Հայ ԴատՀայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի արձագանգը. «Ընտրութիւններից քառասուն օր առաջ Քամալա Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին»

ՀՀ անկախութեան օրւայ առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղւած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է․ «Մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց Ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ՝ յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:

Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի յայտարարութեանը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Որպէս փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ունէր գործելու Արցախի վերադարձի իրաւունքի համար՝ ԱՄՆ առաջնորդութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խօսել (ամերիկահայերի, ոչ թէ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրութիւններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճւող» նահանգներում: Յատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ յարձակումը Արցախի վրայ, մատ անգամ չբարձրացրեց եւ նոյնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թւականին Ադրբեջանի ագրեսիայի դէմ։

Նոյնիսկ քարոզարշաւի հռետորաբանութեան մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական սպառազինութիւնն ու օժանդակութիւնը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքւին, իր յանցագործութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու վերաբերեալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները եւ այլն, չեն կարող դիրքաւորւել որպէս հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարւելով պատասխանատւութեան ենթարկել Ալիեւին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։

Շաբաթներ առաջ, Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործող նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմերին ուղղւած քննադատութեամբ։ Յանձնախումբը, հաշւի առնելով նախընտրական ժամանակահատւածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողութիւններ, որոնք էական նշանակութիւն կունենան հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից, մասնաւորապէս՝ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան օժանդակութեան անյապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի երաշխաւորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնութեան էական աճ եւ այլն։

Ամերիկայի Միացեալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկայ փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թւականի նախագահական ընտրութիւնների արդիւնքների վրայ, յատկապէս մի շարք առանցքային կարեւորութեան նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մօտ են իրար, մասնաւորապէս Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նեւադայում, Հիւսիսային Կարոլինայում, Փենսիլւանիայում եւ Վիսկոնսինում։ Այդ նահանգներում առկայ են հայահոծ խոշոր համայնքներ:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

25.09.2024թ.

Related Articles

Back to top button