Ինքնութեան պահպանում մշակութային ժառանգութեան կորստի ճանապարհին
![](/wp-content/uploads/2025/02/614-780x470.jpg)
ԳԱՅԱ ԱՍՈՅԵԱՆ
Արցախեան վերջին պատերազմից յետոյ օկուպացւեց Արցախի ամբողջ տարածքը։ Քաղաքներից, գիւղերից զատ՝ թշնամու վերահսկողութեան տակ անցան Արցախի բազմաթիւ հոգեւոր կենտրոններ, կրթահամալիրներ, յուշակոթողներ: Վտանգի տակ դրւեց պատմութեան եւ ինքնութեան պահպանումը։ Կանգնելով մշակութային ժառանգութեան կորստի սպառնալիքի առջեւ՝ այսօր կանգնած ենք անցեալի, ինքնութեան պահպանման կամ մոռացման խնդրի մէջտեղում։ Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահաեանը նշում է, որ մեր ինքնութիւնն անմիջապէս կապւած է այդ յուշարձանների, եկեղեցիների հետ.
«Ադրբեջանական վանդալիզմի պատճառով աւերւում, քանդւում եւ պղծւում են անգամ գերեզմանները։ Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցի աւերումն սկսւել էր դեռեւս 2023 թւականի հոկտեմբերին։ Գրեթէ մէկ ամսում ադրբեջանական կողմը յատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ 2024 թ․ ապրիլի 4-ին ամբողջութեամբ աւերւեց Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատունը:
Ադրբեջանական իւթուբեան ալիքներից մէկում տարածւել էր հոլովակ, որտեղ ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Հաթերք գիւղում՝ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակին կառուցւած յուշահամալիրում եւ նրան յարակից տարածքում, ինչ-որ աշխատանքներ են իրականացնում, ու նաեւ երեւում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն են տեղադրւած յուշաքարերի վրայ։ Այնուհետեւ հոլովակից պարզ է դառնում, որ այս գերեզմանոցը եւս ենթարկւել է ադրբեջանական վանդալիզմի»:
Ադրբեջանի կողմից իրականցւող այս բոլոր աւերիչ գործողութիւններն ամբողջութեամբ առնչւում են նաեւ մարդու իրաւունքներին։ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը նշում է, որ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութեան պահպանումը նաեւ մարդու իրաւունքի պաշտպանութեան տիրոյթում է․
«Բազմաթիւ կոնւենցիաներով թէ կրօնական կառոյցները, թէ, օրինակ, ընտանեկան գերեզմանները գտնւում են անմիջական պահպանութեան տակ։ Մատնանշենք՝ նոյն գերեզմանների պահպանութիւնը կոնւենցիաների շրջանակներով տեղաւորւում է, օրինակ, ընտանեկան կեանքի իրաւունքի տակ, ինչը նշանակում է, որ անձը իրաւունք ունի հասանելիութիւն եւ հնարաւորութիւն ունենալ պահպանելու իր սիրելիների յիշատակը եւ այլն, եւ այլն։ Եկեղեցիների պահպանութիւնը կամ կրօնական ազատութիւն ասւածը միայն չի նշանակում, որ անձը իրաւունք ունի լինելու այս կամ այն հաւատքի, կրօնի հետեւորդ, այլ նաեւ նշանակում է, որ պէտք է անխոչընդոտ մուտք ունենայ այդ վայրեր կամ հնարաւորութիւն ունենայ իրացնելու իր կրօնական ազատութիւնը։ Այս ամէնը միանշանակ տեղաւորւում է ինքնութեան պահպանման իրաւունքի տիրոյթում»:
ՄԻՊ-ը նշում է նաեւ, որ դեռ 2020 թւականից փորձեր են արւել Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւած հայկական պատմամշակութային արժէքների պահպանութեան մոնիթորինգի համար ԻՒՆԵՍԿՕ-ին ներգրաւել, ունենալ միջազգային փորձագիտական անկախ խումբ, որը կը ժամանի, տեղում կը դիտարկի իրավիճակը, բայց անգամ ԻՒՆԵՍԿՕ-ն էլ հրապարակային յայտարարութեամբ խօսել է այն մասին, որ ադրբեջանական կողմը ուղղակի չի համագործակցում եւ թոյլ չի տալիս նրանց իրականացնել այդ այցերը։
Այս ամէնից յետոյ անգամ Ադրբեջանը շարունակել եւ շարունակում է Արցախում ոչնչացնել, վերացնել, պղծել, փորձել այլ ազգի պատմութեան մաս կամ հէնց ադրբեջանական համարել այն ամէնը, ինչը հայկական է։ Արցախում եկեղեցիներից շատերի ճակատագիրն անյայտ է, դեռ կան եկեղեցիներ, որոնք շարունակում են գոյութիւն ունենալ, իսկ շատերն էլ դարձել են ադրբեջանական վանդալիզմի մաս։
Շուշիի Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ) կառուցւել է 1818 թւականին։ Մինչեւ 2020 թւականի պատերազմը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մէկն էր։ Գտնւում էր քաղաքի արեւմտեան՝ սարահարթի բարձրադիր հատւածում, որտեղից տեսանելի էր քաղաքի ամբողջ համայնապատկերը: 2020 թւականի պատերազմից անմիջապէս յետոյ Կանաչ ժամը պայթեցւել է: Վնասւած են գմբէթն ու զանգակատունը։ Այսօր ադրբեջանցիները անհիմն հերքելով եկեղեցու հայկական պատկանելութիւնը եւ «չընդունելով» նախկինում կատարւած վերանորոգումները, ձեռնամուխ են եղել կառոյցը որպէս ռուսական եկեղեցի «վերափոխելու» աշխատանքներին:
Քաշաթաղի շրջանի ք․ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին քաղաքում միակն էր․ կառուցումն աւարտւել էր 1998 թւականին: Մինչեւ 44-օրեայ պատերազմը եւ դրանից որոշ ժամանակ յետոյ եկեղեցին կանգուն էր։ Դեռեւս 2022 թւականին Ադրբեջանի «Յուշարձանների պահպանութեան հասարակական կազմակերպութիւնը» յայտարարութիւն էր տարածել, որ նախաձեռնում են եկեղեցին վերածել մզկիթի, սակայն 2024 թւականի մայիսի 11-ին համացանցում տարածւեց արբանյակային լուսանկար, որտեղ յստակ երեւում է՝ եկեղեցին հիմնովին աւերւած է:
Երբ 2022 թւականի օգոստոսի 25-ին տարհանւեցին թւով 47 մշակութային յուշարձան՝ այդ թւում խաչքարեր, յուշաքարեր, կիսանդրիներ, յուշաղբիւրներ, դրանց թւում էր նաեւ Բերձորի Ս. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտները, Ադրբեջանական մեդիա դաշտում սկսեցին ակտիւ քննարկել այս յուշարձանների տարհանումը եւ, որ ամենակարեւորն է, մեղադրանքներ հնչեցրին Ս. Համբարձման եկեղեցին «թալանելու» վերաբերեալ։ Հէնց այս պատճառաբանութեամբ, որ Ադրբեջանը կարող է մեղադրանքներ հնչեցնել ՀՀ հասցէին, ԿԳՄՍ նախարարութեան աշխատակիցը հրաժարւեց որեւէ տեղեկութիւն տալ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգութեան մասին։ Ըստ նրա խօսքի՝ այս պահի դրութեամբ շատ մեծ աշխատանք է տարւում կարեւոր խնդրին լուծումներ տալու համար, սակայն ամէն բան հրապարակելը, հանրայնացնելը կարող է միմիայն վնաս հասցնել գործի ընթացքին։ Այն հարցին՝ արդեօք չկան թարմ տւեալներ, թէ ինչեր են դուրս բերւել օկուպացւած տարածքից, նա պատասխանեց, որ նոյնիսկ թիւ նշել չի կարող, քանի որ Ադրբեջանը հետեւողական է այս հարցում եւ կարող է մեղադրանքներ հնչեցնել՝ ասելով, որ այս պահի դրութեամբ իր վերահսկողութեան տակ գտնւող տարածքից տարհանումներ են եղել՝ առանց իր համաձայնութեան, հետեւաբար սա եւս կարող է խոչընդոտ հանդիսալ գործընթացի համար։
Հակառակ 1954 թւականին ընդունւած Հաագայի Մշակութային Գոյքի Պաշտպանութեան Երկրորդ արձանագրութեանը՝ Ադրբեջանը դիտաւորեալ կործանում եւ աղաւաղում է հայկական պատմական եւ մշակութային ժառանգութիւնը, այդ գործողութիւնը շարունակում է նաեւ պատերազմի աւարտից յետոյ։ Բազմաթիւ յուշարձաններ, խաչքարեր հիմնատակ աւերւել են, եւ յատկանշական է, որ յաճախ ադրբեջանական կայքերում են տարածւել նկարներ, հոլովակներ, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպէս են քանդւել այդ յուշարձանները կամ թէ ինչ վիճակում են գտնւում հիմա։ Այդպիսի օրինակ կար Հադրութի շրջանի Առաքել գիւղում, երբ զինւորական բեռնատարը դիտաւորեալ աւերում էր խաչքարը։
Մարտակերտի շրջանի Գետաւան գիւղում 2016 թւականին պաշտօնապէս եղաւ գիւղի ինքնապաշտապանութեան համար զոհւած գետաւանցի ազատամարտիկների յիշատակին կանգնեցւած յուշարձանի բացումը, որի պատին ամրացւած յուշատախտակները ադրբեջանական կողմը ոչնչացրել է։ Սա յայտնի դարձաւ ադրբեջանական մեդիայում հրապարակւած տեսահոլովակի միջոցով։
Ադրեբջանական կողմը նաեւ ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնւող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտաւորական ու գրականագէտ Ալեքսանդր Միասնիկեանի արձանը։ Աւերել են նաեւ ադմիրալ Իւան Իսակովի կիսանդրին, Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի յուշաքարը, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-լէյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրին, Ստեփանակերտում գտնւող Ստեփան Շահումեանի արձանը, Ստեփանակերտի վերին զբօսայգում գտնւող Արծւի յուշարձանը։
Ադրբեջանն իր աւերման քաղաքականութիւնը վարում է անգամ գիւղերում․ հիմնատակ աւերւել է Շուշիի շրջանի Քարինտակ գիւղը՝ հին թաղամասերով, աղբիւրներով, քաղաքացիական ենթակառուցւածքներով եւ բնապատմական միջավայրով։ Հողին հաւասարեցւած բնակավայրի տարածքում դեռեւս կանգուն են մնացել 1841 թւականին կառուցւած Սուրբ Աստւածածին եկեղեցին, ըստ արբանեակային պատկերների՝ գիւղի գերեզմանոցում աւերումներ չեն նկատւել:
Գրեթէ ամբողջութեամբ ոչնչացւել է նաեւ Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղը։ Արբանեակային պատկերները ցոյց են տալիս, որ գիւղի տների մեծ մասը, այլ շինութիւններ քանդւել են:
Բազմաթիւ կոնւենցիաների առկայութեան դէպքում անգամ Ադրբեջանը շարունակում է խախտել բազմաթիւ ամրագրւած իրաւունքներ, թէպէտ շարունակւում է Ադրբեջանի քայերը վերահսկող եւ կարգաւորող բանաձեւերի ընդունումը, ինչպէս օրինակ՝ Եւրոպական խորհրդարանը ընդունեց բանաձեւ՝ «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ» 2024 թւականի հոկտեմբերի 23-ին։ Բանաձեւում ներառւած են առանցքային կէտեր՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիութեան եւ անվտանգային խնդիրներ, ՀՀ անկախութեան դէմ ուղղւած Ադրբեջանի սպառնալիքներ, դատապարտում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումներ։ 9-րդ կէտով պնդում է, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած ապագայ գործընկերութեան համաձայնագիր պայմանաւորւի բոլոր քաղբանտարկեալների ազատ արձակմամբ, իրաւական բարեփոխումների իրականացմամբ եւ երկրում մարդու իրաւունքների վիճակի ընդհանուր բարելաւմամբ, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից իր իսկական պատրաստակամութեամբ: Հաւատարմօրէն ներգրաււել Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագրի բանակցութիւններում եւ յարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքները։ 15-րդ կէտով կոչ է անում լիովին կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի բոլոր որոշումները ներառեալ 2023 թւականի նոյեմբերի 17-ի որոշումը եւ վերահաստատում է իր կոչը ադրբեջանական իշխանութիւններին՝ թոյլատրել հայ բնակչութեան անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ տալ ամուր երաշխիքներ նրանց իրաւունքների պաշտպանութեան համար, ներառեալ նրանց հողի եւ սեփականութեան իրաւունքները:
Աղբիւրը՝ «ՀԱՍԷ Արցախի թեմ»