Հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիւ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ
ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ
Ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետին անվտանգութեան փորձագէտ
Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիւ զգացմունքային մեկնաբանութիւնների առիթ է ստեղծել, բերեմ որոշ պարզաբանումներ:
Նախ՝ ինքս որեւէ դավադրութիւն չեմ բացառում: Բայց մասնագիտական օբիեկտիւութիւնը ստիպում է փաստել, որ.
1. կայծակի հարւածի վերաբերեալ պաշտօնական վարկածը հեռու չէ իրականութիւնից: Միջազգային պրակտիկայում նման միջադէպերը բազմաթիւ են: Գրեթէ ամէն տարի կայծակի հարւածի պատճառով վթարային ռեժիմով կանգնեցւում են ատոմակայաններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարաւային Կորէայում եւ այլն: Միջինացւած պատկերը հետեւեալն է. կայծակը հարւածում է օդային գծին, միանում է պաշտպանութեան համակարգը, ինչի հետեւանքով անջատւում է գեներատորը: Որպէս կանոն, օբիեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր,
2. ԱԷԿ-ի կոնսերւացումը տեղի չի ունենում մէկ ակնթարթում: Դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Մօտաւոր հաշւարկներով՝ Հայկական ԱԷԿ-ի կոնսերւացումը կարող է արժենալ մինչեւ 400-450 մլն. ԱՄՆ դոլար, այն էլ առանց օգտագործւած միջուկային վառելիքի ուտիլիզացման:
Նկատենք, որ Գերմանիայում 17 ԱԷԿ-ի կոնսերւացումն ու ապամոնտաժումը գնահատւել է 18 մլրդ. եւրօ:
Իհարկէ, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիւ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պէտք է յստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագոյն տեխնոլոգիական օբիեկտ է, որի կոնսերւացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ:
«ԱԼԻՔ» – Նշենք, որ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատւել է էներգահամակարգից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածների նախարարի մամուլի խօսնակ Սոնա Յարութիւնեանը յայտնում է, որ կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարւածը, որի հետեւանքով կայանի անտանգութեան համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։