Մշակութային

«Ոսկէ ծիրան»-ի շրջանակում կը ներկայացւի «Ես վրէժխնդիր կը լինեմ աշխարհից սիրոյ միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը

«Ոսկէ ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինօփառատօնի շրջանակում կը կայանայ Զառա Ջեանի «Ես վրէժխնդիր կը լինեմ աշխարհից սիրոյ միջոցով – Ս. Փարաջանով» վաւերագրական ֆիլմի յատուկ ցուցադրութիւնը: Այն տեղի կունենայ յուլիսի 8-ին, Երեւանի կինոյի տան մեծ դահլիճում: Պրեմիերայի պատւաւոր հիւրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյեանը եւ Տարսեմ Սինգխը, ովքեր ֆիլմի հերոսներից են։

Ֆիլմը սկսւում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից՝ լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապւած դրամատիկ իրադարձութիւնների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թէ ինչպէս շարունակել ապրել: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնւած իրական իրադարձութիւնների վրայ)։

Ֆիլմում անցեալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կեանքի եւ ստեղծագործութեան միջոցով եւ հէնց նրա հետ միասին կը հետազօտւեն այնպիսի հարցեր ինչպիսին են մարդու ազատութեան թեման ոչ ազատ պայմաններում, ինչպէս են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակոյթի եւ մշակոյթային գործիչների վրայ, որն է գուցէ միակ ճիշտ ընտրութիւնը տոկսիկ իրականութեան պայմաններում եւ այլն: Կեանքն ու ստեղծագործելը պէտք է գոյութիւն ունենան՝ չնայած արգելքներին եւ բռնապետութիւններին:

Ընդհանուր գաղափարների, նպատակների եւ լուծումների որոնում՝ տարբեր բարիկադներում գնտւող հերոսներով, որոնց միաւորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն  իրականութիւնից տանում է դէպի աբստրակցիա եւ հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպէս ակադեմիական, այնպէս էլ՝ հեղինակային տեխնիկա։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրութիւն է, որին մասնակցութիւն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդիւսերներն են Անի Որսկանեանը, Զառա Ջեանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդիւսերն է Ստեֆան Ժիւրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ նախարարութիւնը, ինչպէս նաեւ ֆիլմի համաարտադրող ֆրանսիական CNC եւ Cine+ կազմակերպութիւնները։

Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող եւ օրինակ է: Մեծ է նաեւ այս ֆիլմի աշխարհագրութիւնը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատւիայում եւ Գերմանիայում, Սերբիայում՝ 2023-ի յունիսին, որտեղ նկարահանւել է հարցազրոյց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատւիա)՝ 2023-ի օգաստոսին, որտեղ նկարահանւել են հարցազրոյցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024-ի փետրւարին, որտեղ նկարահանւել է հարցազրոյց Ատոմ Էգոյեանի հետ եւ Երեւանում՝ 2023-ի յուլիս-հոկտեմբեր եւ 2024-ի փետրւար ժամանակահատւածում՝ հարցազրոյցներ Արտաւազդ Փելեշեանի, Ժոէլ Շապրոնի, Ալի Համրաեւի, Լեւոն Աբրահամեանի հետ: 2024-ի յունւարին ֆիլմում նկարահանւելու նպատակով յատուկ ճանապարհորդութիւն դէպի Երեւան կատարեց նաեւ Տարսեմ Սինգխը։ Երեւանում է նկարահանւել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։

Armtmm.com

Related Articles

Back to top button