Մշակութային

«Պլասիդօ Դոմինգոյին լսելով՝ ես բացայայտել եմ դասական ժանրը». ասում է «Օպերալիա» մրցոյթի կրկնակի մրցանակակիր Նաւասարդ Յակոբեանը

Աշխարհահռչակ տենոր Պլասիդօ Դոմինգոյի «Օպերելիա» հանրայայտ օպերային մրցոյթում նոյեմբերի 5-ին երիտասարդ շնորհալի բարիտոն Նաւասարդ Յակոբեանն արժանացաւ երկու մրցանակի՝ «The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela»Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցոյթից յետոյ Նաւասարդը «ՕՐԵՐ»ի հետ կիսւեց իր տպաւորութիւններով։

Սիրելի Նաւասարդ, շնորհաւորում ենք «Օպերալիա»-ի պատւաւոր մրցանակների եւ փայլուն ելոյթիդ համար։ Ինչպիսի՞ն էր մրցոյթը, արդարացա՞ն արդեօք սպասելիքներդ։ Զգացւում էր, որ մասնակիցները շատ ուժեղ էին։

– Շնորհակալ եմ շատ ջերմ մաղթանքների համար։ Գիտէք սա աշխարհի ամեամեծ եւ ամենաբարդ մրցոյթներից մէկն է, սովորաբար այս մրցութին մասնակցելուց յետոյ, այլ մրցոյթի չեն մասնակցում։ Այո, ճիշտ էք, այս տարի մրցոյթը բաւականին բարդ էր, մասնաւորապէս միջին եւ ցածր ձայների համար։ Ժիւրիի կազմը աշխարհի առաջատար օպերային թատրոններից էր։ Հէնց դրանով է այս մրցոյթը անհրաժեշտ այն արտիստների համար, որոնք նոր են սկսում իրենց կարիերան։

Բազմաթիւ մրցոյթների ես մասնակցել։ Ինչո՞վ է «Օպերալիա» տարբերւում միւսներից։ Պլասիդօ Դոմինգօն ինչպէ՞ս էր վերաբերում մասնակիցներին, ինչպիսի՞ յիշարժան շփումներ եղան նրա հետ։

– Այո, մասնակցել եմ տարբեր մրցոյթների, կան եւ մի քանի մեծ մրցոյթներ աշխարհում, բայց Օպերալիան դա իրադարձութիւն է, որին սպասում եւ հետեւում է ողջ աշխարհը։ Այս մրցոյթը տարբերւում է նրանով, որ մրցոյթն ունի միջազգային ժիւրիի մեծ կազմ եւ եզրափակիչ փուլը հեռարձակւում է յայտնի Medici TV ով։ Գիտէք, 15 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի դասական երաժշտութիւն եւ Պլասիդօ Դոմինգօն այն մարդն էր, ում ես առաջին անգամ լսել եմ, ում լսելով՝ բացայայտել եմ դասական ժանրը։ Չեմ կարող բացատրել յոյզերս, երբ հանդիպեցի մայեստրոյին։ Իհարկէ, բոլոր այն արտիստները, որոնք հասան մինչեւ եզրափակիչ փուլ, հնարաւորութիւն ունեցան աշխատել նրա հետ։

Ինձ զարմացրեց ժիւրիի կազմը։ Աշխարհի լաւագոյն օպերային թատրոնների պատասխանատուներն այնտեղ էին։ Արդեօք արդէն համագործակցութեան առաջարկներ եղա՞ն նրանց կողմից։

– Այո, ինչպէս նշեցի բոլոր առաջատար օպերային թատրոնների ներկայացուցիչները այնտեղ էին։ Իհարկէ, շատ առաջարկներ կան, որոնց մասին առաջիկայում կը խօսեմ։

Որքան գիտեմ այժմ ամերիկեան Հիւսթոնի օպերային թատրոնում ես։ Ի՞նչ ծրագրով ես այնտեղ։ Որո՞նք են մօտ ապագայի ծրագրերը։

– Այո, այժմ ես Հիւսթոնի «Գրանդ օպերային երիտասարդական ծրագրում» եմ։ Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի այս պահը գտնւում եմ այնտեղ, եւ աւելի կատարելագործւելու հնարաւորութիւններ ունեմ։ 

Ի՞նչ ճանապարհ ես անցել, այսօրւան հասնելու համար։

– Իմ մանկութիւնն անցել է Կոտայքի մարզի՝ Գառնի գիւղում։ Սովորել եմ տեղի դպրոցում եւ երաժշտական դպրոցում, ապա Երգի պետական թատրոնում, մինչեւ կը բացայայտէի Օպերային աշխարհը։ Ապա սովորել եմ Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայում, իսկ երկրորդ կուրսի վերջին արդէն Օպերային երիտասարդական ծրագրի մեներգիչ էի Մայր թատրոնում։ Այժմ գտնւում եմ Հիւսթոնի Գրանդ օպերայում որպէս երիտասարդ արտիստ։

Related Articles

Back to top button