Ճանաչենք Հայոց աշխարհը

Մագելի (Մագելանի) քարանձաւը
գտնւում է Պետական խճուղի № 2–Նորավանքի վանական համալիր տանող ճանապարհի ձախ կողմում, Նորավանքից 7,5 կմ հիւսիս, Գնիշիկի կիրճի արեւելեան ուղղաձիգ քարափի ստորին մասում:
Մագելանի քարանձաւը ընդգրկւել է Վայոց ձորի մարզի Արենի գիւղի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակի մեջ (ՀՀ կառավարութեան 2003 թ. Յունիսի 17-ի № 754 որոշում):
1970-ական թթ. մասնագիտութեամբ քիմիկոս Էդւարդ Սարգսեանը լեռնագնացներից կազմւած սիրող-անձաւախոյզերի հետ միասին Հայաստանի տարբեր մասերում իրականացրել է հետազօտութիւններ՝ քարանձաւների յայտնաբերման եւ դրանց ուսումնասիրման ուղղութեամբ: 1980 թ. խումբը որոնողական աշխատանքներ է իրականացրել Եղեգնաձորի շրջանում: Այդ թւականի աշնանը Արենի գիւղի բնակիչ Մագելան Առաքելեանը (Արենիում նա յայտնի էր նաեւ Մագել, Մագիլ անունով) ցոյց է տւել մի քարանձաւ (յետագայում այն յայտնաբերողի անունով կոչւեց Մագելանի քարանձաւ): Քարանձաւի մուտքը Մագելան Առաքելեանը նկատել էր դեռեւս 1946 թ․ մայիսի 9-ին։
Քարանձաւային բլոկը կազմւած է կրաքարային կոնգլոմերատներից, որոնցից վերեւ տեղադրւած են կրաքարային շերտերը: Քարանձաւը տեղադրւած է բացառապէս կոնգլոմերատների մէջ: Այն ձեւաւորւել է հիւսիս-արեւմուտքից հարաւ-արեւելք ձգւող մի քանի ճեղքերի վրայ, որոնք առանձին հատւածներում հատւում են հարաւ-արեւմուտքից-հիւսիս-արեւելք ուղղութեամբ ճեղքերի համակարգով: Քարանձաւը առաջացել է այդ ճեղքերի սուֆոզիոն լւացման արդիւնքում: Նման գէոմորֆոլոգիական առանձնայատկութեան հետեւանքով քարանձաւում ձեւաւորւել են հիմնականում մի քանի տասնեակ մետր երկարութիւն, մի քանի մետր լայնութիւն եւ մինչեւ 10 մ բարձրութիւն ունեցող դահլիճանման խոռոչներ: Միայն քարանձաիի մուտքային մասում ջրի հզօր հոսքի պատճառով առաջացրել են խողովականման հատւածներ 1-2 մ տրամագծով: Քարանձաւը հատակագծում ունի լաբիրինթոսանման պատկեր։
2024 թ․ հայ-չեխական արշաւախումբը հնագիտական ուսումնասիրութիւններ է իրականացրել քարանձաւում․ ներկայումս մշակւում են պեղումների արդիւնքները։ 2023 թ․ ապրիլի 15-ից Մագելանի քարանձաւը օգտագործւում է էքսկուրսիոն քարանձաւի կարգավիճակով։ Այն Հայաստանում առաջին էքսկուրսիոն քարանձաւն է, որը բարեկարգւել, սարքաւորւել, կահաւորւել եւ օգտագործւում է Անձաւագէտների միջազգային միութեան եւ Էքսկուրսիոն քարանձաւների միջազգային միութեան ընդունած փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
«Առանձնայատկութիւններ»
- Քարանձաւն ունի լաբիրինթոսային կառուցւածք, եւ իրենից ներկայացնում է հիմնականում նեղ եւ երկար սրահների համակարգ: Սրահների երկարութիւնը սովորաբար տատանւում է 10-50, լայնութիւնը՝ 1-3, բարձրութիւնը՝ 1-10 մետրերի միջեւ:
- Քարանձաւի ընդանուր երկարութիւնը կազմում է 1385 մ, պրոյեկտիւ երկարութիւնը՝ 1315 մ, մակերեսը՝ 2550 մ2, ծաւալը՝ 5718 մ3, իսկ յատակի ամենաբարձր եւ ամենացածր կէտերի միջեւ եղած տարբերութիւնը (դենիւելեացիա)՝ 38 մ։
- Քարանձաւն ունի 5 մուտք, որոնք տեղադրած են Գնիշիկաձորի կիրճի լանջին ծովի մակերեւոյթից 1060-1080 մ բարձրութիւնների վրայ: Դրանք ընկած են Գնիշիկ գետի հունից 20-40 մ բարձրութիւնների վրայ: Մուտքերն ունեն տարբեր ձեւեր, դրանցից ամենափոքրն ունի շրջանաձեւ է մօտ 1 մ տրամագծով, իսկ ամենամեծը եռանկիւնաձեւ` մօտ 8 մ բարձրութեամբ եւ 5 մ հիմքով:
- Օդի ջերմաստիճանը ողջ տարւայ ընթացքում կազմում է +7+80C՝ անկախ դրսի ջերմաստիճանից։
- Մագելանի քարանձաւում յայտնաբերւել են 10-12 տեսակի չղջիկներ, որոնց մի մասը գրանցւած է Հայաստանի կենդանինիների կարմիր գրքում։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ