Թուրքիան եւ Ադրբեջանը աջակցել են Պակիստանին «Սինդուր» գործողութիւնից յետոյ

«ԱԼԻՔ» – Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարութիւնները չորեքշաբթի առանձին յայտարարութիւններ են տարածել՝ ի պաշտպանութիւն Պակիստանի, երբ Հնդկաստանը սկսեց «Սինդուր» գործողութիւնը հարեւան երկրում «ահաբեկչական ենթակառուցւածքների» դէմ: Յայտնում է հնդկական Hindustan Times-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ն երկուշաբթի յայտարարութիւն է տարածել, որում նշւում է. «Մտահոգութեամբ հետեւում ենք Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացմանը: Հնդկաստանի կողմից երէկ երեկոյեան (մայիսի 6-ին) կատարւած յարձակումը մեծացնում է լայնածաւալ պատերազմի վտանգը: Դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպէս նաեւ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ յարձակումները»:
Թուրքիայի ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է արել «ողջախոհութիւն դրսեւորել եւ զերծ մնալ միակողմանի գործողութիւններից»։ «Ակնկալում ենք, որ միջոցներ կը ձեռնարկւեն տարածաշրջանում լարւածութիւնը հնարաւորինս շուտ նւազեցնելու համար, եւ որ կը ստեղծւեն անհրաժեշտ մեխանիզմներ, դրանց թւում՝ հակաահաբեկչական ոլորտում, նման միջադէպերի կրկնութիւնը կանխելու համար։ Մենք աջակցում ենք նաեւ Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական յարձակման հետաքննութիւն անցկացնելու վերաբերեալ»,-յաւելել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Թուրքիան այն քիչ երկրներից մէկն էր, որը կանգնած էր Պակիստանի կողքին Հնդկաստանի իրականացրած «Սինդուր» գործողութիւնից յետոյ, որը համաշխարհային աջակցութիւն ստացաւ Պակիստանում ահաբեկչական ճամբարների եւ Քաշմիրում պակիստանեան օկուպացիոն ուժերի դէմ պայքարելու համար, հաղորդում են հնդկական լրատւամիջոցները։
Յարձակումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը եւս յայտարարութիւն տարածեց՝ դատապարտելով Պակիստանի դէմ «բռնութիւնը»։ «Ադրբեջանի Հանրապետութիւնը մտահոգութիւն է յայտնում Հնդկաստանի Հանրապետութեան եւ Պակիստանի Իսլամական Հանրապետութեան միջեւ լարւածութեան հետագայ սրման կապակցութեամբ: Դատապարտում ենք Պակիստանի Իսլամական Հանրապետութեան վրայ ռազմական յարձակումները, որոնց հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են մի քանի քաղաքացիական անձինք: Համերաշխութիւն յայտնելով Պակիստանի ժողովրդին՝ մեր ցաւակցութիւնն ենք յայտնում անմեղ զոհերի ընտանիքներին եւ մաղթում ենք շուտափոյթ ապաքինում վիրաւորներին»,-հնդկական լրատւամիջոցները մէջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը: