Իմ պարտքն եմ համարում վառ պահել արցախեան արւեստը
«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւնը օրերս ստացել է մի հետաքրքիր նիւթ՝ Լուսինէ Նազարեանի գրչին պատկանող, որը ներկայացնում ենք ստորեւ:
2024 թւականի փետրւարի 22-ին, Թեհրանի «Փարս» համալսարանի դահլիճը 40 րոպէ տեւողութեամբ ողողւած էր արցախեան շնչով եւ հայկական երաժշտութեամբ:
Գեղարւեստի ուսանող Նազելի Նիազին ներկայացնում էր իր աւարտական պաշտպանութեան թեման՝ «Արցախեան ձեռագործ գորգերի դաջերն ու գոյները եւ նրանց օգտագործումը հագուստների ձեւաւորման մէջ»:
Նազելին իր դասախօսների եւ այլ ներկաների մասնակցութեամբ սկսեց իր պաշտպանութիւնը՝ Հայաստանի ու Արցախի պատմականը ներկայացնելով եւ Արցախի աշխարհագրական պայմաններին անդրադառնալով: Նա ունկնդիրներին բացատրեց Արցախի դրօշի իմաստը, «Արցախ» անւանակոչման փուլերը, «Մենք ենք, մեր լեռները» յուշարձանի խորհրդանիշը եւ այն ինչ վերաբերում էր Արցախին:
Անցնելով միւս փուլ, նա ներկայացրեց արցախցիների հաւատալիքները, որոնք հիմքն են հանդիսացել Արցախի արւեստի: Բացատրութիւններ փոխանցեց Արցախի աւանդոյթների, մշակոյթի եւ հաւատալիքների վերաբերեալ, ապա անցաւ բուն թեմային՝ արցախեան գորգերին: Նա իւրայատուկ նախանձախնդրութեամբ փոխանցեց մանրամասներ արցախեան գորգերի պատմութեան, դրանց օգտագործման եւ գունազարդման վերաբերեալ: Շեշտաւորեց վիշապագորգ, արծւագորգ, օձագորգ տեսակների մասին: Իսկ գորգ գործելու պահին տեղի ունեցած աւանդոյթները ներկայացնելու համար բացատրութեան կողքին ցուցադրեց մի գեղեցիկ տեսաֆիլմ:
Մեր սիրելի երիտասարդուհին ներկայացրեց նաեւ արցախեան գորգերի գոյներն ու դաջերը, խորհրդանշանները եւ դրանց իմաստը: Պաշտպանութեան ընթացքին ցայտուն կերպով արտայայտեց պատերազմների ազդեցութեանը Արցախի գորգարւեստի վրայ:
«Ցաւօք, պատերազմը իր աւերիչ ազդեցութիւնն է թողել այս արւեստում, եւ բազմաթիւ գորգեր ոչնչացել կամ թալանւել են թշնամու կողմից, դրանցից քչերն են պահպանւել եւ հաւաքագրւել թանգարաններում»,- բացատրեց Նազելին:
Նազելին իր աւարտաճառի մէջ ներկայացրել էր պատերազմի հետեւանքով արցախեան պատմական դաջերի ոչնչացման թեման, իսկ իր ձեւաւորումների մէջ ներառել հնադարեան պահապան վիշապը, խաչը, կեանքի ծառը եւ արցախեան դաջերն եւ խորհրդանիշերը:
«Ես օգտւել եմ նաեւ ժամանակակից հիւսւածքներ, որպէսզի ցուցադրեմ, որ այսօրւայ արդի աշխարհում են տեղի ունենում այս անմարդկային ու կործանիչ պատերազմները:Ես ,որպէս հայուհի, իմ պարտքն եմ համարում, որ այս ազգային գանձն ու հպարտութիւնը պաշտպանել կործանումից եւ վառ ու կենդանի պահել արցախեան արւեստը»,- ընդգծեց Նազելին:
Նազելի Նիազին ծնւել է 2000 թւականին՝ Թեհրանում: Կրթութիւնը ստացել է «Մարիամ» հաստ. աղջ. բաժնի փորձառական ճիւղում: Ապա համալսարանական կրթութիւնը ստացել է գեղարւեստական հագուստի ձեւաւորման ճիւղում:
Սիրելի Նազելի, մաղթում ենք քեզ կանաչ ճանապարհ եւ նորանոր ձեռքբերումներ:
Լուսինէ Նազար
«ԱԼԻՔ»-ը եւս մեր երիտասարդուհուն մաղթում է նորանոր յաջողութիւններ, որպէսզի կարողանայ իր արւեստով հանրութեանը ծանօթացնել հայկական մշակոյթը: