Վարդան Ոսկանեան. «Բայց աննախադէպ «ինքնիշխան» ենք, խօսք չկայ»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը եւս սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի յայտարարութեանը:
«Բայց աննախադէպ «ինքնիշխան» ենք, խօսք չկայ. մէկը Հայաստանը պաշտօնապէս անւանում է ինչ-որ «Արեւմտեան Ադրբեջան» եւ բռնազաւթման մէջ պահում մեր տարածքի մի մասը, միւսը՝ ռեժիմով բարբաջում «Զանգեզուրեան միջանցք» կոչեցեալի մասին, երրորդը՝ յայտարարում Հայաստանի տարածքի մի մասի վարձակալութեան պատրաստակամութեան մասին:
Իսկ Հայաստանից միայն հերքում են եւ շնորհակալութիւն յայտնում ամէն Բուրկինա Ֆասոյի՝ մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու համար։
Յիշողութիւնը կարճ բան է, քանզի բոլորը մոռացել են, որ ընդամէնը 5 տարի առաջ Բաքւի բարբարոսական վարչախումբն էր վայնասուն ու կական բարձրացնում «20 տոկոսի», իբր, բռնազաւթման մասին եւ ուրախանում հերթական Կոտ դ’Իւուարի կողմից իր տարածքային ամբողջականութեան ճանաչման փաստից»,- գրել է նա: