Վասիլի Կոլտաշով. «Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի համար «մեղրաբլիթները» վերջացել են»

«ԱԼԻՔ» – Ռուսական «Նոր հասարակութիւն» ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է, թէ ինչպէս կը զարգանան Ռուսաստանի յարաբերութիւններն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։
Փորձագէտի խօսքով՝ ամերիկացիները ներկայումս Հայաստանից եւ Ադրբեջանից կոալիցիա են ձեւաւորում Թուրքիայի մեղմ վերահսկողութեան ներքոյ։
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները ոչ մի կերպ չեն ազդի Հարաւային Կովկասի վրայ, բացի այն, որ Մոսկւան շատ աւելի սթափ է սկսում նայել այնտեղ տեղի ունեցողին եւ այն ամենին, ինչ անում են ամերիկացիներն այնտեղ։ Ամերիկացիներն, ամենայն հաւանականութեամբ, հիմա կոալիցիա են կազմում Հայաստանից եւ Ադրբեջանից՝ Թուրքիայի մեղմ վերահսկողութեան ներքոյ։ Եւ այս կոալիցիան արդէն պէտք է օգնի Ադրբեջանին պատերազմ սկսել Ռուսաստանի դէմ։ Սա այն է, ինչ երեւում է հեռանկարում։ Ուստի ռուսական աւիացիան այդքան անխնայ ոչնչացնում է ադրբեջանական նաւթաւերամշակման ձեռնարկութիւնները, պահեստները եւ այլ օբիեկտները նախկին խորհրդային Ուկրաինայի տարածքում։ Այդ պատճառով ձերբակալւեցին ադրբեջանական էթնիկ լաբբիստական կառոյցների որոշ հակառուսական գործիչներ եւ նրանցից մի քանիսն արտաքսւեցին։
Այս ամէնն այն բանի հետեւանքն է, թէ ինչ է կատարւում Հարաւային Կովկասի տարածաշրջանում։ Եւ պարզ է դառնում, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանի զինւորականները կը հեռացւեն Հայաստանից։ Հասկանալի է նաեւ, որ յարաբերութիւնները Հայաստանի ներկայիս ղեկավարութեան հետ կտրուկ կը վատթարանան, իսկ Ադրբեջանի հետ յարաբերութիւններն էլ աւելի կը վատթարանան, առեւտուրը կը դադարի։ Մենք մտնում ենք շատ դժւար ժամանակաշրջան»,- ասել է Կոլտաշովը։
Քաղաքագէտի կարծիքով՝ Ռուսաստանը քաղաքականապէս կորցրել է Հարաւային Կովկասը։
«Մենք դուրս ենք գալիս իրադարձութիւնների զարգացման նոր յետագիծ։ Ճիշտ են այն քաղաքագէտները, որոնք ասում են, որ Ռուսաստանը քաղաքականապէս կորցրել է Հարաւային Կովկասը։ Այո, դա ճիշտ է, ազդեցութիւնը կորցրել է: «Մեղրաբլիթը» չի ազդել: Իհարկէ, լիբերալ տնտեսագէտները կարծում են, թէ Ռուսաստանի շուկայ մուտք գործելն ընդամէնը շուկայական տնտեսութեան հետեւանք է, բայց նման բան չկայ։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար ռուսական շուկան այլեւս այդքան հեշտութեամբ հասանելի, այդքան հեշտութեամբ սնուցող չի լինի, այսինքն՝ «բլիթները» վերջացան։
Բայց խնդիրն այն է, որ «մտրակն» ամբողջութեամբ զբաղւած է Ուկրաինայում։ Եւ ամերիկացիներն իրենց տէր են զգում Հարաւային Կովկասում։ Կարծում եմ՝ մեզ սպասւում է Մոսկւայի եւ Երեւանի, Մոսկւայի եւ Բաքւի յարաբերութիւնների հետագայ վատթարացում Անդրկովկասի ընդհանուր գծով, եւ ի վերջոյ, հարցը կը հասցւի ուժային լուծման։ Թէ երբ դա կը լինի, ես չգիտեմ, բայց դա տեղի կունենայ: Եւ, իհարկէ, Բաքուն կը լինի կրակի գծում»,- եզրափակել է Կոլտաշովը: