Հենրիկ Քոչինեան. «Սիւնիքում սահմանազատումն այս տրամաբանութեամբ շարունակելու դէպքում ինքնուրոյն ու անկախ Հայաստան այլեւս չենք ունենալու»
Յունիսի կէսերին Սիւնիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը չէր բացառել, որ Տաւուշից յետոյ սահմանագծման յաջորդ աշխատանքները կարող են տեղի ունենալ Սիւնիքի մարզում։
Այս ամէնին զուգահեռ՝ ակտիւացել են յայտարարութիւնները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու անհրաժեշտութեան մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջէյմզ Վորլիքը, օրինակ, լաւատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կը կարողանան հանգել խաղաղութեան համաձայնագրին։
«Թւում է՝ մօտենում ենք վերջնակէտին։ Կարելի է ասել նաեւ, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մօտեցել ենք վերջնագծին, բայց այդպէս էլ չի յաջողւել անցնել վերջնագիծը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է նախորդ շաբաթներին Տաւուշում տեղի ունեցած գործողութիւններին, դիւանագէտն ասել է.
«Սահմանագծումը, թւում էր, դիւրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդւելով խորհրդային քարտէզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու։ Միւս խնդիրն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութեան հարցն է։ Կարծում եմ՝ երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլեւ ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, եւ, անկեղծ ասած, Հայաստանն էլ պետք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը եւ տրանսպորտային ու առեւտրային նոր ճանապարհների (գործարկման) հնարաւորութիւն տալիս»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանն իր լիտւացի գործընկեր Գաբրիէլիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում օրեր առաջ յայտարարել էր, որ «Ադրբեջանին ուղարկել են շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ են առաջիկայ ամսւայ ընթացքում աւարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպէս նախկինում առաջարկել են: Ցաւօք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանգ չկայ: Աւելին, Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնւազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատման նպատակի առնչութեամբ անկեղծ լինելու հարցում»։
Ի՞նչ է սպասւում Սիւնիքին, եթէ այնտեղ էլ սամանագծում իրականացնեն այն նոյն տրամաբանութեամբ, ինչ տեղի ունեցաւ Տաւուշում։
168.am-ի հետ զրոյցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար (1990-1998 թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինեանը պատասխանելով այս հարցին, նախ ասաց, որ իր համար անհասկանալի է, թէ ինչ տրամաբանութեամբ նման գործողութիւններ իրականացրեցին Տաւուշում։
«Իհարկէ, կարող ենք ենթադրել, թէ ինչո՞ւ ՀՀ իշխանութիւնը գնաց նման քայլի, բայց թէ կոնկրետ իրենք ինչ են ուզում՝ ես չեմ կարող ասել։ Տաւուշում ընթացող գործընթացների հիմքն ու տրամբանութիւնն ինձ համար անհասկանալի են, ով անում է, նա պէտք է բոլոր հարցերին պատասխանի»,- նշեց Հենրիկ Քոչինեանը։
Ինչ վերաբերում է Սիւնիքում սպասւող սահմանագծմանը, մեր զրուցակիցն ասաց.
«Եթէ Սիւնիքում էլ այս տրամաբանութեամբ շարունակեն սահմանագծման գործընթացը, ապա, կարճ ժամանակ յետոյ, այլեւս չենք ունենալու ինքնուրոյն ու անկախ Հայաստան։
Կարծում եմ՝ այս տրամաբանութեամբ շարունակելու դէպքում նախկինում եղած ճանապարհները չենք ունենալու այլեւս»։