Թոմաս Բեքեր. «Մեր ժամանակների էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում»
«Սասրսափ պատկերներ տեսնելու համար պէտք չէ հեռուն նայել։ Մարդիկ փախչում են իրենց տներից։ Պատերազմ է։ Սնունդ ու դեղորայք չկայ։ Անմեղ մարդիկ են մահանում։ Ես խօսում եմ Մերձաւոր Արեւելքի՞ կամ գուցէ Սուդա՞նի մասին։ Ոչ։ Այս տառապանքի պատմութիւնը վերջերս է եղել Եւրոպայի ծայրամասում»,- գրում է Hartford Courant պարբերականը։
Յօդւածագիրը Թոմաս Բեքերը յիշեցնում է, որ աւելի քան մէկ տարի առաջ Ադրբեջանի կառավարութիւնը, օգտագործելով ենթադրեալ «էկոակտիւիստներ»-ին, ձեռնարկեց Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ ճանապարհն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի միջեւ։ Ահազանգերին աշխարհը չարձագանգեց իննը ամիս անց գրեթէ բոլոր 120,000 էթնիկ հայ բնակիչները էթնիկական զտման ենթարկւեցին։
Յօդւածագիրն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահւող գերիներին, խօսել գերեվարւած, ապա հայրենիք վերադարձած Մելսի մասին։
Ադրբեջանական ուժերն առեւանգել են Մելսին Լեռնային Ղարաբաղում 2020 թւականի դեկտեմբերին եւ 10 ամիս խոշտանգել են նրան, սովամահ արել եւ ստիպել վանկարկել «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ «Փառք Ադրբեջանի նախագահին»։
Մելսի տատիկը չիմանալով, որ նա ողջ է, աղօթում էր նրա վերադարձի համար: Կարմիր Խաչի օգնութեամբ Մելսը վերադարձաւ, սաստիկ նիհարած էր, անճանաչելի։ Նա մահացաւ։
«Մելսն ադրբեջանական վայրագութիւնների շուրջ 150 հայ զոհերից մէկն է, որոնց ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գրասենեակը հարցազրոյց է վերցրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում վերջին երեք տարիների ընթացքում: Մեր թիմը, այդ թւում՝ իրաւաբաններ, գիտնականներ եւ ուսանողներ Հարւարդից, Օքսֆորդից, UCLA-ից, Վեսլէյանից եւ Եէյլից, հարիւրաւոր ժամեր են ծախսել՝ հաւաքելով զոհերի եւ նրանց ընտանիքների պատմութիւնները, որոնք ներկայացնում ենք այս շաբաթ հրապարակւած զեկոյցում՝ շրջափակման տարելիցի կապակցութեամբ: «Մենք ոչ ոք չենք» վերնագրով զեկոյցը ցոյց է տալիս, թէ ինչպէս էթնիկ հայերի դէմ երեք տարւայ վայրագութիւնները յանգեցրին էթնիկ զտումների: Դրանում մենք փաստում ենք, թէ ինչպէս է ծաւալւել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները»,- գրում է հեղինակը, որը ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների եւ քաղաքականութեան գծով տնօրէնն է։
Նա յիշեցնում է՝ Ադրբեջանի աւտորիտար նախագահ Իլհամ Ալիեւը էթնիկ հայերին անւանել է «բարբարոսներ եւ վանդալներ», որոնք վարակւած են «վիրուսով», որի համար նրանք «բուժւելու կարիք ունեն», եւ նա ցուցադրել է իր տարածքային նկրտումները։
«Ներկայիս Հայաստանը մեր հողն է… որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւած է, սա է մեր օրակարգային հարցը»։ Միւս պաշտօնեաները Հայաստանը անւանել են «քաղցկեղ», իսկ հայերին՝ «հիւանդութիւն»՝ կոչ անելով «հայերի լիակատար վերացում»:
Նա ցինիզմ է որակել այս յայտարարութիւններին ի պատասխան միջազգային հանրութեան լռութիւնը։ Նա միջազգային հանրութեանը կոչ է անում յայտարարութիւնների փոխարէն պատասխանատւութեան ենթարկել այդ յանցագործութիւններն իրականացնող առաջնորդներին։
«Մենք պէտք է գործենք հիմա՝ ամրապնդելու եւ ժողովրդավարացնելու գլոբալ ինստիտուտները, որոնք պատասխանատու են ցեղասպանութիւնը կանխելու համար: Եթէ մենք չբացայայտենք եւ հաշւի չառնենք այս վերջին ձախողումները, մենք անխուսափելիօրէն դրանք նորից կը տեսնենք, գուցէ Հայաստանի հարաւում, որն Ադրբեջանի յայտարարած յաջորդ թիրախն է»,- յօդւածն այսպէս է եզրափակում հեղինակը։
Panorama.am