Կեանք, որ տրւած էր կեանքին…
ՄԵՐԻ ՔԵՇԻՇԵԱՆ
Մ. Մաշտոցի անւան Մատենադարանի գիտաշխատող՝
Սէրիկ Դաւթեանի կենսագիր
Նրա մասին ասում էին, որ նա շատ նման էր իր հմայիչ ծննդավայրին՝ Դիլիջանին… Այդպէս են յիշում արւեստագէտ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական-պետական եւ ՀՍՍՀ Արւեստի վաստակաւոր գործիչ, դեկորատիւ-կիրառական արւեստի մասնագէտ Սէրիկ Ստեփանի Դաւթեանին (1893-1978 թթ.): Եւ իսկապէս, նրա հոգեկերտւածքի եւ ներաշխարհի ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն է թողել ծննդավայրը եւ ուսուցիչ հայրը: Երկուսին էլ կապւած էր մի անբացատրելի, անեզրական սիրով ու քնքշանքով:
Դեռեւս 2016 թւականին առիթ եմ ունեցել մի ծաւալուն յօդւածով Սէրիկ Դաւթեանին ներկայացնել «Ալիք»-ում (թիւ 149 (22525), 24 յուլիսի, էջ 5-6): Իսկ հեռաւոր 1973 թւականին, նոյն թերթում, մէկ այլ անդրադարձ կատարել է իրանահայ պատմագէտ Լեւոն Մինասեանը, որը ծանօթ էր Ս. Դաւթեանին (գրախօսել է Սէրիկի «Հայկական ասեղնագործութիւն» մենագրութիւն-գիրքը (թիւ 44 (10. 330), 26 փետրւարի, էջ 7)): Երկար տարիներ Լ. Գ. Մինասեանը արւեստագիտուհու հետ նամակագրութիւն է ունեցել, Խորհրդային տարիներին նրան Իրանից ուղարկել է հետաքրքրող նիւթեր եւ ասեղնագործ աշխատանքներ, որոնք Ս. Դաւթեանն ի պահ է տւել Հայաստանի թանգարաններին, ուսումնասիրել եւ գրել դրանց մասին: 1970-ական թթ. կէսերին այցելելով Հայաստան, Լ. Մինասեանը ուզում է հանդիպել Ս. Դաւթեանին: Մեծ է լինում ափսոսանքը, գիտենալով, որ նա Դիլիջանում է, իսկ ինքը՝ ժամանակի սղութեան պատճառով չի կարող հանդիպել: Ափսոսանքը փոխադարձ էր նաեւ Սէրիկի կողմից, որը վերադառնալով Երեւան՝ նամակ է գրում Լ. Մինասեանին: Հանդիպումն այդպէս էլ չի կայանում, սակայն հեռակայ մնում են լաւ բարեկամներ:
«Ալիք»-ի յօդւածում իրանահայ մտաւորականը նկատում է. «Կարդալով ու նայելով տիկին Սէրիկ Դաւթեանի տքնաջան աշխատանքի արդիւնքն եղող այս գեղեցիկ հատորը, մարդ հիանում է այս ուղղութեամբ թափւած ճիգերի վրայ եւ տարւում մտածելու, թէ ինչպիսի ներքին մղում եւ սէր է հարկաւոր այսպիսի մի աշխատանք տալու համար, որը պատիւ է հայ ժողովրդին եւ նրա արւեստի անխոնջ մշակ՝ Սէրիկ Դաւթեանին»: Նա բիւր անգամ իրաւացի է. «Տիկին Սէրիկ Դաւթեանն իր տարած գնահատելի աշխատանքներով, իրապէս մի վաստակաւոր արւեստագիտուհի է, որ իր նպատակն է դարձրել, զարգացնելն ու մշակելը հայ կերպարւեստի մինչեւ այժմ լրիւ ու լուրջ ձեւով չուսումնասիրւած կիսախոպան դաշտը, որի մասին մինչեւ այժմ պարբերական մամուլում եղած զանազան յօդւածներից բացի, շատ քիչ բան է լոյս տեսել»:
Հետագայում, Լ. Մինասեանն իր մենագրութիւններից շատերում է յիշատակում Ս. Դաւթեանի անունը, իսկ «Ազգային մշակութային գործիչներ» գրքում (Նոր Ջուղա, 2004 թ., էջ 117-119), որպէս յարգանք եւ յիշատակի տուրք, գրում է ակնարկ Սէրիկի մահւան առիթով եւ յետմահու լոյս տեսած, նրա՝ «Մարաշի ասեղնագործութիւն» գրքի մասին:
Հարուստ կենսագրութիւն է ունեցել արւեստագիտուհին, բազում յիշելիքներ, որոնցում շատ անւանի մարդիկ կան՝ Յովհ. Թումանեան, Ղ. Աղայեան, Գ. Բաշինջաղեան, Պ. Պռոշեան, Կարա-Մուրզա, դերասանուհի Յասմիկ, Լէօ, Գ. Սունդուկեան, Ն. Մառ, զօրավար Գայ, Դրօ եւ Ռուբէն Դարբինեան, Ալ. Միասնիկեան, Աւ. Իսահակեան ու Մ. Սարեան, Արա Սարգսեան, Մ. Գորկի: Սէրիկն իր ինքնակենսագրականում նրանց բոլորի մասին քիչ կամ շատ անդրադառնում է (ձեռագիր, դեռեւս անտիպ է):
Ս. Դաւթեանի կենսագրական անյայտ մի էջ յայտնաբերեցի, երբ մի քանի տարի առաջ դասաւորում էի նրա տնային արխիւը, թերեւս այն՝ ինչ մնացել էր ու պէտք է հանգրւաներ իր ծննդավայրի՝ Դիլիջանի Երկրագիտական-թանգարան պատկերասրահում (որի հիմնադիրն է եղել 1920 թ., Նիկոլ Աղբալեանի թոյլտւութեամբ): Սէրիկի կյանքի կտաւն էլ տարբեր է, իր ասեղնագործութիւնների նման գունեղ ու հարուստ: Պարզւեց, որ նրա կեանքի անցյալի մէկ-երկու էջ պարսկական աղերս ունի, ինչպէս նաեւ՝ անտիպ, ձեռագիր ստւարածաւալ կենսագրական յուշերում գտա իրանահայ մի մարդու մասին, որը Սէրիկի կեանքն է փրկել:
Առանձին մի թղթապանակում, մեքենագիր տարբերակով եւ Սէրիկի ձեռագրով՝ սրբագրումներ էին դրւած: Իր գրած յիշողութիւններն էին անցեալից ու տեսածից, որոնցում Խրիմեան Հայրիկն ու Թումանեանն էին, Իսահակեանը եւ Սարեանը, հասարակ, գիւղացի հայ կանանց հետ իր բանահաւաքչական զրոյցներն ու ստեղծագործական մի քանի պատմւածք: Մի պատմութիւն աչքս զարնեց. վերնագրել էր «Աշուղն ու շահը»: Այն կապւած էր իր մանկութեան յիշարժան մի դրւագի՝ Իրանի շահին, յետոյ արդէն պատմում է մի կոյր աշուղի մասին, որին տեսել է Դիլիջանում, ու որի հեքիաթները շատ է սիրել լսել ու յետոյ՝ գրառել: Յիշում է, որ շարունակ խնդրում էր նրան. «Պապի՛, մի հեքիաթ կպատմե՞ս»: Մայրը, որ միշտ կերակուր էր տալիս կոյր ծերունուն ու նրան ուղեկից պատանուն, նախատում էր դստերը՝ աշուղին հանգիստ թողնել: Սակայն ապարդիւն: Սէրիկն իր հեքիաթը ստանում էր…
«Աշուղն ու շահը» համեմատական մի պատմւածք է (առաջին մասը վերաբերւում է շահին, երկրորդը՝ աշուղին), մարդկային արարքի ու որդիական սիրոյ մասին է: Սկիզբը սկսւում է Պարսից շահի դիլիջանեան այցով, որից էլ պարզւում է, որ Սէրիկը 6,5 տարեկանում տեսել է Իրանի շահ Մուզաֆար Էդ-Դինին (Նասեր Էդ-Դին շահի որդին): Մնում էր միայն փաստերը եւ ճշտել ժամանակագրութիւնը, ինչն էլ արեցի: Գրել է 1959 թւականին:
1890 թ. «Մշակ» թերթն անդրադառնում է, որ Իրանի Քաջարական դինաստիայի Նասեր Էդ-Դին շահը (կառ. 1848–1896 թթ.), հետագայում նրա որդի Մուզաֆար Էդ-Դինը (կառ. 1896-1907 թթ.), իրենց ներքին քաղաքականութեան մէջ քրիստոնեաների, յատկապէս՝ հայերի հանդէպ շատ բարեացկամ եւ հովանաւորչական վերաբերմունք էին վարում՝ նրանց բազմաթիւ արտօնութիւններ տալով:
1900 թ. մայիսին, Մուզաֆար Էդ-Դինինը, որին ժամանակակիցները նկարագրում են որպէս միջահասակ, նուրբ ու գեղեցիկ մի անձի, որոշում է մեկնել արտասահման բուժման: Երթուղին ընտրւում է Երեւանով Դիլիջան, Աղստաֆա, Բաքու, այնուհետեւ Ֆրանսիա եւ այլ եւրոպական մայրաքաղաքներ, Պետերբուրգ, իսկ յետդարձը պէտք է լինէր Կովկասով: Որոշւած էր, որ Պարսկաստան վերադարձից առաջ պէտք է այցելի Էջմիածին:
Այդ կապակցութեամբ Դիլիջան գաւառական քաղաքը նախապատրաստւում է պատւարժան հիւրին դիմաւորելուն, որը պէտք է ժամաներ մայիսի 13-ին: Դիլիջան քաղաքի եւ մերձակայ գիւղական վայրերի բնակիչները հաւաքւում են Շահին ողջունելու: Կազակների ուղեկցութեամբ ներկայանում է նաեւ Արդահանեան գունդը:
Պատւիրակութեան թափորը քաղաք է մտնում ադիւտանտ Արսէնեւի ուղեկցութեամբ: Դիլիջանցիները հիւրին դիմաւորում են մեծ ցնծութեամբ, որին ուղեկցում էին Սադրազմը (Մեծ Վեզիր), պալատական բժիշկը եւ սպասաւորները: Քաղաքի տարեցները երկար ժամանակ յիշել ու պատմել են, որ այդ օրը երեկոյեան՝ Դիլիջանը շրջապատող սարերի գագաթներին, ի պատիւ հիւրի, խարոյկներ են վառում:
Շահի հետ հանդիպման իր կեանքի դրւագի մասին Սէրիկը այսպէս է յիշում. «Շատ վաղուց էր: Դեռ երկաթուղի չկար մեզ մօտ: Պարսից թագաժառանգը կառքով անցնում էր Հայաստանով մինչեւ Աղստաֆա կայարան, որ գնայ Պետերբուրգ: Ռուսաց թագաւորը կարգադրել էր, որ թագաժառանգին ամէն տեղ դիմաւորեն եւ ճանապարհ դնեն: Դիլիջանում շահի համար իջեւանելու տեղ էին պատրաստել փոստ–հեռագրատան պետ Բակրաձէի տանը: Մի գիշերւայ մէջ զարդարեցին ճանապարհը: Անտառից կտրել բերել էին եղեւնիներ եւ տնկել ճանապարհի երկու կողմից սկսած՝ Երեւանի կամուրջից մինչեւ Դիլիջանի կենտրոնը: Միահասակ եղեւնիներից պարաններ էին կապել եւ կախել չինական գոյնզգոյն լապտերներ: Հողի վրայ, ծառերի արանքում, շարել էին ձէթի ճրագներ: Ծառերով եզերւած ճանապարհը ծածկել էին տներից հաւաքած գորգերով:
Կամուրջի մօտ իջնելով կառքից, թագաժառանգը իր ուղեկիցների ու դիմաւորողների հետ քայլեց գորգերի վրայով: Ռուսաց եկեղեցու մօտ (որ այժմ ծաղկանոց է) զինւորական մասերն էին կանգնած, փողային երաժշտախումբը դիմաւորեց թագաժառանգին պարսկական ու ռուսական մարշերով (հիմն.– Մ.Ք.):
Գորգերի վրայով քայլելով՝ հիւրերը հասան փոստ–հեռագրատուն: Շուրջը հաւաքւած ժողովրդի մէջ կանգնած էր հայրս՝ ինձ գրկած: Շահը նայելով ժողովրդին՝ նկատեց մեզ եւ ձեռքով նշան արեց, որ մօտենանք: Հայրս կարծելով, որ ուրիշի է կանչում՝ յետ–յետ գնաց, որ ճանապարհ տայ:
- Ստեփա՛ն, քեզ է կանչում, քե՛զ,- ամէն կողմից դիմեցին հօրս:
Հայրս դանդաղօրէն մօտեցաւ նրան: Թագաժառանգը մի քանի քայլ մօտենալով դէպի մեզ, ձեռքով շոյեց դէմքս ու ասաց. «Չոխ կաշանգ, չոխ կաշանգ» (շատ սիրուն), յետոյ նա շրջւեց դէպի իր մի պաշտօնեան եւ ինչ–որ բան ասաց:
Իմ բարձունքից ես տեսայ, ինչպէս այդ մարդը բացեց ոսկով լի դրամապանակը եւ մատներով երկու ոսկի վերցրած ուղղեց ինձ: Ես չւերցրի, հայրս լուռ էր:
- Ստեփա՛ն, ասա՛ վերցնի, ասա վերցնի՛,- ամէն կողմից դիմեցին հօրս:
Հայրս սառը շեշտով ասաց՝ «Վերցրո՛ւ…»: Ես վերցրի երկու բարակ պարսկական ոսկեդրամները: Շահը հագնւած էր շատ շքեղ. հագուստը զարդարւած էր ոսկեթել ուռուցիկ բանւածքով: Նա գրաւելով բոլորի ուշադրութիւնը՝ մտաւ շէնք:
Մենք վերադարձանք տուն, ես ոսկիները տւեցի մօրս: Նա ինչ–որ բան ասաց թագաւորների, շահերի մասին: Երեկոյեան վառեցինք չինական լապտերները ու ձէթի ճրագները: Հրավառութիւնը գիշերւայ մութի մէջ գեղեցիկ էր: Շուտով հանդիպումը թագաժառանգի հետ յուշ դարձաւ եւ յուշն էլ մոռացւեց…»:
Սէրիկի լուսանկարների տնային արխիւում, այդ յիշարժան օրւանից, պահպանւել է մի նկար՝ հիւրին դիմաւորող բազմութիւնը, որի առաջին շարքում կանգնած երեւում է հայրը՝ Ստեփանը (հրապարակւում է առաջին անգամ):
Նոյն թւականի հոկտեմբերին՝ հայրենիք վերադարձի ճանապարհին, Շահը կրկին հանգրւանում է Դիլիջանում: Բնակչութիւնն ու զօրքը կրկին նրան ողջունում են: Աշակերտները ծաղիկներ են նւիրում, իսկ դիլիջանցի ուսուցչուհի օրիորդ Չուխաջեանը՝ մի ասեղնագործ աշխատանք է ընծայում հիւրին: Դիլիջանից շահը մեկնում է Երեւան, յետոյ՝ Էջմիածին, այցելելով Կաթողիկոս Խրիմեան Հայրիկին: Վանքի մատենադարանում՝ Վեհափառը շահին ցոյց է տալիս մի քանի պարսկական ձեռագրեր, ծանօթացնում դրանց բովանդակութեանը: Այս դրւագից շահը շոյւում է եւ ցանկութիւն յայտնում այցելել Էջմիածնի հոգեւոր ճեմարան, որին, մեկնելուց առաջ 1000 թուման է նւիրում:
Ի դէպ, Ստեփան Դաւթեանը Դիլիջանի ամենհարգւած ուսուցիչներից էր, սիրող դերասան՝ քաղաքի թատերախմբում, լաւ երգում էր: Թիֆլիսում համալրել էր ՀՅԴ կուսակցութեան շարքերը: Խորհրդային տարիներին Սէրիկն այս փաստը իր կենսագրականներից չի թաքցրել, այն շրջանառւել է նաեւ 1937 թ. նրա հարցաքննութիւնների ժամանակ եւ յետոյ: Այս եւ այլ հարցեր պատճառ են դառնում, որ 1908 թ. ցարական կառավարութիւնը Ստեփանին բանտարկում եւ «ազատ աքսոր» է ուղարկում Սամարղանդ:
1914 թ. գերազանցութեամբ աւարտելով Թիֆլիսի երրորդ օրիորդաց ռուսական գիմնազիան, Սէրիկը մէկ տարի ուսուցչութիւն է անում Դիլիջանում: 1915 թ. յայտնւում է Երեւանում, յետոյ՝ Էջմիածնում, խնամում Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած հայ որբերին: Ճակատագրի թելադրանքով 1916 թ. մեկնում է Բաքու, յետոյ՝ Աստրախան, որտեղից 1918 թ. կեանքի քառուղիները նրան տանում են Սարատով: Այստեղ ե՛ւ ուսուցչութիւն է անում, ե՛ւ սովորում համալսարանի պատմութեան ֆակուլտետում:
Դժւար տարիներ էին, բայց երիտասարդ հայուհին որտեղ կարիքաւոր հայ տեսներ՝ ամէն կերպ ջանում էր օգնել: Սարատովեան ցուրտ ձմռանը հանդիպում է սովահար հայ գաղթականների մի խմբի, որոնք Արեւմտեան Հայաստանից հասել էին այդ բնակավայրը: Իր ուժերի հնարաւորութեան սահմանում՝ տուն է գտնում, պարէն, աշխատանք: Տուն-տեղ կորցրած հայ ընտանիքիների մանուկներին հաւաքելով՝ սկսում է նրանց դասաւանդել մայրենի լեզու, պատմութիւն: Այս ամէնը մեծ նւիրում եւ ջանք է պահանջում, ինչին անմնացորդ նւիրւում է խանդավառ, կրակոտ աչքերով եւ հոգնութիւն չիմացող այդ աղջիկը: Հայ երեխային ուսում էր հարկաւոր, աչքերում ու հոգու մէջ գգւանք ամփոփող ուսուցչուհի: Եւ նրանով ջերմացան, նրանից սովորեցին մայրենի լեզուն ու գրականութիւնը, սովորեցին տոկալ դժւարութիւնների առաջ:
Մինչեւ 1920 թ. մարտ ամիսը շարունակում է աշխատել Սարատովի կենտրոնի հայկական եօթամեայ դպրոցում: Լարւած աշխատանքը եւ ուսումը, վատ սնունդը՝ իրենց գործն անում են: Հիւծւում է, թոքի վրայ խոց կար (կաւեռնայ): Բժիշկը վերջնագիր է ներկայացնում՝ ապրելու մէկ ամիս է մնացել: Այս տխուր պատմութիւնը մի գեղեցիկ յուշ է աւելացնում Սէրիկի կեանքում, որը կապւած է այդ դպրոցի իր աշակերտ Ռաֆայէլի հետ: Նա իր համադասարանցիներից տարիքով շատ մեծ էր, կազմակերպւած, առաջին աշխարհամարտի ժամանակ կամաւոր բուժակ էր եղել, խնամել վիրաւոր հայ զինւորներին: Շուտով կեանքին հրաժեշտ տալու համոզմունքով՝ Սէրիկը փակւում է տանը եւ պատրաստւում մահւան: Առանց գիտակցութեան այդպէս ապրում է մէկ շաբաթ, երբ նրա չերեւալու փաստից մտահոգ՝ Ռաֆայէլը այցելում եւ գտնում է ուժասպառ Սէրիկին: Տանում է իր տուն: Մեռնելու պատրաստ Սէրիկին հակառակ, Ռաֆայէլը յամառօրէն պայքարում է նրան փրկելու: Սէրիկը միշտ յիշում է նրա խօսքը. «Վիրաւորների հետ շատ եմ աշխատել, կեանքեր փրկել… Միթէ՞ չեմ կարող մի հայուհու կեանք փրկել: Դու կը լաւանաս եւ դեռ շատ օգուտ կը բերես մեր ժողովրդին»: Բժշկուհի մօր հետ տարած խնամքը՝ իր արդիւնքը տալիս է: Սէրիկն ապաքինւում է:
Արդէն առաջացած տարիքում, Ս. Դաւթեանն անհուն երախտագիտութեամբ էր յիշում Ռաֆայէլին, ով յետոյ ամէն ինչ արեց, որ ինքն ապահովւած լինի սննդով ու փայտով: Իր յիշողութիւններում գրում է. «Նա այդ ամէնը արեց առանց ինձնից որեւէ բան խնդրելու: Իմ կեանքում հանդիպած լաւ մարդկանցից ամենալաւը, ամենաազնիւը, ամենամաքուրը Ռաֆայէլն էր, մի հայ երիտասարդ պարսկահայ Սալմաստից: Մինչեւ կեանքիս վերջ կը յիշեմ Ռաֆայէլի վերաբերմունքը…: Այժմ չգիտեմ նա որտեղ է: 1920 թւից յետոյ նրան չեմ հանդիպել»:
Սէրիկի միայն մի գրառումից կարողացայ պարզել, որ այս դէպքից որոշ ժամանակ անց, Ռաֆայէլը մօր եւ մի քանի իրանահայերի հետ, Մոսկւայից՝ Խորհրդային կառավարութիւնից թոյլտւութիւն ստանալով, մեկնում է Բաքու, այնտեղից՝ Պարսկաստան: Ռաֆայէլի անունը Սէրիկի կեանքում շրջանառւում է նաեւ 1937 թ. յուլիսի 29-ի ՆԳԺԿ-ի հարցաքննութեան ընթացքում, որպէս դաշնակցականի, ում հետ մտերիմ է եղել: Այդ հարցաքննութիւնից կարողացայ պարզել Ռաֆայէլի ազգանունը՝ Խոյլեան: Մի կարճ ժամանակ ուսուցիչ է եղել Սարատովի դպրոցում: Այլ տեղեկութիւններ չգտնւեցին:
Մի առիթով Ս. Դաւթեանը խոստովանել է, որ դեռ վաղ պատանեկութիւնից սիրել է Արեւելքը, որն իրեն խորհրդաւոր ու հեքիաթային էր թւում: Երեւի պատահական չէր, որ մանուկ հասակում բախտը նրան հնարաւորութիւն տւեց հանդիպել Իրանի շահին: Երբ 1937 թ. ձերբակալւեց ու 1939 թ. աքսորւեց Մագադան, ուր ոչինչ չկար հոգին ջերմացնելու համար, նոյնիսկ սակաւ էր ու մռայլ բնութիւնը, Սէրիկը տարիներ անց խոստովանում է, որ իրեն ջերմացնող, հոգին ապրեցնող աղբիւրը անցեալի յուշերն էին՝ իր կեանքի միակ հարստութիւնը, մարդկային մտքի յաւերժական ուղեկիցը: Իսկ Ռաֆայէլն իրաւացի էր, Սէրիկը երկար տարիներ խոնարհաբար արարեց ու ծառայեց իր ժողովրդի արւեստին եւ գիտութեանը:
Նա ապրեց իր դժւարին, բայց հետաքրքիր կեանքը, կեանք, որը չգրւած վէպի էր նման, անհատնում ժանեակի: Կեանք, որ տրւած էր կեանքին…
Յ. Գ. – Խնդրանք, եթէ որեւ մէկը լսել է Ռաֆայէլ Խոյլեանի մասին՝ խնդրում եմ «Ալիք»-ի խմբագրատան միջոցով արձագանգել: