Շառլ Ազնաւուրի եւ Սերգէյ Փարաջանովի ծննդեան 100-ամեայ յոբելեաններն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի` Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների 2024-2025 թթ. օրացոյցում
Նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունւել Շառլ Ազնաւուրի եւ Սերգէյ Փարաջանովի ծննդեան 100-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների 2024-2025 թթ. օրացոյցում ընդգրկելու վերաբերեալ:
«Հայաստանի Հանրապետութեան կողմից վերոնշեալ յայտերը ներկայացւել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցութիւն մի շարք անդամ երկրների եւ երկրների խմբի կողմից։
Մասնաւորապէս՝ Ֆրանսահայ հռչակաւոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնաւուրի 100-ամեայ յոբելեանի վերաբերեալ յայտը համատեղ կերպով ներկայացւել է Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լիւքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի եւ աւելի քան 80 անդամ ունեցող ԻՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆօն դեսպանների խմբի աջակցութեամբ։ Անւանի կինոռեժիսոր Սերգէյ Փարաջանովի 100-ամեայ յոբելեանի վերաբերեալ յայտը համատեղ կերպով ներկայացւել է Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի եւ Լեհաստանի աջակցութիւնը։
Տեղեկանք. 1998 թւականից առ այսօր Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների ԻՒՆԵՍԿՕ-ի օրացոյցում ներառւել է Հայաստանի Հանրապետութեան կողմից ներկայացւած 25 յոբելեանական տարեթիւ:
Նախորդ երկամեակի համար հաստատւել էին ՀՀ կողմից ներկայացւած Ներսէս Շնորհալու մահւան 850-րդ տարելիցի եւ ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամեայ յոբելեանի յայտերը»,- ասւում է հաղորդագրութիւնում։
Panorama.am