Մշակութային

Ցուցադրւել է «Բացակայ պատկեր» ֆիլմը՝ նւիրւած Արտաւազդ Փելեշեանին

«Մոսկւա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանեանի «Բացակայ պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը՝ նւիրւած ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտաւազդ Փելեշեանին:

Միջոցառմանը ներկայ են եղել Արտաւազդ Փելեշեանի կինը՝ Այիդա Սարգսեանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ եւ կինոսէրներ:

Ֆիլմը ստեղծւել է փաստավաւերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի եւ «Արեւ» ֆիլմ-ստուդիայի համատեղ արտադրութեամբ: Ֆիլմի շնորհանդէսը կայացել է Հայ կինոյի 100-ամեայ յոբելեանական միջոցառումների շրջանակում՝ Արտաւազդ Փելեշեանին նւիրւած յոբելեանական ցուցադրութեամբ, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Այս ֆիլմը փորձ էր՝ խօսելու Փելեշեանի հետ իր լեզւով: Կինոյի նեարդը զգացող այս հսկան համաշխարհային կինոպատմութեան մէջ իր ուրոյն ձեռագիրն ունի: Նա իր փոքր պատուհանը բացեց կինոաշխարհում՝ իր արւեստով շատ կարծրատիպեր կոտրելով: Ես հասկացայ, որ կինոն կարող է լինել առանց խօսքի, եւ միեւնոյնն է՝ դու հասկանաս, թէ ինչ է այն ուզում ասել»,- ասել է «Բացակայ պատկեր» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանեանը:

«Բացակայ պատկեր» ֆիլմը սեւ-սպիտակ է։ Ֆիլմը նկարելիս ռեժիսորն օգտագործել է նաեւ հատւածներ՝ Արտաւազդ Փելեշեանի տարբեր ֆիլմերից։ Դրանք հիմնականում կինոէկրանին են ու տարբեր առիթներով ցուցադրւում են տարբեր քաղաքների կինոդահլիճներում։

«Բացակայ պատկեր» ֆիլմի կադրերում Արտաւազդ Փելեշեանը տիկնոջ հետ շրջում է այն վայրերով եւ քաղաքներով՝ Լիսաբոն, Փարիզ, Լիոն, Երեւան, որտեղ Վարպետի հետ հանդիպումներ են կազմակերպւել։ Նրա վարպետութեան դասերը, խօսքը, կինոցուցադրութիւնները նկարահանւել են՝ որպէս փաստագրական նիւթ։

168.am

Related Articles

Back to top button