Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՄՏՔԻ, ՀՈԳՈՒ ԵՒ ՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Երեւանում տեղի է ունեցել «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման հերթական բազմահազարանոց հանրահաւաքը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 12-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրաւիրած համազգային հանրահաւաքը:

Մինչեւ հանրահաւաքի սկսելը երիտասարդները Մատենադարանի մօտից երթով միացել էին հրապարակում հաւաքւած բազմահազար քաղաքացիներին:

Հանրահաւաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տէրունական աղօթքով:

«Այսօր այս բեմի, այս յարթակի վրայ են մեր հանրութեան տարբեր շերտերի ներկայացուցիչեր, որոնք թէ՛ մտքի, թէ՛ հոգու, եւ թէ՛ ուժի կրողներն են»,- յայտարարեց Բագրատ Սրբազանը՝ յաւելելով. «Ուզում եմ մեր խոնարհումը յայտնել վիրաւորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալոյծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զօրակցութիւնը յայտնել բացարձակ անյայտութեան մէջ գտնւող մեր տղաների ծնողներին: Աղօթում եւ մաղթում ենք, որ նրանք գտնւեն եւ տուն վերադառնան: Նրանց թւում է նաեւ իմ հոգեզաւակը` Հայր Մկրտիչ աբեղայ Կարապետեանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարութիւն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»: Նա իր երախտիքի խօսքը յղեց պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին:

Ապա Բագրատ Սրբազանը բեմ հրաւիրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանին:

«Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է: Բոլորիս նպատակը մէկն է, ունենալ խաղաղ, արժանապատիւ եւ ճշմարիտ Հայաստան եւ մենք կունենանք այդ Հայաստանը: Բոլորին միաւորելու ենք մէկ նպատակի շուրջ հայրենիք ունենալու շուրջ, պատիւ ունենալու շուրջ»,-  իր ելոյթում յայտարարեց Դանիէլեանը:

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրւած լինել Արեւմտեան Ադրբեջան, թէ՞ Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը, արժանապատիւ խաղաղութիւնը»,- ասաց նա:

Դիւանգէտների Համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքեանը իր խօսքում նշեց, որ օրեր առաջ իրենց յանձնարարւել է պատրաստել հակիրճ փաստաթուղթ Հայաստանի սահմաններին կատարւող զարգացումների, խաղաղութեան, Հայաստանի մարտահրաւէրների վերաբերեալ։

Փաստաթղթում ներկայացւած են այն հետեւանքները, որոնք կարող է ունենալ Հայաստանը, եթէ կտրուկ չփոխւի իրավիճակը։

«Առաջին բաժինը՝ սահմանագծման ու սահմանազատման մասին է, երկրորդը՝ խաղաղութեան։ Տաւուշի մարզում սկսած գործընթացն առանց վերապահումների պէտք է որակել սահմանազատման ու սահմանագծման անօրինական գործընթաց, ուժի սպառնալիքի ներքոյ կամ կապիտուլեացիայի շարունակութիւն թւացեալ խաղաղութեան պայմաններում, դրա լաւագոյն ապացոյցը Ալիեւի յայտարարութիւնն է, որ առանց մէկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ, միաժամանակ անվտանգութեան որեւէ երաշխիք չկայ նոր պատերազմը կանխելու եւ հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախւած մնալ մեր ժողովրդի գլխին։ Այլեւս յստակ է, որ չկան իրական բանակցութիւններ, գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով»,- ասաց նա։

Դիւանագէտը շեշտեց՝ սահմանազատման համար բացառապէս Ալմա Աթայի հռչակագիրը որպէս հիմք ընդունելը հակաիրաւական է եւ քրէօրէն պատժելի։

Հանրահաւաքի ժամանակ մեծ էկրանի վրայ ցուցադրւեց մի տեսանիւթ՝ յիշեցնելով, թէ ինչ սուտ խոստումներ է տւել Նիկոլ Փաշինեանը ու չի կատարել:

Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ հանդիպել է անկախ պատգամաւոր Իշխան Զաքարեանի հետ, իր կարծիքն իմանալու համար, եւ վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին։

«Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցութիւնները յաղթահարել են առաջին փուլը, մնացել է չափազանց կարեւոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի եւ պակասող 18 պատգամաւորի աջակցութեան հարցը։ Առաջիկայ օրերին մենք միասին պէտք է լուծենք այս հարցերը»:

Ապա Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թէ ինչպիսին պէտք է լինի անցումային կառավարութիւնը. «Անցումային կառավարութիւնը պէտք է դառնայ հաշտութեան կառավարութիւն՝ ձեւաւորւելով բոլոր ունակ եւ ընդունակ բարձր մասնագիտութեան մարդկանցով, հնարաւորութիւն տալով անկախ կուսակցական եւ այլ պատկանելիութիւնից մարդկանց ներգրաւելու այդ հաշտութեան կառավարութեան մէջ»:

Նա նշեց, որ պէտք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնւած արդարութեան սկզբունքի վրայ։

Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պէտք է լինի կայուն եււ ապահով ոչ թէ սրա, նրա քմահաճոյքով պայմանաւորւած, հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանաւորւած։

Պէտք է երաշխաւորի ազատ եւ արդար ընտրութիւնները գալիք կառավարութեան, մնայուն կառավարութեան համար։

Մինչև նոր ընտրութիւնները չպէտք է լինեն որեւէ կերպով Սահմանադրութեան ամբողջական փոփոխութիւնների մասին խօսակցութիւններ։

Պէտք է յանձնառու լինել շարունակել խաղաղ բանակցութիւնները։

Պէտք է մերժել հականերով արտաքին քաղաքականութիւնը՝ հրաժարւելով գործիք դառնալ, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք յոյսը միայն բարեկամների վրայ դնելով, այլ ապաւինելով սեփական ժողովրդի ուժականութեանը եւ կամքին։

Չճանչելով որեւէ ուժով ձեւաւորւած որեւէ իրողութիւն, չլեգիտիմացնելով ուժի կիրառւած իրողութիւնները, բոլոր կարգաւորումները պէտք է տեղի ունենան բանակցութիւնների արդիւնքներով, միջազգային իրաւունքի, արդարութեան սկզբունքի հիման վրայ։

Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը՝ իր բոլոր ենթատեքստերով։

Մեր տարածաշրջանի եւ հարեւանների ստեղծած թշնամական իրադրութիւնը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ յատուկ պետութիւն, որից պէտք է բխեն բոլոր հայեցակարգային դրոյթները տարածւած ողջ համակարգերի վրայ։

Կառավարման համակարգ պէտք է վերադառնան բոլոր փորձառու մասնագէտները՝ դիւանագէտներ, զինւորականներ, պետական ծառայութեան մէջ գտնւող բոլոր անձինք, ովքեր ինքնկամ հեռացել են կամ անադարացիօրէն հեռացւել են նոյնիսկ մէկ «լայք» դնելու պատճառով։

Պէտք է նոր հայեցակարգ մշակել Սփիւռքի հետ յարաբերութեան համար։

Հայաստանը պէտք է մուտք գործի յետպատերազմեան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ: Սկսած չաղտոտելուց մեր հայրենիքը, մինչեւ ամենաքաղաքական, ռազմական հարցերի արծարծումը:

Պէտք է կասեցւի մի շարք վիճայարոյց, անհեթեթ ծրագրերի իրականացումը՝ Ակադեմիական քաղաք կոչւած, հայոց լեզուն գիտութեան ոլորտից դուրս մղելու կառավարութեան որոշումը, տրանսպորտի թանկացում…

Պէտք է բանտերից ազատ արձակւեն բոլոր քաղաքական հայեացքներով բանտարկեալները, ինչպէս նաեւ ամբողջ ջանքը ներդրւի վերադարձնելու Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանն ու բոլոր գերեվարւած տղաներին։

Զարգացնել եւ մշակել նոր ռազմական դոկտրին։

Հանրահաւաքի վերջում Բագրատ Սրբազանը երիտասադրներին կոչ արեց մայիսի 13-ի առաւօտեան ժամը 8:00-ից անել տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնութիւն յայտնելով ստին եւ չարիքին: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամէն օրւայ աւարտին կը հանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելու օրը եւ յայտարարելու յաջորդ օրւայ անելիքների մասին:

Սրբազանը նշեց, որ մայիսի 13-ի առաւօտեան ինքն այցելելու է ստեղծագործական միութիւններ՝ Գրողների միութիւն, Նկարիչների միութիւն, Գիտութիւնների ազգային ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ եւ այլ հաստատութիւններ։

Related Articles

Back to top button