Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը
Չնայած նրան, որ ՀՀ իշխանութիւններն անընդհատ խօսում են խաղաղութեան օրակարգի մասին, այնուամենայնիւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը, այն է՝ Հայկական պետականութեան վերացումը: Սա Թուրքիայի վաղեմի ծրագիրն է, որը միջին դարերից սկսած փորձում է իրականութիւն դարձնել ոչ միայն Արեւմտեան Հայաստանի, այլ նաեւ Արեւելեան Հայաստանի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները, նաեւ ՀՀ իշխանութիւնների ներկայ վարքագիծը նրանց մղում է աւելի գործնական քայլերով դա իրականութիւն դարձնել:
«Ապառաժ»-ի հետ զրոյցում այս մասին նշել է Արցախի խորհրդարանի պատգամաւոր, պատմաբան Վահրամ Բալայեանը:
Վերջին օրերին ՀՀ իշխանութիւնների կողմից շատ է խօսւում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իբր 13 եւ ապա ՀՀ ԱԺ նախագահի խօսքով 16 կէտերի շուրջ համաձայնութեան են եկել եւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մօտ են Խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը: Սակայն Ադրբեջանի նախագահի մօտ այդ պատրաստակամութիւնը չի նկատւում, այն չերեւաց ոչ Ռուսաստանում՝ վերջերս կայացած հանդիպմանը, ոչ նրա հետագայ յայտարարութիւններում ու քայլերում:
Ադրբեջանն ամենօրեայ ռեժիմով բանակը զինում եւ ապա Հայաստանին մեղադրում՝ իբր ապագայ սադրանքների համար: Այս իրավիճակում ի՞նչ սպասել.
«Իհարկէ, Ադրբեջանի պահանջներն անսահման են եւ նրանք նոր զիջում ստանալուց յետոյ նոր պահանջներ են ներկայացնում: Նաեւ տարբեր ճնշումներ են գործադրում, որ ՀՀ իշխանութիւնները պէտք է ներողութիւն խնդրեն այն ամէնի համար, որ իբր կատարւել է Ադրբեջանի նկատմամբ, կամ Արցախի ռազմակական եւ քաղաքական ղեկավարութեանը Բաքւում պահելու ժամկէտներն են երկարացնում, նաեւ լուրջ մեղադրանքներ առաջադրում, այսպէս փորձում են Հայաստանի վրայ ճնշումները մեծացնել եւ նրանց նպատակն է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- նշել է Վահրամ Բալայեանը, յաւելել, որ Ադրբեջանը որպէս պետութիւն ձեւաւորւել է 20-րդ դարի սկզբներին՝ 1918 թ.-ին, Թուրքիայի անմիջական ծրագրով եւ նախաձեռնութեամբ եւ այժմ խօսել պատմական Հայաստանի տարածքների մասին՝ անհեթեթութիւն է: Խաղաղութեան օրակարգը խաբկանք է, Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները ներկայացնել մինչեւ չհանդիպի լուրջ դիմադրութեան: