, որը մշտապէս իր մօտ էր պահում կապոցում ամփոփւած մի բուռ հող: Ինչպէս ինքն էր ասում՝ «իր հայրենիքից մի մասունք»: Կուզմենկօն յիշում է, որ մի օր խուզարկութեան ժամանակ նրանից խլում են այդ կապոցը եւ չեն վերադարձնում, իսկ նա մանկան պէս լաց է լինում: Կուզմենկոյի վկայութեամբ՝ այդ ծերունու անունն էր Գարեգին Տէր-Յարութիւնեան՝ Գարեգին Նժդեհ:

Նժդեհը վախճանւեց 1955 թւականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրեան բանտում: Եղբօր ջանքերով նրա աճիւնը թաղւում է հէնց Վլադիմիրում, քանի որ ռուսական իշխանութիւնն արգելում է Գարեգին Նժդեհի աճիւնը տեղափոխել հայրենիք:

1983 թւականին Նժդեհի աճիւնն յոյժ գաղտնի պայմաններում տեղափոխւում է Հայաստան՝ Պաւէլ Անանեանի ջանքերով, որը յայտնաբերել էր գերեզմանը՝ առաջնորդւելով միայն լուսանկարից եւ որը Գարեգին Նժդեհի թոռնուհու՝ դերասանուհի Գոհարինէ Տրդատեանի ամուսինն էր:

Նոյն թւականին աճիւնից մի մասունք ամփոփւում է Խուստուպ լեռան լանջին: Իսկ հիմնական աճիւնը ցինկի դագաղի մէջ պահելով՝ 1987 թւականին ամփոփւում է Գլաձորի Սպիտակաւոր վանքում:

Մինչ այդ այն մարդիկ, ովքեր գաղտնի բերել էին Նժդեհի աճիւնը, դիմում են նոյնիսկ Վեհափառին՝ Վազգէն Ա-ին՝ Սօս Սարգսեանի միջնորդութեամբ՝ խնդրելով թաղել Նժդեհի աճիւնն Էջմիածնում՝ Խենթի գերեզմանի կողքին, սակայն Վեհափառն ասում է, որ այդտեղ ուխտատեղի կը դառնայ՝ իր ուշադրութիւնը գրաւելով ազգային անվտանգութեան աշխատակիցներին…

1940 թ. մեծ զօրավարը կտակ է գրել իր որդուն, սակայն այն ուղղւած է ողջ հայութեանը, որը մէջբերում ենք հատւածաբար.

«Զաւա՛կս…

Աժան ձեռք չէ բերւում առիւծի մորթին:

Այդ այսպէս լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու:

….Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկիւղ ասպետին, երկչոտը՝ մութ անկիւնից քար նետել հերոսին:

Նախանձը – մասնաւորապէս հայկականը – ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թոյլատրելի համարում թշնամանքի բոլոր զէնքերը:

Նա, որին դեռ երէկ էր, ինչ խլեցիր առիւծի բերնից, փրկեցիր ստոյգ մահից, վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:

Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիւ է համարում, վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դէմ:

Նա, որ երէկ խորապէս կը ցաւէր, թէ հայոց դաշտերում չի աճում այն ազնիւ դափնեվարդը, որ արժանի լինէր յաղթական ճակատդ զարդարել, վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:

….Արին սիրում է արիութիւնը անգա՛մ իր հակառակորդների մէջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնւազը՝ անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մէջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո յաջողութիւնների առթիւ: Անհայրենասէրն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մէջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն – եւ հէնց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը: Ահա՛ թէ ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը:

Սինլքորներ կան, որոնց եթէ ապտակեցիր, իրենց ստացած հարւածը կընդունին ուղղւած իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դէմ: Թքեցի՞ր – թքւած կը հռչակեն իրենց տէրերը, եւ նրանց կռնատակից կը նետեն քեզ:

Մի աստւածութիւն ունին – օրւայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալեզը, շնիկը լինելու մէջ է իրենց երջանկութիւնը: Եւ միշտ էլ ունին – մի ձեռքում խունկ, միւսի մէջ՝ ցեխ: Վա՜յ քեզ, եթէ կայսերաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա՜յ, եթէ չգնահատեցիր սրանց սողունութիւնը: Եւ հազար վա՜յ, եթէ ժպտալու փոխարէն «անհեռատեսութիւն» ունեցար բերան արիւնելու չափ զօրաւոր կերպով քաշելու սրանց սանձը:

….Հայաստանից դուրս իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զաւա՛կս, տարբեր ճամբայ պիտի չունենաս նաեւ դու: Եւ եթէ քեզ յաջողւեց ոտքերիդ արիւնով յագեցնել տատասկները, եւ քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնէ սանդուխների՝ վատերը պիտի կուրանան, որպէսզի չտեսնեն մեծութիւնը կատարածդ գործի:

Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացող նախանձոտ տգիտութեան ու չարութեան վրայ – թքել ու անցնել: Քեզ, սակայն, պիտի չյանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր աւելի՛ զօրաւոր լինել, քան եղաւ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատութիւնների վրայ ու անցնել անցասում:

Օ՜հ, ուր էր թէ գէթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կեանքի անեծքից, եւ արդար փառքը – առիւծի մորթին – դու փնտրէիր հայրենի ազատ եւ անկախ աշխարհում՝ միշտ գիտակցելով, որ հազարիցս լաւ է պատմական մի գործ կատարել, թէկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարութիւնից զերծ մնալու գնով՝ դուրս մնալ պատմութիւնից»:

Related Articles

Back to top button