Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնութեան պահպանութեան եւ օտարամոլութեան դէմ պայքարի գլխաւոր կենտրոններից էր. «Մեր պատմութիւնը» նախագիծ
Ծաղկաձորում գտնւող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինութեան գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանութեամբ ասած` Կեչառիսի վանքն ի սկզբանէ էլիտար նշանակութիւն է ունեցել թէ ձեւի, եւ թէ բովանդակութեան համատեքստում: 11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողութեանը մասնակցել է հայոց արքայ Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սեւանցին եւ ամբողջ հայկական իշխանական վերնախաւը: Վանքը նաեւ նշանաւորւում է նրանով, որ Կեչառիսի տարածքում են հանգչում յանուն Հայրենիքի նահատակւած այնպիսի զօրավարներ, ինչպիսիք են Գրիգոր Ապիրատեան իշխանը եւ Պռօշ Մեծ իշխանը: Կեչառիսի վանական համալիրում են գործունէութիւն ծաւալել Գրիգոր Մագիստրոս Պահլաւունին եւ Խաչատուր Կեչառեցին, որոնց գաղափարախօսական աշխատանքի շնորհիւ հնարաւոր դարձաւ պահպանել հայոց ազգային ինքնութիւնն ու գաղափարական հիմքեր ստեղծել պետականութեան վերականգնման համար:
Պատմական գիտութիւնների թեկնածու Միքայէլ Մալխասեանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարեան այն խոշոր ազգային-հոգեւոր կենտրոններից էր, որը նպատակադրւած պայքարում էր հայոց ինքնութեան պահպանման եւ օտարամոլութեան դէմ: Կեչառիսի վանական միաբանութեան յամառ պայքարի շնորհիւ էր նաեւ, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացաւ պահպանել դաւանաբանական ինքնուրոյնութիւնը, իսկ հայ ժողովուրդը` հոգեւոր սուվերենութիւնը: Կեչառիսի վանքը ուշագրաւ է նաեւ այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանւել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երեւոյթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարեան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրութեամբ: Կեչառիսի վանքը իւրայատուկ է եկեղեցու ճակատային հատւածում արւած որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Յակոբեանի՝ 11-րդ դարում Պահլաւունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիւ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թէ՛ հայերի, թէ՛ արտասահմանցիների համար: Ծաղկունեաց լեռների ստորոտին ծւարած այս բնակավայրն արդէն խորհրդային ժամանակներում վերածւել է հանգստի գօտու եւ նշանաւոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հաւաքականներ մարզումներ են անցկացնում:
Tert.am