ՄիջազգայինՔաղաքական

Մովահեդեան. «Իսրայէլը նոյնիսկ այսօրւայ պայմաններում շարունակում է սպառազինել Բաքւին»

«ԱԼԻՔ» – Պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան թէժ օրերին, ինչը ԶԼՄ-ների եւ առհասարակ լրահոսի հիմնական բաժինն իրենով է արել, սոցիալական ցանցերում իրանցի վերլուծաբանների ուշադրութիւնից չի վրիպել այն փաստը, որ Իսրայէլը նոյնիսկ այս պայմաններում շարունակում է սպառազինել Բաքւին:

Այս կապակցութեամբ Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամեան ալիքում գրառում տեղադրելով անդրադարձել է երկու տարբեր, բայց նոյնը ակնարկող լուրերին: Դրանցից առաջինը Բաքւից՝ Թել Աւիւ եւ հակառակ ուղղութեամբ առնւազն երկու ռազմական բեռնատար ինքնաթիռի չւերթի մասին տւեալներն են։ Իսկ երկրորդը՝ «Politico» լրատւականի հրապարակումն էր այն մասին, որ Էնթոնի Բլինկէնը նախազգուշացրել է մօտ օրերին Հայաստանի դէմ՝ Բաքւի հնարաւոր յարձակման մասին:

Մովահեդեանը նշել է, որ Բաքւի աջակցութիւնը սիոնիստական ​​ռեժիմին պաշտօնական յայտարարութիւնների սահմանից անցել է  գործնական գործողութիւնների: Տեխնիկայի եւ  զինամթերքի առումով յարաբերութիւնները կարծես  շարունակում են ջերմ պահել հակաիրանական այս մթնոլորտը: Փորձագէտը ակնարկելով Իրանի ԱԳՆ-ի զարմացնող լռութեան մասին, յաւելել է. «Մեր պաշտօնեաներն ու փորձագէտներն այս մասին էլի՞ են շարունակելու լռել»:

Մովահեդեանը նշել է նաեւ «Politico» կայքով հրապարակւած տեղեկատւութեան մասին, ինչը մինչեւ այս պահը չի արժանացել ամերիկեան կողմի հերքմանը: Նա նշել է, որ աղբիւրի համաձայն՝  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը նախազգուշացրել է մի խումբ կոնգրեսականների, որ առաջիկայ շաբաթներին Բաքւի կողմից Հայաստանի հարաւային շրջանների վրայ  յարձակման վտանգ կայ։

Նշենք, որ «Politico»-ն, վկայակոչելով իրազեկ աղբիւրները, գրել է, որ Բլինկէնը հոկտեմբերի 3-ին Կոնգրեսի մի շարք դեմոկրատ անդամների հետ հեռակապի ընթացքում զգուշացրել է, որ իր ապարատը ուշադիր կերպով հետեւում է Բաքւի քայլերին՝ մօտալուտ յարձակման վտանգները հաշւի առնելով:

Նոյն կապակցութեամբ Միացեալ Նահանգների պետքարտուղարութիւնը հերքել է «Politico» պարբերականի հրապարակումն այն մասին, թէ պետքարտուղարն ԱՄՆ օրէնսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկայ շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմէնպրես»-ին տւած մեկնաբանութեան մէջ պետքարտուղարութեան խօսնակ Մեթիւ Միլլէրն է  յայտնել հերքման մասին լուրը:

Այստեղ կարելի է նշել որդեգրած՝ «Յայտարարութիւն անել, ապա անմիջապէս հերքել այն» ռազմավարութեան մասին, որով  հանրութեան կարծիքի ձեւաւորման նոր էջ է թերթւում, յատկապէս՝ պատերազմական ժամանակաշրջանում, որտեղ ամէն մի տեղեկատւական արժէք ունեցող դետալ, կարող է ընթացք թելադրել: Յիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ էր, երբ Բայդէնը լրագրողներին յայտնել էր իր տեսած իսրայէլցի գլխատւած երեխաների լուսանկարների մասին, ինչն անմիջապէս հերքւեց Սպիտակ տան պաշտօնական յայտարարութիւնների հարթակում:

Այնուամենայնիւ, «Politico»-ի համաձայն՝ քննարկման ժամանակ ամերիկացի օրէնսդիրները Բլինկէնին են հարցրել նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան նկատմամբ Վաշինգտոնի պատժիչ միջոցների մասին՝ Արցախի դէմ յարձակում կազմակերպելու համար։

Իսկ ԱՄՆ դիւանագիտական ​​ծառայութեան ղեկավարը պատասխանել է, որ իր նախարարութիւնը ուղիներ է փնտրում Ադրբեջանի Հանրապետութեանը հաշւետու դարձնելու համար, եւ այլեւս մտադիր չէ երկարաձգել Բաքւին ռազմական օգնութիւն ցուցաբերելու մասին որոշումը։

Ըստ «Politico»-ի՝ 2002 թւականից ԱՄՆ-ը շրջանցում է «Ազատութեան պաշտպանութիւն» օրէնքի կէտերից մէկը, որն արգելում է Հայաստանի հետ տարածքային վէճերի պատճառով Ադրբեջանի Հանրապետութեանը ռազմական օգնութիւն տրամադրել: Բաքւին օրէնքից բացառելու ժամկէտը լրացել է այս տարւայ յունիսին, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացատրել բացառութեան երկարաձգման համար չդիմելու պատճառը։

Related Articles

Back to top button