Ինչի՞դ վրայ ես բերանդ բացել, ո՞ւմ գիրքն ես կրծքիդ սեղմել
ԱՐՄԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ պէտք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայէլը չկարողանայ «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։
«Ինչպէս մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նոյն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկայ չանելու։ Միայն պէտք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարաւոր ամէն ինչ անում ենք Իսրայէլի դէմ, դադարեցրել ենք նրա հետ առեւտուրը, խզել մեր յարաբերութիւնները»,- յայտարարել էր Էրդողանը, որը բազմաթիւ առիթներով խօսել է 44-օրեայ պատերազմում Թուրքիայի կարեւոր դերակատարման մասին:
Աւելին, պատերազմից առաջ ու դրանից յետոյ տարբեր փաստական ապացոյցներ են ներկայացւել Թուրքիայի ԶՈՒ-ի՝ Արցախի դէմ ադրբեջանական ագրեսիային մասնակցութեան վերաբերեալ։
«44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանցի ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցութիւնը»,- վերջերս կրկին յայտարարել էր Ադրբեջանի Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը։
Էրդողանը նաեւ բազմիցս փաստել է, որ Ադրբեջանը 44-օրեայ պատերազմում յաղթել է բացառապէս Թուրքիայի գործուն աջակցութեամբ:
«44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզօր աջակցութիւնը թոյլ տւեց ոչ միայն գրաւել Ադրբեջանի պատմական հողերը հայերից, այլեւ մեր երկրի խղճից ջնջւեց 1944 թւականի Բորալթանի ողբերգութեան ամօթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանութիւններին է յանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնք անմիջապէս սպանւել են»,-այս տարւայ յուլիսին ճեպազրոյցում յայտարարել էր Էրդողանը։
«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգութեան դառնութիւնը։ Ադրբեջանի աջակցութեան շնորհիւ վերջ դրւեց Ղարաբաղի 30-ամեայ գրաւմանը, եւ թուրք ժողովուրդն ազատւեց Բորալթանի ողբերգութեան բծից։ Մենք չենք կարող մեզ թոյլ տալ նման դէպքերի կրկնութիւն»,- ընդգծել էր նա:
Մօտ 3 տարի առաջ լոյս տեսած «Փոթորիկ Կովկասում» գրքի յօդւածագիրներից մէկը` թուրք քաղաքագէտ Քերիմ Հասնը, խօսելով 44-օրեայ պատերազմում եւ դրա՝ Ադրբեջանի օգտին ելքի հարցում Թուրքիայի դերակատարման մասին, նշել է, որ Թուրքիան ոչ միայն առաջատար եւ թելադրող ազդեցութիւն է ունեցել Ադրբեջանի զինւած ուժերի պատրաստութեան հարցում, այլեւ՝ ակտիւ մասնակցութիւն է ունեցել օպերացիաների ծրագրման գործում եւ ռազմական գործողութիւններում, թուրք հրամանատարներ եւ այլ ռազմական գործի մասնագէտներ են կառավարել պատերազմը:
44-օրեայ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ականների սիրելի Արծրուն Յովհաննիսեանը բրիֆինգների ժամանակ յայտարարում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկայ, այլ կայ Թուրքիայի Գլխաւոր շտաբի ղեկավարում:
Թուրքիայի ազգային հետախուզութիւնը կարեւոր դեր է ունեցել 44-օրեայ պատերազմում, եւ այդ փաստը պատերազմից յետոյ ընդունել են նաեւ Թուրքիայի իշխանութիւնները:
Ինչ է այս ամէնը նշանակում:
Սա առնւազն նշանակում է, որ 44-օրեայ պատերազմում 5000-ից աւելի զոհւած հայ տղաների, Արցախի յանձնման, հայաթափման գործում Էրդողանն ընդունել է իր անմիջական յանցակցութիւնը Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հետ:
Եւ ահա, այս ամէնից յետոյ Նիկոլ Փաշինեանը Էրդողանից հանդիպում է խնդրում եւ գնում Նիւ Եօրքում գտնւող «Թուրքական տանը» նրա հետ հանդիպելու:
Տեղի ունեցածին խղճուկ տեսարան ասելը քիչ է, յատկապէս, երբ Էրդողանը նոյնիսկ շէնքի մուտքի մօտ կամ գոնէ սենեակի դռների մօտ նրան չի դիմաւորում: Հարկ չի համարում նոյնիսկ մէկ քայլ առաջ անել` Փաշինեանին եւ նրա պատւիրակութեանը դիմաւորելու եւ սենեակ ուղեկցելու համար:
Բայց ամենաողբերգականը եւ ամօթալին հանդիպման աւարտից տարածւող լուսանկարն է` Փաշինեանը, բերանը 3×6 բացւածքով լայն ժպիտով, Էրդողանի հեղինակած «Աւելի արդար աշխարհ հնարաւոր է» գիրքը ձեռքին` սեղմած կրծքին:
Խայտառակւէք, որքան ուժ ունեք` մոռացութեան տալով 5000-ից աւելի զոհւած հայ տղաների արիւնը, յիշատակը, ձեր դաւադիր պայմանաւորւածութեամբ յանձնած Արցախը: