Հիմա ո՞վ է երկիրը դատարկում
ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Ոչ վաղ անցեալում Նիկոլ Փաշինեանը նախկին իշխանութիւններին մեղադրում էր Սիւնիքը դատարկելու մէջ։ Բայց, որ ինքը ոչ միայն Սիւնիքն է դատարկել, այլեւ Հայաստանի միւս սահմանամերձ մարզերն ու բնակավայրերը, այդ մասին չի խօսում։
Պաշտօնական տւեալներով՝ վերջին 6 տարում Հայաստանի սահմանամերձ երեք՝ Սիւնիքի, Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերի մշտական բնակչութիւնը կրճատւել է աւելի քան 41 հազարով։ Ընդորում՝ ամենաշատը հէնց Սիւնիքի բնակչութիւնն է կրճատւել։
2018 թ. յուլիսի 1-ի դրութեամբ Սիւնիքի մշտական բնակչութիւնը հասնում էր 138.3 հազարի։ Մինչդեռ՝ այս տարւայ յուլիսի 1-ի դրութեամբ կազմել է 117.2 հազար։ Փաշինեանի կառավարման այս 6 տարում կրճատւել է 21.1 հազարով։
Գեղարքունիքի մարզի բնակչութեան թիւը Փաշինեանի կառավարման այս 6 տարիների ընթացքում կրճատւել է 14,3 հազարով։ 2018 թ. 229,3 հազար էր, դարձել է 215 հազար։
Սիւնիքի ու Գեղարքունիքի համեմատ, Տաւուշում կրճատումն այդ նոյն ժամանակահատւածում համեմատաբար քիչ է եղել. միջինը տարեկան գրեթէ հազար մարդով մշտական բնակչութիւնը պակասել է՝ 123.2 հազարից իջել է 117.5 հազարի։ Բայց դա դեռ սկիզբն է։
Սահմանազատման անւան տակ Տաւուշի գիւղերն Ադրբեջանին յանձնելուց ու ադրբեջանցիներին տաւուշցիների քթի տակ նստեցնելուց յետոյ, ոչ մի կասկած չկայ, որ առաջիկայում այս մարզում տեղաշարժերը շատ աւելի ակտիւ են լինելու։ Ոչ մէկը չի կարող երաշխաւորել, թէ սահմանազատումից յետոյ, վաղը ինչ կարող է լինել։
Անվտանգութեան հետ կապւած մտահոգութիւններն այս միակողմանի սահմանազատումից ոչ միայն չեն փարատւել, այլեւ աւելացել են։ Ադրբեջանցի զինւորն այսօր կանգնած է Կիրանցի դպրոցի հէնց կողքին։
Փշալար անցկացնելը կամ պատ շարելն անվտանգութեան երաշխիք չէ։ Դրանով մարդիկ իրենց աւելի պաշտպանւած չեն կարող զգալ, ինչպէս նախկինում էին զգում, երբ Տաւուշի սահմաններն անհամեմատ ամուր էին, իսկ սահմանագիծը գտնւում էր բնակավայրերից կիլոմետրերով հեռու։
Անգամ այդ պայմաններում Տաւուշի մարզի մշտական բնակչութիւնը Նիկոլ Փաշինեանի իշխանութեան 6 տարիներին նւազել է 5.7 հազարով։ Երեք սահմանամերձ մարզերում՝ ընդհանուր առմամբ 41.1 հազարով։
Բայց դա ամբողջ պատկերը չէ։ Իրականում նւազումը շատ աւելի մեծ է։ Վերջին 1 տարում այդ մարզերի մշտական բնակչութեան թիւը որոշ չափով աւելացել է, բայց աւելացել է ոչ թէ բնական աճի, այլ Արցախից տեղահանւած մեր հայրենակիցների վերաբնակեցման հաշւին։
Եթէ նրանց հանենք, ապա սահմանամերձ այս երեք մարզերի մշտական բնակչութեան թւի նւազումը կարող է հասնել ընդհուպ 50 հազարի։
Մինչեւ 2023 թ. յուլիսի 1-ը, երբ դեռեւս տեղի չէր ունեցել արցախցիների էթնիկ զտումը, Սիւնիքի մարզի մշտական բնակչութիւնը, 2018 թ. յուլիսի 1-ից յետոյ, նւազել էր 23.3 հազարով, Գեղարքունիքինը՝ 19 հազարով, Տաւուշինը՝ 8 հազարով։ Արցախցի մեր հայրենակիցների վերաբնակեցման հաշւին վերջին մէկ տարում սահմանամերձ այս մարզերի մշտական բնակչութեան քանակը որոշ չափով աւելացել է, բայց շարունակել է 41.1 հազարով պակաս լինել, քան մինչեւ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալը։
Հիմա ո՞վ է դատարկում մեր երկիրը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, եթէ ոչ հէնց ինքը՝ Նիկոլ Փաշինեանը։
Քանդել են անվտանգային բոլոր համակարգերը, թուլացրել ու բարոյազրկել բանակը, երկրի սահմանները թողել անպաշտպան թշնամու առաջ։ Մարդիկ իրենց պաշտպանւած ու անվտանգ չեն զգում, տագնապած են։ Բնակավայրերը յայտնւել են թշնամու ուղիղ թիրախի տակ, ենթարկւում են գնդակոծութեան։
Պատճառներ շատ կան, բայց գլխաւոր պատճառը դա է, որ վերջին տարիներին տասնեակ-հազարաւոր մարդիկ լքել են սահմանամերձ բնակավայրերը։
Սահմանամերձ բնակավայրերը լքելու պատճառները նաեւ սոցիալական են ու տնտեսական։ Մարդիկ զրկւել են անասնապահութեամբ ու հողագործութեամբ իրենց հացը վաստակելու տարրական պայմաններից։ Թշնամուն բերել նստացրել են մեր բնակավայրերի գլխին ու տեղի բնակչութեանը զրկել սեփական հողերն ու արօտավայրերը տնօրինելու հնարաւորութիւնից։ Այլ ելք չունենալով՝ մարդիկ հեռանում են։
Շատերը նաեւ երկրից են հեռանում, արտագաղթի ծաւալներն օր-օրի մեծանում են։
Նիկոլ Փաշինեանի իշխանութեան առաջին 5 տարիներին Հայաստանի մշտական բնակչութիւնը նւազել է աւելի քան 24 հազարով. եթէ 2018 թ. յուլիսի 1-ին շուրջ 2 մլն. 969 հազար էր, 2023 թ. յուլիսի 1-ին եղել է 2 մլն. 945 հազար։
Սրանք պաշտօնական ցուցանիշեր են։ Բայց դա չի նշանակում, որ 5 տարում հէնց այդքան մարդ է լքել Հայաստանը։ Լքողները շատ աւելին են, քան մշտական բնակչութեան թւի նւազումն է։ Այս ցուցանիշերում ներառւած է նաեւ բնակչութեան բնական յաւելաճը։ Դրանով հանդերձ՝ անգամ 2018 թ. յաջորդած 5 տարիներին Հայաստանի մշտական բնակչութեան քանակը նւազել է։
Վերջին մէկ տարում արտաքուստ իրավիճակը փոխւել է. բնակչութեան քանակն առաջին հայեացքից 112 հազարով աւելացել է՝ 2 մլն. 945 հազարից դարձել է 3 մլն. 57 հազար։ Բայց դա տեղի է ունեցել Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների՝ Հայաստանում հաստատւելու հաշւին։
Ժամանակին, երբ Փաշինեանը եւ նրա վարչախումբը յայտարարում էին, թէ Հայաստանի բնակչութեան թիւը պէտք է աւելացնենք ու մինչեւ 2050 թ. հասցնենք 5 միլիոնի, հաւանաբար նաեւ Արցախի հայաթափումն ու Հայաստան բռնագաղթելը նկատի ունէին։
Միայն անցած տարւայ սեպտեմբերեան իրադարձութիւնների ժամանակ ադրբեջանական վայրագութիւնների հետեւանքով շուրջ 120 հազար արցախցի հարկադրւած տեղափոխւեց Հայաստան։ Գրեթէ 30 հազար էլ աւելի վաղ էր տեղափոխւել։
Արցախը դատարկելու հաշւին է, որ Հայաստանի բնակչութիւնը վերջին մէկ տարում աւելացել է։ Դա բնակչութեան բնական աճի, արտագաղթի ծաւալների կրճատման կամ ժամանակին խոստացած «մեծ հայրենադարձութեան» հետ կապ չունի։
Բնակչութեան բնական աճի պատկերն այս տարի նոյնիսկ վատացել է։
Եթէ անցած տարւայ առաջին կէսին բնակչութեան բնական յաւելաճը եղել էր աւելի քան 4.5 հազար, այս տարի նոյնիսկ 2.5 հազարի չի հասել։ Յաւելաճը կտրուկ նւազել է այն պատճառով, որ մի կողմից՝ ծնունդներն են կրճատւել, միւս կողմից՝ մահերն են աւելացել։
Արտագաղթը շարունակւում է։ Տարւայ առաջին կէսին գրեթէ 23 հազարով աւելի շատ Հայաստանի քաղաքացի է հեռացել երկրից, քան վերադարձել է։
Այս վարչախմբի յայտարարած «մեծ հայրենադարձութեան» մասին, բնականաբար, անիմաստ է խօսել, դա մեծ սուտ է, հերթական կեղծիքը, որն օգտագործում էին քարոզչական նպատակներով։ Այս իշխանութիւնների ներկայացուցիչները վաղուց են խոստովանել, որ Հայաստանի մշտական բնակչութիւնը պատրաստւում են աւելացնել այլազգիների հաշւին, ինչն արդէն անում են։
168.am