Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման հիմնարար սկզբունքները»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքի իրացման եւ վերադարձի անհրաժեշտութեան մասին Կանադայի ԱԳ նախարարի կատարած յայտարարութեանը:

«Կանադայի արտգործնախարար տկն․ Մելանի Ջոլին յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողութեան առաջին տարելիցի կապակցութեամբ։ Յայտարարութեան մէջ նա յիշեցնում է, որ «չարդարացւած ռազմական գործողութիւնը հետեւել է ինը ամիս տեւած շրջափակմանը խախտելով արդարադատութեան միջազգային դատարանի միջանկեալ միջոցները»։ Նա նաեւ խօսել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին, կոչ է արել ազատ արձակել Բաքւում պահւող հայ գերիներին, ինչպէս նաեւ կարեւորել տարածաշրջանում արդար խաղաղութեան հաստատումը։

Բայց ամենակարեւորը՝ տիկին Ջոլին անդրադարձել է Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորմանը։ Կրկնում եմ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆԸ, այլ ոչ թէ մարդասիրական խնդիրներին։ Ուշադիր կարդացէք Կանադայի արտգործնախարարի յայտարարութեան վերջին պարբերութիւնը․ «Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում»: Սրանք հիմնարար (կամ «մադրիդեան») սկզբունքներն են։ Այն սկզբունքները, որոնց մասին Փաշինեանն ու իր ամբողջ կառավարութիւնը վախենում է խօսել (յիշենք Արարատ Միրզոյեանի սեպտեմբերի 19-ի անատամ ու վախւորած յայտարարութիւնը եւ Նիկոլ Փաշինեանի քար լռութիւնը)։ Հիմա հասկանո՞ւմ էք, թէ ինչու է Ալիեւը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումը եւ ինչու է Փաշինեանն այդ պահանջին միանալու համար հող նախապատրաստում…

Շնորհակալութիւն յայտնելով Կանադայի արտգործնախարարութեանը, միեւնոյն ժամանակ սիրտս ճմլւում է․ Հայաստանի կառավարութիւնը լռում է, աշխարհի միւս ծայրից են պահանջել վերադառնալ Արցախեան հակամարտութեան ՔԱՂԱՔԱԿԱՆ կարգաւորմանը։ Ախր չի կարո՛ղ այդպէս լինել։ Մեր բարեկամների աջակցութեամբ Հայաստանը պէտք է այդ հարցը միջազգային օրակարգերում պահենք, այլ ոչ թէ գառների պէս լռի։

Ի դէպ, եթէ շնորհակալութիւն յայտնելու լինեք Կանադայի արտգործնախարարին, չմոռանաք նաեւ շնորհակալութիւն յայտնել Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button