Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Եթէ ուզում ենք հասկանալ, թէ ինչ կատարւեց (նոյեմբերի 14-ԽՄԲ.) ԱԺ-ում, ապա պէտք է մեզ նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարեւան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետութեան էպիզոդ էր։ Պետութիւն, որ չի կարողանում գտնել պատերազմից յետոյ իր վերականգնման բովանդակութիւնը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետութիւն, որը նոյնիսկ չի պատկերացնում, թէ իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԷԿ հոգու ողբերգութիւնը չէ, սա մեր բոլորի ողբերգութիւնն է։ Նաեւ այն իմաստով, որ թոյլ ենք տւել իշխանութեան 6-րդ տարում նման տեքստեր լսել։
ՄԷԿ հոգու հետ ամէն ինչ պարզ է, պարզ է նաեւ նրա խմբի հետ, եւ եթէ երէկ ՄԷԿ հոգին ասէր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, եւ վերջ», նրանք կրկնելու էին։
Բայց միւս հարցն աւելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է միւս Հայաստանը։ Ողբերգութեանը դատարկութեամբ հնարաւոր չէ յաղթել։ Հա լաւ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք… յետո՞յ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգութեամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցէ կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծւելու, մենք այդպէս ամբողջ հանրային դաշտը դնում ենք նոյն տիկտոկեան բովանդակութեան մէջ, որով այսօր կառավարւում է Հայաստանը։ Դրա դէմ պէտք է դրւեն մեր առջեւ ծառացած ծանրագոյն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշւարկւած, խելամիտ։ Մի տիկտոկեան ֆարսին միւսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։
Լուրջ քաղաքական-հանրային միաւորների ստեղծումն ամենակարեւոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միաւորներ, որոնք այսօրւայ Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ իր այսօրւայ խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունութիւն կունենան։ Ներքին հաշտութիւն եւ հաւաքական սոլիդութիւն կը բերեն։
Մնացածը դիտորդական ֆունկցիա է եւ գուցէ անգամ մասնակցութիւն՝ գալիք աղէտին: