Պակիստանի ընտրական յեղաշրջումը եւ Չինաստանի միջանցքային նախագծի փակուղին
Իրանցի փորձագէտը լուսաբանել է Իսլամաբադի ընտրութիւնները
«ԱԼԻՔ» – Փորձագիտական շրջանակների աչքից չեն վրիպել Իսլամաբադում Իմրան Խանին աջակցող անկախ գործիչներին հեռացնելու նպատակով Պակիստանում տեղի ունեցած ամերիկեան երանգներով ընտրական յեղաշրջումը: Այս մասին գրառում հրապարակելով Էհսան Մովահեդեանը, ուղիղ կապ է տեսնում Պակիստանի քաղաքական ներկապնակի եւ համաշխարհային մասշտաբներում իրականացւող «կորիդորա-միջանցքային» նախագծերի միջեւ:
Փորձագէտի կարծիքով՝ Պակիստանում իրականացւող փոփոխութիւններն ուղիղ իմաստով հարւածի տակ են դրել Չինաստանի միջանցքային նախագիծը, որին տասնեակ միլիարդներ (դոլար) է յատկացրել Պեկինը Ամերիկայի, Հնդկաստանի եւ նրանց դաշնակից երկրների Պասիֆիկում (Հարաւ-արեւելեան Ասիա) ծովային եւ ցամաքային շրջափակմանը հակազդելու համար:
Միջազգային յարաբերութիւնների գիտութիւնների թեկնածուն յաւելել է. «Եթէ Չինաստանն անցնի «Բ» տարբերակի կայծակնային գործարկմանը, որն յայտնի է «Միջին միջանցք» անունով եւ ընդգրկում է Կենտրոնական Ասիայի երկրներին, Բաքւին ու Թուրքիային, ապա կարող է նոյն արդիւնքն ունենալ, քանի որ Թուրքիան ու Բաքուն, ի վերջոյ, ենթարկւում են ԱՄՆ-ին եւ այս միջանցքը ծառայեցնելու են ՆԱՏՕ-ի ուժերի տեղափոխման, կամ թաքֆիրականներին ու անջատողականներին Չինաստանի սահման ուղարկելու համար, որպէսզի ապակայունացնեն Պեկինին ենթարկւող տարածաշրջանը»:
Մովահեդեանը գրում է, որ Չինաստանը փրկող միակ ճանապարհը Աֆղանստանից՝ Իրանի հիւսիս տանող միջանցքային երթուղին է, իսկ յաջորդիւ «Դիմադրութեան առանցք»-ի հետ համագործակցութիւնը՝ Իրաքով, Սիրիայով եւ այնտեղից՝ Լիբանան տանող միջանցքային ճանապարհն ապահովելու համար։ «Այս դէպքում Իրանի համար եւս բարենպաստ պայմաններ կը ստեղծւեն Արեւմտեան Ասիայում իր շահերի ապահովումը, իսկ Չինաստանն իր տրամադրութեան տակ կունենայ անվտանգ փոխադրում՝ մշտական միջանցքով»,- յաւելել է դոկտ. Մովահեդեանը։
«Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի դասախօսի կարծիքով՝ տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներն ստիպում են երկու երկրներին (Չինաստան եւ Իրան) համապատասխանեցնելով քայլերը, ստանալ աննախադէպ առիթ միմեանց միջեւ անվտանգային կապերն ամրացնելու համար: «Իրանական կողմը պէտք է օր առաջ, ճիշտ գնահատի ստեղծւած ոսկէ հնարաւորութիւնը եւ բանակցութիւններ վարի Չինաստանի հետ ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար»,- եզրակացրել է փորձագէտը: