Տխուր պահ էր, բայց երկրի առաջնորդն օգտւեց պահից եւ Փաշինեանին զգուշացրեց
Իրանի Գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւններում հակառակորդներ կան՝ հաղորդում է IRNA-ն։
«Կարեւոր է հասկանալ, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացումը հակառակորդներ ունի։ Ուստի այդ ոլորտում որոշ հարցեր պէտք է զգուշութեամբ լուծել»,- նշել է նա: «Հրապարակ»-ը զրուցել է Թեհրանում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի հետ։
– Մեր կառավարութեան կայքում Փաշինեան-Ալի Խամենէի հանդիպման մասին հաղորդագրութիւնում այս հատւածը ներառւած չէր։ Իսկապէ՞ս ամէն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել այդ հանդիպման ժամանակ։
– Նախ, եթէ նայենք` այաթօլլա Խամենէին, բոլոր ուժերին, որ գալիս էին, օրինակ, Իրաքի վարչապետին հանդիպելուց համբուրեց նրան, բայց Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ միայն ձեռքը տւեց։ Հակառակ դրան, որ շատ յուզիչ ու տխուր պահ էր, բայց երկրի առաջնորդը փորձեց նորից յիշեցնել, որ իրենք թոյլ չեն տայ՝ օտար ուժերը խառնւեն տարածաշրջանի հարցերին։ Իրանի առաջնորդը փորձեց դա Նիկոլին հասկացնել, չնայած որ Նիկոլը ցաւակցութեան համար էր այնտեղ գնացել, բայց այդ պահից օգտւեց եւ նորից զգուշացրեց։
– Ի՞նչ են գրում իրանական տելեգրամեան ալիքները հանդիպման մասին։
– Տելեգրամեան ալիքները նոյն բանն են գրում` նշւում է, որ նորմալ հանդիպում է եղել, բայց շեշտում են, որ Իրանի հոգեւոր առաջնորդն այդ պահն օգտագործել է իր խօսքն ասելու համար։
– Նմանատիպ յայտարարութիւններ, որ արտատարածաշրջանային կողմերը փորձում են խաթարել Իրան-Հայաստան յարաբերութիւնները, նախկինում եւս արւել են։ Այս պարագայում յայտարարութիւնն ինչո՞վ էր առանձնայատուկ։
– Նրբութիւնն այն է, որ չնայած առիթը ցաւակցութիւնն էր` այցելութեան, հոգեւոր առաջնորդը փորձեց եւս մէկ անգամ շեշտել Իրանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Այդպիսով նա հասկացնել տւեց, որ նախագահի մահը բացարձակապէս ոչ մի կերպ չի ազդում Իրանի՝ Հայաստանի մասով ունեցած դիրքորոշումների վրայ եւ ոչ մի քայլ հետ չի լինելու։ Նա շեշտեց, որ հանգուցեալ նախագահ Ռէյիսին իր ողջ կառավարման ընթացքում յստակ ուշադրութիւն է դարձրել Հայաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։ Աւելին, նա յաւելել է, որ Ռէյիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նոյն գործը շարունակելու է։ Այսինքն՝ Իրանը նորից շեշտեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն Իրանի ուշադրութեան կենտրոնում է։
– Իսկ վթարից յետոյ իրանական հասարակութեան շրջանում շրջանառւո՞ւմ է աւիավթարի մեղաւորի անուն, օրինակ, Ադրբեջանի կամ այլ:
– Ոչ պաշտօնական ալիքները, այո, ասում են, որ պէտք է քննւի այս գործը, որովհետեւ վարկած են առաջ քաշում, որ Իսրայէլի մատը կարող է խառը լինել այս ողբերգական վթարում, բայց պաշտօնական լրատւամիջոցները դեռ գրում են, որ փորձաքննութիւն է գնում, ու դեռ վաղ է եզրակացութիւններ անելը։
– Շատերն ասում էին, որ այս միջադէպը պատճառ կը դառնայ, որ Իրանում տարբեր այլախոհ ուժեր սկսեն անկարգութիւններ հրահրել Իրանում եւ ապակայունացնել իրավիճակը։
– Այդ խօսքն Իրանի թշնամիներն են տարածում, բայց մենք տեսանք, որ արդէն 4-5 օր է դէպքից անցել, եւ կեանքը խաղաղ ընթանում է, ոչ մի խնդիր չի առաջացել։ Իրանում քաղաքական համակարգի դրւածքն այդպիսին չէ, որ մէկ կամ երկու անձից կախւած լինի, եւ արդէն հինգ օր փաստել է, որ այս խօսքերը սուտ են եւ թշնամիների տարածած խօսքերն են։