ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտան է յղել Աննա Յակոբեանի՝ Կիեւին օգնութիւն փոխանցելու, Ալէն Սիմոնեանի յայտարարութիւնների, Բադալեանի եւ Գէորգեանի ձերբակալութիւնների հարցով
Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործերի նախարարութիւնը բողոքի նոտա է յղել Հայաստանին։ Այս մասին յայտարարութիւն է հրապարակւել ՌԴ ԱԳՆ-ի պաշտօնական կայքում։
«Վերջերս մենք արձանագրեցինք Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական շրջանակներում ու քաղաքական վերնախաւում Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) շրջանակներում ու Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակայարմարութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ Մոսկւայի, Երեւանի եւ Բաքւի միջեւ մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործելիութեան մասին 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ուղիների մասին որոշակի կասկածների ի յայտ գալը»,- ասւում է յայտարարութեան մէջ։
ՌԴ դիւանագիտական գերատեսչութիւնը նշել է, որ այս ֆոնին Հայաստանի ղեկավարութիւնը վերջին օրերին ձեռնարկել է «մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թւում՝ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վաւերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Յակոբեանի մարդասիրական օգնութիւն Կիեւի նացիստական ռեժիմին, եւ ԱՄՆ-ի մասնակցութեամբ հայկական տարածքում զօրավարժութիւնների անցկացում»։
Այս առնչութեամբ Մոսկւայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Յարութիւնեանը կանչւել է ՌԴ ԱԳՆ եւ նրան կոշտ յայտարարութիւն է արւել։
Բացի այդ, ուղարկւել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի «վիրաւորական յայտարարութիւնների անընդունելիութեան մասին»՝ ուղղւած ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային եւ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութեանն ընդհանուր առմամբ:
Առանձին մտահոգութիւններ են հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալեանի եւ «Sputnik Արմենիա» ռադիոկայանի սիւնակագիր Աշոտ Գէորգեանի ձերբակալութեան վերաբերեալ։
«Միեւնոյն ժամանակ, Մոսկւան համոզւած է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մնում են դաշնակիցներ, եւ գործընկերութեան զարգացման եւ ամրապնդման վերաբերեալ բոլոր պայմանաւորւածութիւնները լիովին կիրականացւեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խօսքը, ի թիւս այլնի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանն ու դրան յաջորդող, կազմակերպութեան դիտորդական առաքելութեան ուղարկմանը հանրապետութիւն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգաւորմանը նպաստելու նպատակով»,- նշւում է հաղորդագրութեան մէջ։
«Ռուսական կողմը կը շարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասւած է յայտարարութեան մէջ։