Սուրէն Սուրէնեանց. «Բաքուն նոր գործարք է առաջարկում Փաշինեանին. նա Ալիեւի թութակի նւաստացուցիչ դերն է կատարում»

«ԱԼԻՔ» – «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութեան նախագահ, քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցն այն կարծիքին է, որ Հայաստանում դաշնակցային յարաբերութիւնների ադեկւատ ընկալում չկայ: Այս մասին հաղորդում է 168.am-ը:
«Հայաստանի քաղաքական համակարգն այս առումով բաւականին տկար վիճակում է գտնւում՝ մտածողութեան իմաստով, որովհետեւ մենք ոչ թէ դաշնակիցներ ենք փնտրում, այլ տէրեր: Իսկ եթէ դու նման ձեւով ես դաշնակցային յարաբերութիւնները պատկերացնում, ապա խոշոր գործարքներում զոհի կարգավիճակ ես ունենալու: Նիկոլ Փաշինեանի գործողութիւնները շատ վաղուց տրամաբանութեան կանոնիզացիայի չեն ենթարկւում: Յատկապէս ԱՄՆ ընտրութիւններից յետոյ ցանկացած ողջամիտ իշխանութիւն կը փորձէր տոքսիկ բաղադրիչը հայ ռուսական յարաբերութիւններից շատ արագ վերացնել, բայց Նիկոլ Փաշինեանը հակառակ ընթացքի մէջ է:
Հերիք չէ, որ նա գիտակցում է՝ Արեւմուտքում կորցնում է իր նէոլիբերալ տէրերին կամ նրանց աջակցութիւնը, որովհետեւ այդ մարդիկ աստիճանաբար դուրս են մղւում իրենց երկրների իշխանութիւնից, նա չի փորձում տարածաշրջանում գոնէ բալանսաւորւած քաղաքականութիւն վարել, հիմա էլ փորձում է Էրդողանի եւ Ալիեւի կօշիկները լիզելով՝ գործարքի գնալ թուրքական անվտանգային հովանոցի ներքոյ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա այս համատեքստով է բացատրում սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէ անցկացնելու՝ Փաշինեանի յայտարարութիւնը. «Տպաւորութիւն է, որ Փաշինեանի համար կարեւոր է երկու բան՝ մի կողմից՝ խաղաղեցնել Ալիեւին, որպէսզի յանկարծ նախընտրական տարում էսկալացիաներ չլինեն, երկրորդ՝ հասարակութեանն ադապտացնել նւաստացուցիչ մի ընկալման, որ եթէ Սահմանադրութիւնը չփոխեն՝ ցլերը մեզ կը յօշոտեն, ինչպէս մէկ տարի առաջ այս օրերին Հանրային ռադիոյում էր յայտարարել:
Վաղուց ձանձրալի է լսել Փաշինեանի ուղերձները, ասուլիսները, հարցազրոյցները, որովհետեւ սովորաբար փորձագէտներն առաջին ձեռքից են սիրում տեղեկատւութիւն ստանալ, իսկ այս պարագայում առաջին ձեռքն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաներն են, որոնք պարզ ճանապարհային քարտէզը նկարագրում են: Պէտք է սովորենք թութակին լսելու փոխարէն՝ լսել այն մարդուն, որը թութակին խօսեցնում է:
Փաշինեանն Ալիեւի թութակի նւաստացուցիչ դերն է կատարում, եւ ընդհանրապէս, մենք ազգային յատկանիշ ունեցող իշխանութիւն չունենք: Ունենք Փաշինեան՝ Ալիեւի փոխանորդի կարգավիճակով, եւ մեր հասարակութիւնը պէտք է իմանայ, որ եթէ աջակցում է Փաշինեանին կամ ՔՊ-ին, ինքն աջակցում է ադրբեջանական ենթապետութիւն դառնալու հեռանկարին: Երկրորդ՝ մարդ է խօսում գաղափարախօսութեան մասին, որն իզմ-երի մերժման ջատագովն էր: Երրորդ՝ ես ուզում եմ յիշեցնել՝ դեմոկրատական երկրները վերեւից պարտադրւած ազգային գաղափարախօսութիւն չեն ունենում. վերեւից պարտադրւած ազգային գաղափարախօսութիւն ունենում են աւտորիտար կամ իդէոլոգիկ երկրները»:
Ըստ նրա՝ ընդդիմութիւնը պէտք է կարողանայ հասարակութեանը մատչելի ձեւով ռեալիստական դիրքերից բացատրել, որ «Նիկոլ Փաշինեանը ոչ թէ խաղաղութեան, այլ նւաստացուցիչ պարտութեան, պատերազմի, ազգային ողբերգութեան սիմւոլն է»: Նրա խօսքով՝ ընդդիմութիւնը դա չկարողացաւ անել 2021 թ., որովհետեւ սխալ մեկնակէտերով էր մտել նախընտրական արշաւ. «Ընդդիմութեան կողմից քարկոծւում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը թէ՛ այդ ժամանակ, թէ՛ հիմա միակ փաստաթուղթն է, որն ինստիտուցիոնալ առումով հնարաւոր է դարձնում թէկուզ փխրուն խաղաղութիւն»:
Անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեինի յայտարարութեանը, թէ «նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած», Սուրէն Սուրէնեանցն ասաց, որ սովորաբար պոլիտկոռեկտութիւնը պահպանում է, երբ խօսքն օտարերկրեայ դիւանագէտների մասին է, բայց քանի որ դեսպանն ինքը պոլիտկոռեկտութիւնը չի պահպանել եւ ստախօս է անւանել բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի կործանումը կապում են պրահեան յայտնի քառակողմ յայտարարութեան հետ, ապա ինքը ստախօսութիւն է անւանում դեսպանի պնդումը:
«Գիտէ՞ք՝ երբ Նիկոլ Փաշինեանը խմբագրում է պատմութիւնը, պատերազմ է յայտարարում պատմութեանը, բանականութեանը, բարոյականութեանը, սա հասկանալի է, որովհետեւ գիտակցւած, սառնասիրտ, ցինիկ քաղաքականութեամբ նա գնացել է Արցախի կործանմանը եւ հիմա փորձում է իր ճակատից մաքրել այդ խարանը, յօրինում է լեգենդներ, որ՝ 1994 թ. Արցախը տրւած էր, բայց չգիտես՝ ինչու, Ալիեւը ջանասիրաբար ձգտում էր Իջեւանի պրովինցիալ միջավայրում ծնւած մէկից ստանալ այդ նւէրը, դա Նիկոլ Փաշինեանի պարագայում հասկանալի է: Հիմա շատերը կարող են մտածել, որ Ֆրանսիայի դեսպանը փրկում է Նիկոլ Փաշինեանի դէմքը՝ գրեթէ նրա թէզերը կրկնելով, բայց այդքան միամիտ չլինենք, Ֆրանսիայի դարդուցաւը Նիկոլը չի. փրկում է իր նախագահի դէմքը, որովհետեւ Մակրոնը համարւում է պրահեան տխրահռչակ յայտարարութեան քաղաքական կնքահայրերից մէկը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայիս վիճակին՝ Սուրէն Սուրէնեանցն ընդգծեց. «Հայ-ռուսական յարաբերութիւնները պատմական մինիմումի հասցնելով՝ Նիկոլ Փաշինեանն ուղղակի բացառիկ նւէր է մատուցում Բաքւի կառավարչին»:
Թէպէտ Ալիեւն ու Փաշինեանը նշել էին, որ, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի 2 դեռեւս չհամաձայեցւած կետերը վերաբերում են մէկը՝ սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, միւսը` միմեանց դէմ միջազգային իրաւական կառոյցներում ներկայացրած բողոքների թեմային, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահն ասել է, թէ երկու չհամաձայնեցւած յօդւածներից մէկը, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի, միւսն էլ՝ ՀՀ սահմանադրութեան մասին է:
Սուրէն Սուրէնեանցը նկատեց՝ Ասկերովը չէր կարող առանց Ալիեւի թելադրութեան՝ նման յայտարարութիւն անել. «Ադրբեջանն Ասկերովի բերանով Փաշինեանին նոր գործարք է առաջարկում՝ խաղաղութեան պայմանագիր՝ միջանցքի դիմաց: Այլ խօսքով՝ պարզ ակնարկում է, որ պատրաստ է Փաշինեանի բաղձալի թղթի կտորը շպրտել նրան, եթէ ստանան միջանցքի հարցում բաւարար զիջումներ»:
Հարցին՝ եթէ Փաշինեանը պատրաստ է անխոչընդոտ ճանապարհ տալ, դա բաւարար զիջում չէ՞, նա պատասխանեց՝ Հայաստանից, թերեւս, գրաւոր պատասխան են ակնկալում. «Ալէն Սիմոնեանի ասածն ուղղակի երազանք էր Բաքւի համար, որովհետեւ նա խօսում էր չբացւող բեռների մասին: Նա նկարագրում էր ռեժիմ, որտեղ բացակայելու է մաքսային, անցագրային, սահմանային վերահսկողութիւնը, այսինքն՝ դասական միջանցքի մասին էր խօսում: Յետոյ փորձեցին խմբագրել»: