Ադրբեջանցիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները

«ԱԼԻՔ» – Google Earth արբանեակային քարտէզի 2023 թւականի յունիսին արւած լուսանկարների դիտարկումը թոյլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիօրէն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Որպէս օրինակ առանձնացրել են Հադրութի շրջանի Թաղուտ գիւղը, որի 2019 թւականի աբանեակային լուսանկարներում երեւացող բնակարանների շուրջ 25%-ը քանդւել է։ Թաղուտ գիւղի տների վնասումը բռնազաւթւած Արցախի գիւղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետեւանք է: Այդ թալանը իրագործւում է առաջին հերթին տարածքում ծառայութիւն անցնող զինւորականների, քիչ քանակութեամբ վերաբնակեցւածների, ինչպէս նաեւ այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Հաղորդում է news.am-ը:
Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գոյքի միտումնաւոր վնասման հարիւրաւոր տեսանիւթերը: Այս երեւոյթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր եւ այլն)։
«Կարեւոր է նաեւ նշել, որ նման օրինակները, ակնյայտօրէն տարբերւում են ադրբեջանական իշխանութիւնների կողմից կառավարւող հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը միտւած մի շարք աւերածութիւնները, որոնք արդէն իրականացւում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ եւ ունեն յստակ թիրախային բնոյթ։ Այս շարքում կարող ենք նշել ե՛ւ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գիւղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, …), ե՛ւ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, …), ե՛ւ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, …), ե՛ւ այլ յուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նւիրւած յուշարձանը, Մեծ եւ փոքր Սիւնիքներ յուշահամալիրը, …), որոնց վերաբերեալ ահազանգեր է յայտնել Monument Watch նախաձեռնութիւնը։
Մեր արձագանգը
Հադրութի շրջանի Թաղուտ գիւղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցւածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ եւ բռնազաւթման ողջ ընթացքում համակցւած յանցագործութիւնների շարք է՝ խախտելով թէ՛ պատերազմի ժամանակ ժառանգութեան պահպանութեան միջազգային նորմերը եւ թէ՛ սովորութային կանոնանները։ Ի մասնաւորի, Ժնեւի 1949 թւականի Չորրորդ կոնւենցիայի 33-րդ յօդւածն արգելում է թալանը անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թւականի «Ցամաքային պատերազմի օրէնքների եւ սովորոյթների մասին» (IV) կոնւենցիայի եւ դրա յաւելւածի՝ 47-րդ յօդւածը յստակ սահմանում է. Թալանը պաշտօնապէս արգելւում է:
Հաագայի 1954 թւականի «Զինւած բախումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» կոնւենցիայի 4-րդ յօդւածի երկրորդ կէտը նոյնպէս յստակ սահմանում է, որ «Բարձր պայմանաւորւող կողմերը պարտաւորւում են արգելել, կանխել եւ անհրաժեշտութեան դէպքում դադարեցնել մշակութային արժէքների թալանը, գողութիւնը եւ իւրացումը ինչպէս նաեւ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսեւորում»։ Նրանք պարտաւորւում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանաւորւող կողմի տարածքում գտնւող շարժական մշակութային արժէքների բռնագրաւումից»,- նշւած է monumentwatch.org կայքում։
Հաղորդում է news.am-ը: