Գառնիկ Դանիէլեան. «Սահմանադրութիւնը համապատասխանեցնում են Ալիեւի պահանջներին»

«ԱԼԻՔ» – «Սահմանադրութիւնը համապատասխանեցնում են Ալիեւի պահանջներին, որ Ալիեւի սրտին մօտ սահմանադրութիւն լինի, այնպիսի սահմանադրութիւն, որն Ալիեւի քիմքին հաճելի կը լինի: Այս մասին երէկ՝ յուլիսի 5-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հաւաքի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
Գառնիկ Դանիէլեանը յիշեցրել է, որ Ադրբեջանը նոր չէ, որ ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու պահանջներ է հնչեցնում։
«Որքան ժամանակ է՝ բարձրաձայնում ենք՝ Ալիեւը հերթական պահանջն է ներկայացնելու, խաղաղութիւն չի լինելու։ Ասաց՝ Սահմանադրութիւնը փոխիր, Փաշինեանն էլ աչքալուսանք է անում, Սահմանադրութեան օրւայ առիթով հայ ժողովրդին շնորհաւորում է՝ աչքներդ լոյս, Ալիեւն ասել է՝ պիտի սահմանադրութիւնը փոխէք, փոխում ենք»,- ասել է նա:
Պատգամաւորը նաեւ անդրադարձել է ՔՊ-ական պատգանաւորների Կիրանց այցին` ասելով, որ գաղտագողի են այցելել` բնակիչներին այդպէս էլ չհանդիպելով:
«Գաղտագողի գնացել, ծառի տակ նկարւել են, մարդիկ հազար հարց ունեն»,- նշել է Դանիէլեանը: