Վահէ Դաւթեան. «Մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներ են պէտք, որքան իդէոկրատներ»
«ԱԼԻՔ» – Ներկայ հանգրւանում Հայաստանին ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներ են պէտք, որքան իդէոկրատներ: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը՝ անդրադառնալով մայիսի 12-ի հանրահաւաքում Բագրատ Սրբազանի առաջ քաշած հայեցակարգային դրոյթներին:
«Բագրատ Սրբազանը փաստացի խօսում է թէոկրատիայի հեռանկարի մասին:
Դրա մասին են վկայում նրա կողմից հնչեցւած շուրջ երկու տասնեակ հայեցակարգային կէտերը: Բոլորի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը (տնտեսութիւնից ու արտաքին յարաբերութիւններից մինչեւ ընտանիքի ինստիտուտի սահմանում), որն, իր հերթին, խարսխւած է քրիստոնէական արժեհամակարգի վրայ:
Դրա մասին է վկայում նաեւ այն առանցքային յայտարարութիւնը, համաձայն որի վարչապետի թեկնածուն չպէտք է լինի որեւէ կուսակցութեան կամ քաղաքական շահ հետապնդող խմբի ներկայացուցիչ:
«Նախկին-ներկայ» անհեթեթ, բայց արմատացած դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, քաղաքագիտական իմաստով այդ յայտարարութիւնը Սրբազանի ելոյթի համատեքստում ուղղւած է քաղաքական համակարգի ապասեկուլեարիզացմանը, դրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացմանը:
Ակնյայտ է, որ ստեղծւած համազգային խորը ընկճախտից դուրս գալու համար մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներն են պէտք, որքան իդէոկրատներ: Իսկ ժամանակակից Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդէոկրատ մօտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է:
Սա, իհարկէ, ընդամէնը հիփոթեզ է, սակայն, ինչպէս Էյնշտէյնն էր ասում, խնդիրը լուծելու համար նախ պէտք դուրս գալ այդ խնդրի սահմաններից: Տւեալ դէպքում առանցքային խնդիրը կայանում է առկայ քաղաքական համակարգի ու արմատացած քաղաքական մշակոյթի մէջ: Հէնց դրանք է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը՝ առաջարկելով լիովին նոր քաղաքական մտածողութիւն ու, հնարաւոր է, կառավարման ձեւ»,- գրել է նա: