BRICS-ի ղեկավարները կոչ են արել անյապաղ հրադադար հաստատել Գազայում
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի առաջարկով, Գազայի թեմայով BRICS-ի առցանց արտահերթ գագաթնաժողով է անցկացւել:
Գագաթնաժողովում իր ելոյթի ժամանակ նախագահ Ռէյիսին մեղադրել է սիոնիստական ռեժիմին Գազայի հատւածում միջազգային կոնւենցիաներով արգելւած զէնք օգտագործելու համար եւ կոչ է արել BRICS-ի երկրներին ստեղծել «միջազգային առաքելութիւն»՝ այդ փաստերի հաստատման համար։
«Աննախադէպ յանցագործութիւնների եւ այնպիսի արգելւած զէնքերի օգտագործման պատճառով, ինչպիսիք են սպիտակ ֆոսֆորով զինամթերքը, BRICS-ի անդամները պէտք է ստեղծեն յատուկ միջազգային առաքելութիւն՝ այդ յանցագործութիւնների անյապաղ հետաքնութիւն անցկացնելու համար»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ հետաքննութեան արդիւնքները հետագայում պէտք է հրապարակւեն։
Այաթ. Ռէյիսին Գազայում հազարաւոր մարդկանց մահւան, խաղաղ բնակչութեան զանգւածային տեղահանման եւ ստեղծւած հումանիտար աղէտի հարցում ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին համարել է Իսրայէլի յանցակիցը՝ նշելով, որ այդ բոլորին նրանց ցուցաբերած աջակցութիւնն «ամէն ինչից վատն է»:
Նա յստակեցրել է, որ Մերձաւոր Արեւելքում մնայուն խաղաղութեան ու կայունութեան գրաւականը, միասնական Պաղեստին պետութեան ձեւաւորումն է՝ ժողովրդավարական սկզբունքների վրայ հիմնւած հանրաքւէի անցկացման միջոցով:
Գագաթնաժողովի աւարտին ընդունւել է յայտարարութիւն, որում BRICS-ի երկրների ղեկավարները դատապարտել են պաղեստինցիների նկատմամբ դաժան գործողութիւնները եւ կոչ են արել անյապաղ հրադադար հաստատել Գազայում: