Մշակութային

Ջոն Լենոնի գիտառն աճուրդում վաճառւել է շուրջ 3 մլն. դոլարով. սա Beatles-ի ամենաթանկ գործիքն է

ԱՄՆ-ում աճուրդում վաճառւել է Ջոն Լենոնի 12 լարային գիտառը, որը համարւում էր անհետ կորած աւելի քան կէս դար։ Գիտառը վաճառւել է 2,9 միլիոն դոլարով՝ այն դարձնելով ամենաթանկ երաժշտական գործիքը, որը կապւած է Beatles խմբի պատմութեան հետ, գրում է bbc.com-ը։

Գիտառը, որը կոչւում է Hootenanny, պատրաստւել է բաւարական երաժշտական գործիքներ արտադրող Framus-ի կողմից։ Ջոն Լենոնը գործիքը գնել է 1964 թւականին եւ օգտագործել 1965 թւականին թողարկւած երկու ալբոմներում մի քանի երգ ձայնագրելու համար: Որոշ ժամանակ անց Լենոնը գիտառը նւիրել է շոտլանդացի երաժիշտ Գորդոն  Վոլերին, որն, իր հերթին, գործիքը տւել է իր մենեջերին: Վերջինս գիտառը թողել է ձեղնահարկում եւ մոռացել դրա մասին:

Շատ տարիներ անց գիտառը յայտնաբերել են մենեջերի տան նոր սեփականատէրերը: Նրանք հասկացել են, որ խօսքը չափազանց անսովոր գործիքի մասին է, ուսումնասիրել են դրա պատմութիւնը եւ աճուրդի հանել այն:

Փորձագէտները կարծում էին, որ Hootenanny-ն կը վաճառւի մօտաւորապէս 485-647 հազար ֆունտ ստեռլինգով, սակայն Նիւ Եօրքի Hard Rock Cafe-ում կայացած աճուրդի իրական գինը շատ աւելի բարձր էր։

«Այս գիտառը ոչ միայն կարեւոր է երաժշտութեան պատմութեան համար, այն նաեւ ծառայում է որպէս Ջոն Լենոնի ստեղծագործական ժառանգութեան խորհրդանիշ: Այս աճուրդում այսօր գրանցւած ռեկորդը ցոյց է տալիս, որ Beatles-ի եւ Ջոն Լենոնի երաժշտութիւնը յաւերժական է եւ անվերապահօրէն յարգւած», – ասում է Julien’s Auctions-ի ղեկավար Դէյւիդ Գուդմանը:

Tert.am

Related Articles

Back to top button