
ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…
Դիակառքիդ մօտից, գարունն էլ ահա, ծամերը թափած,
Սահում է կամաց, մատերը դնում երկնակամարի
Սրինգների բիւրեղ ձայների վրայ,
Որպէսզի դեղնած շրթերիդ ծայրի վշտահար գիծը,
Աշխարհը խաւար մեռած աչքերիդ,
Օտար քաղաքի արեւով մեկնեն եւ ճառագայթի
Ճակատդ ըմբոստ:
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…
Վաղը, երբ պառկած երկաթէ գրկում անհամբեր նաւի,
Կ’երթաս ծովերով, խելառ ծովերով այս մոլորակի,
Դագաղիդ գլխին հովեր կը քայլեն
Եւ ալիքների խմբերը յուզւած ծովի լարերից
Մի հսկայական քնար կը հիւսեն
Եւ շառաչելով եւ դղրդալով կը հովւերգեն նաւի կողերին, երեր:
Յանկարծ կը ցցւեն յունական երկրի վայրերից կախարդ
Ստւերներ մեծաշուք, աստւածներ հուժկու եւ արշալոյսի
Փերուզ արիւնից, արծաթից սարսռող ձիթենիների
Եւ երկինքների լազուրից պայծառ, մի երգ կը յօրինեն
Եւ քեզ կօրօրեն վերջին օրօրով:
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…
Ա՜հ, գիտեմ, գիտե՛մ, դառն վայրերից անցնելու պահին
Կոպերիդ տակը մի գիշեր կուլայ. կծկւած բերանիդ
Ծայրից դողալով մի կաթիլ արիւն վայր կիջնի նորից…
Սեւ ծովի բուքը կը հեկեկայ դղորդ եւ Հայաստանի
Մարւած դաշտերից, մրրիկի նման, նման մահազանգ զարնող զուլումի,
Մեծ աղաղակներ կը հասնեն նաւին եւ քեզ կը կանչեն:
Եւ այդ յոյզերը, փոթորիկը այդ անողորմ ողբի,
Հիւանդ ուղեղիդ վէրքը կը բանան եւ դու կը խենթանաս:
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…
Բայց այդ կը լինի յիշատակ վերջին, այս բիրտ աշխարհի
Յիշատակ վերջին: Վերջին մղձաւանջ, վերջին սեւ տեսիլք,
Որի դանակը մորթել էր երգդ եւ սիրտդ փակել թանձր խաւարում:
Յետոյ, վարդապետ, – լսո՞ւմ ես ձայնը տարագիր սրտիս –
Յետոյ, վարդապետ, կը գայ վեհաշուք, պայծառ գմբէթը Հայոց աշխարհի,
Եւ կը բարձրանան լուսէ խմբերի երգեր աննման…
Անհամբեր շարքով քեզ կը բոլորեն լեռները մեր վես,
Դաշտերը մարմանդ, դալար սէզերը, ձորերը մեր խոր,
Ոսկէ կոկորդով, կլկլուն, ուրախ, աղբիւրները մեր,
Ճառագայթների բամբիռը զարնող գետերը զւարթ.
Եւ դա կը լինի համերգ մի հսկայ, որի նմանը չի լսւած երբե՜ք
Եւ ոչ մի վայրում: Մի դաշնակութիւն, որի մեղեդին
Գալիս է հնչուն հողերի կրծքից, սարերի կանանչ
բորոզանների
Կանչող հմայքից, ձորերում ձայնող խուլ թմբուկներից,
Դաշտերում սահող մեղմ ջութակներից եւ այն զանգերից,
Որոնք հնչում են, երբ մեր արեւը կպչում է ժայռին
Եւ վայր է թափում խօլ ջրվէժների ղօղանջը արծաթ:
Եւ դա կը լինի համերգ մի հսկայ, որի նմանը չէ լսւած երբեք
Եւ ոչ մի վայրում: Դիսկանտներ ոսկէ, բասօներ խորուն,
Կաղամախների խշշոցներ խորհուրդ, բաղերի ծոցից
Եկած շրշիւններ, հասկերի գլխին սահող լենտօներ, վազող ջուրերի
Արագներ շռինդ, բռնւած պեդալը ծեծւող կալերի,
Եւ ալիք ալիք խոտերը շարժող ֆուգան հովերի՝
Կը գան կը կանգնեն եւ հոգուդ խորքի չերգւած երգերից
Հայոց աշխարհի բոլոր ձայներով կը համերգեն նորից:
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…