Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանութեան հարցում ՀՀ իշխանութիւնը մնայ թուրքական քարոզչական ծիրում»

«ԱԼԻՔ» – Թուրքագետ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 2021 թւականից ի վեր Թուրքիան խստօրէն պահանջել է, որ Հայոց Ցեղասպանութեան հարցում ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։

«2021 թ. ի վեր այս տարի առաւել քան երբեւ Թուրքիան խստօրէն պահանջել է, որ Հայոց Ցեղասպանութեան հարցում ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։

Ընդորում խօսքը ոչ միայն ցեղասպանութեան միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլեւ նոյնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, եւ առաւելագոյնը պարզապէս որպէս մշակութային իրադարձութիւն յիշատակելը։ Այս իմաստով բնաւ զարմանալու չեն այն տեղեկութիւնները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հիւպատոսութիւններին Երեւանից կոչ են արել, որ վերջիններս այնպէս անեն, որ սփիւռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չյիշատակւի։

Առաջիկայ 2-3 օրերին հաւանաբար կը լսենք թուրքական քարոզչութեան այլ նմուշներ՝ արտայայտւած իբր հայ ժողովրդի անունից։

Հայոց Ցեղասպանութեան յիշատակը միայն պատմութիւն չէ։ Այն յստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգութեան մի մասն է։ Ոչ թէ ցեղասպանութիւնը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգութիւնը (ինչպէս հիմա քարոզում են դէ-ֆակտօ իշխանութիւնները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց Ցեղասպանութեան հին ու նոր դրւագների իմացութիւնը, դրանց վերաբերեալ յիշողութեան հարցում հաստատակամութիւնը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթէ մոռանում ես, որ քո հանդէպ յանցագործութիւն է կատարւել, յաւելեալ կանաչ լոյս ես վառում, որ էլի կատարւի նման բան։

Ուստի թէ՛ այս շաբաթ եւ թէ՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետութիւնը, կարեւոր է այս հարցում բոլորիս հետեւողականութիւնը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։

 

Այդ առումով ես աւանդոյթի համաձայն նաեւ մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող էք միանալ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button