Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գրիգոր աբեղայ Մինասեան. «Հայրերի գործած սրբապղծութիւնը յաճախ սերունդների ուսերին է ծանրանում»

«ԱԼԻՔ» – «Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երեւոյթների, երբ առանձին անհատներ, թաքնւելով «հաւատացեալի» դիմակի տակ, թոյլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղօթական մթնոլորտը եւ հոգեւոր խաղաղութիւնը, մինչեւ անգամ հարւածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որեւէ գործողութիւն, որն ուղեկցւում է ագրեսիայով եւ ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնէական էթիկայի սահմաններից եւ հակասում է Աւետարանական պատգամներին։ Ով հարւածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծութիւն՝ անկախ իր բերած «արդարացումներից եւ պատճառաբանութիւններից»»: Ինչպէս հաղորդում է Panorama.am-ը՝ այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Գրիգոր աբեղայ Մինասեանը։

Նա նշել է.

«Պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ ամենամեծ վնասը սրբութիւններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպէ՞ս կարող է հայը, ով իրեն հաւատացեալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրայ, որի առջեւ դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղութիւն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորութիւն չէ, այլ հոգեւոր սնանկութեան ու սրբապղծութեան դրսեւորում է. կրօնական դիմակի տակ թաքնւած հոգեւոր սատանիզմ, որը ներկայացւում է բարեպաշտութեան քօղի ներքոյ։

Այս դռան առջեւ դարեր շարունակ խոնարհւել են թագաւորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիւ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանութեան համար մարտի նետւող զինւորներ եւ պատերազմում իրենց զաւակներին կորցրած, յուսահատութեան եզրին գտնւող որդեկորոյս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկութեան համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հաւատք չէ. դա վայրագութիւն է՝ քօղարկւած կրօնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքւել, իսկ միւսով՝ հարւածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եւ թող ամէն անգամ մոմ վառելիս եւ խաչակնքւելիս յիշեն, որ այդ նոյն ձեռքով են հարւածել Մայր Տաճարի դռանը։

Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարւածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թէ ինչպիսի անէծք ու հոգեւոր բեռ են կուտակում իրենց եւ իրենց զաւակների գլխին։ Եթէ իրենց խլացած խիղճն այլեւս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթէ իրենց համար մէկ է, թէ ինչպէս կը կանգնեն Արարչի առջեւ իրենց այս սրբապիղծ հարւածներից յետոյ, ապա գոնէ կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թէ չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրայ իրենց բարձրացրած իւրաքանչիւր բռունցք՝ ծանր քար է դառնում հէնց իրենց զաւակների ապագայ ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զաւակները գուցէ փրկութիւն ու սփոփանք պիտի փնտրէին իրենց կեանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպէս ժառանգութիւն՝ տաճարի դէմ ըմբոստացողի խարա՞նը, թէ՞ սրբապիղծի անէծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետեւաբար հայրերի գործած սրբապղծութիւնը յաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցաւ ու տրտմութիւն է պատճառում։

Սրբապղծութիւնը մի թոյն է, որը սողում է դարերի միջով եւ չորացնում տոհմի արմատները։

Խնայէ՛ք ձեր զաւակներին։ Մի՛ փակէք նրանց առջեւ օրհնութեան դռները ձեր այսօրւայ վայրագութեան եւ եսակենտրոն շահի պատճառով։ Սթափւէ՛ք, քանզի ձեր հարւածները ոչ թէ դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագայ խաղաղութիւնն ու օրհնութիւնը։ Զղջացէ՛ք եւ խոնարհւէ՛ք այն դռան առջեւ, որին հարւածել էք, քանզի այդ դուռը ձեր փրկութեան միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնայ հարւածեցիք»։

Related Articles

Back to top button