Թեւան Պօղոսեան. «Ադրբեջանին ձեռնտու է, որ միջանցքի վերահսկողութիւնը ստանայ զօրքով գրաւելով»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի վերջնական նպատակը խաղաղութեան պայմանագիրը չէ, այլ Հայաստանի պետութեան վերացումն է։ Այս մասին news.am-ի հետ զրոյցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Թեւան Պօղոսեանը:
«Որ վայրկեանին Ադրբեջանի ատամը կտրեց, մի օրւայ մէջ է հարցը լուծելու, վերջացնի: Այս պահին դեռ այդ կարգավիճակի մէջ չէ, դեռ ինքն էլ ունի հաշւարկներ: Դեռ Ադրբեջանը կարողանում է առանց որեւէ փամփուշտ կրակելու զիջումներ պոկել Հայաստանից, եւ դա է շարունակելու: Բայց գալու է, ի վերջոյ, մի կէտ, որտեղ ցանկանալու է իր կեանքի երազանքը իրագործել, Սիւնիքը ամբողջովին վերցնել, որ ճանապարհ ունենայ»,-ասաց նա:
Թեւան Պօղոսեանի խօսքով, Հայաստանի իշխանութիւններին ոչ ոք բանի տեղ չի դնում, որ բանակցեն. «Բանակցութիւնն այն է, երբ դիմացի կողմն էլ նոյն ձեւի պաշար ունի: Օրինակ, բանակցում են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Երբ Ամերիկայի ղեկավարին թւում էր, թէ իր պաշարները աւելի մեծ են, Ռուսաստանը թոյլ է, նա չէր բանակցում: Բայց հիմա եկել է մէկը, որ ասում է՝ չէ, տղէրք ջան, մենք պէտք է նստենք սեղանի շուրջ բանակցելու, ու սկսենք երկխօսել։ Մեզ հետ ո՞վ է բանակցում, ի՞նչ պաշարով։ Սփիւռք ունէիր, վարի տւեցիր, ազգային միասնութիւնը վարի տւեցիր, տնտեսութիւնը չի զարգանում, բարոյահոգեբանական առումով ջարդւած, պարտւած ազգ ենք, դուք էլ պարտւած իշխանութիւն: Ինչի՞ պէտք է թշնամին, որը ամէն ինչ ունի, նստի ձեր հետ բանակցութիւնների սեղանին: Ինքը ձեզ պարտադրանքի է տանելու ու շատ ուրախ է, որ կայ պարտւած իշխանութիւն, որի համար հերթական պարտութիւնները ֆիքսում է»:
Խօսելով, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, Թեւան Պօղոսեանն ասաց, որ այսօր խնդիրը ոչ թէ Մեղրիով ճանապարհի բացւել, չբացւելն է, այլ այն, թէ ով է վերահսկելու. «Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ 9-րդ կէտը ներառւել է, եւ Ռուսաստանը ապահովել էր իր վերահսկողութեան խնդիրը։ Իսկ Ադրբեջանն էլ իր վերահսկողութեան տակ է ուզում այն վերցնել, ինչը անելու է գրաւելով. «Եթէ նոյնիսկ վաղը ՀՀ գործող ղեակավարը գնայ Մեղրիի կողքերը կանգնի, ասի՝ բացել եմ, եկէք անցէք, Ադրբեջանին ձեռնտու է դա զօրքով անել։ Ռազմական գործողութեամբ գայ վերցնի ու ասի՝ հիմա իմ վերահսկողութիւնն է, որովհետեւ սեղանի շուրջ ցանկացած բանակցութեան դէպքում ինչ-որ վերահսկողութեան բաժիններ Ադրբեջանը պէտք է զիջի: Այո, Իրանը խանգարելու է, բայց արդեօ՞ք Իրանը մեզ համար զօրք է մտցնելու։ Ադրբեջանը կարող է ասել, որ Թուրքիան է իրեն պաշտպանելու, չգիտեմ, Ամերիկան է պաշտպանելու, եւ Իրանը նստելու է հաշւարկի ու հնարաւոր է, որ ոչ մի բան չանի»,- ընդգծեց նա։