Հայաստան - Արցախ

Գոհար Գորգիսեան. «Համակերպւել՝ նշանակում է յանձնւել, մենք յանձնւող տեսակ չենք եւ չենք կարող լինել»

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման մարզային հանդիպումները շարունակւում են։ Այս անգամ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի առաջնորդութեամբ շարժման մասնակիցները գտնւում են Սիւնիքի մարզում սահմանամերձ դարձած գիւղերի, համայնքների բնակիչների հետ հանդիպելու, նրանց լսելու  եւ զրուցելու նպատակով։

«Յաղթանակն այլընտրանք չունի, ճշմարտութիւնը պէտք է յաղթի կեղծիքին». այս կարգախօսով է շարժումը մեկնարկել եւ ընթանում։ Ինչպէս Բագրատ Սրբազանն է յայտարարել, շարժումը չի մարելու, սակայն փոխելու է իր մարտավարութիւնը։

168.am-ի հետ զրոյցում ՀՀ ազգային հերոս, արցախեան շարժման առաջամարտիկ Մովսէս Գորգիսեանի դուստր Գոհար Գորգիսեանը շարժումը գնահատելիս ասաց,  որ շարժումը  մասնակիցների միջոցով է դառնում շարժում, հետեւաբար՝ կան հարցեր, որոնց հէնց  միայն մասնակիցները կարող են պատասխանել։ Բայց մեր զրուցակցի համար յստակ է իր անելիքը:

«Ինքս մէկ բան յստակ գիտեմ, որ ինձ համարում եմ ոչ թէ ՀՀ քաղաքացի, այլ ՀՀ տէր, որովհետեւ ես հայ եմ, իմ պապերից ժառանգել եմ հայրենիք եւ այդ հայրենիքը ժառանգելու եմ իմ թոռներին։ Կրկնում եմ՝ ես սովորական քաղաքացի չեմ, ես իմ հայրենիքի տէրն եմ։

Կարծում եմ՝ հայրենիքին տէր լինելու համար պարտադիր չէ, փողոցով տէր կանգնես։ Կարծում եմ՝ երբ իմ խօսքն ասելու ժամանակը գայ, կասեմ հարթակից, որը լսելի կը լինի բոլորին, կը լսեն այն բոլոր մարդիկ, որոնք իրապէս ուզում են ինչ-որ բան փոխել»,- նշեց Գոհար Գորգիսեանը։

Բայց մեր զրուցակիցը, որի համար հայրենիքն ամենաթանկն է այս կեանքում, իրեն ոչ միայն տէրը, այլ նաեւ ծառան է համարում այդ նւիրական հայրենիքի: Ու թէեւ որոշ մտավախութիւններին, այդուհանդերձ մի հարցում հաստատակամ է՝ հայը յանձնւող տեսակ չէ ու չի կարող լինել.

«Կարծում եմ՝ այս շարժմանը մաքուր հայեր մասնակցում են, բայց չեմ ուզում հայը կրկին խաբւի։

Ինքս իմ երեխաների հայրենիքը պահելու համար, վստահաբար, իմ խօսքն ու իմ քայլը կանեմ, որովհետեւ որեւէ բանի հետ համակերպւել՝ նշանակում է յանձնւել, մենք յանձնւող տեսակ չենք եւ չենք կարող լինել»,- եզրափակեց Գոհար Գորգիսեանը։

Related Articles

Back to top button