Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանն այլեւս չի էլ հերքում, որ հակասահմանադրական պայմանագրի շուրջ բանակցութիւնների մէջ է

Հայաստանն անվերապահ կապիտուլեացիայի ճանապարհին

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս նշել է.

«Հայաստանի խորհրդարանում բիւջետային լսումները վաղուց դադարել են լինել միայն տնտեսական վիճակագրութեան վերլուծութիւն կամ սոցիալ-տնտեսական ծրագրերի քննարկում։ Բիւջէի քննարկումները Նիկոլ Փաշինեանի կողմից հայոց պետականութեան վերաձեւաւորման նախագիծը տրամաբանական աւարտին հասցնելու անհրաժեշտութեան հիմնաւորումն է՝ չնայած ներկայիս փորձերի արդիւնքում այդ պետականութիւնը ոչնչացնելու սպառնալիքին։

Բացառութիւն չէին նաեւ 2025 թւականի բիւջէի քննարկումները, եւ Փաշինեանը մի շարք հնչեղ յայտարարութիւններ արեց, որոնցից մէկն արժէ աւելի մանրամասն դիտարկել։ «Եթէ Սահմանադրական դատարանը որոշի, որ «Խաղաղութեան պայմանագրի» տեքստը (Ադրբեջանի հետ-ԽՄԲ.) չի համապատասխանում Սահմանադրութեանը (թէեւ 2024 թ. սեպտեմբերի 26-ի որոշումից յետոյ նման զարգացումը քիչ հաւանական է), Հայաստանի Հանրապետութիւնը մեծ հաւանականութեամբ կը նախաձեռնի Սահմանադրական փոփոխութիւններ: Եթէ Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղութեան պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրութեանը, այն կանցնի վաւերացման գործընթաց երկրի խորհրդարանում»,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինեանը։

Եթէ հնարաւորինս հակիրճ նկարագրենք Փաշինեանի ասածի բովանդակութիւնը, ապա կարող ենք միայն արձանագրել՝ նա այլեւս չի էլ հերքում, որ բանակցում է Հայաստանի օրէնսդրութեանը հակասող, երկրի հիմնարար օրէնքին հակասող փաստաթղթի շուրջ։ Թէեւ բանակցութիւնների տրամաբանութիւնը պէտք է այլ լինի՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիրը չպէտք է պարունակի Հայաստանի Հանրապետութեան հիմնական օրէնքին հակասող յօդւածներ։

Բայց ինչո՞ւ է դա արւում։ Սահմանադրութեան մերժումը յօգուտ Իլհամ Ալիեւի գրած փաստաթղթի, Հայաստանի Հանրապետութեան անվերապահ կապիտուլեացիայի լեգիտիմացումն է։ Դա իր հերթին արւում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չկատարելու համար։ Փաստաթուղթ, որը, Արեւմուտքի ընկալմամբ, նախեւառաջ Ադրբեջանի «վզին օղակ է», քանի որ նրա հաղորդակցութիւնների մի մասը վերահսկւելու է Ռուսաստանի կողմից։ Արեւմուտքը չի կարող դա թոյլ տալ։ Հաւաքական Արեւմուտքին պէտք է առնւազն Բաքուն՝ Իրանի դէմ ապագայ մեծ պատերազմի համար որպէս «թնդանոթի մսի» մատակարար («ջերմ ողջոյններ» Իրանի վարչակազմին, որը ՀՀ-ում Իրանի դեսպանի շուրթերով «Ռուսաստանը Հարաւային Կովկասի տարածաշրջանում Իրանի դաշնակիցը չէ» թէզը ներկայացնելու համար):

Արեւմտեան գլոբալիստական ուժերի ընկալման մէջ հայ-ադրբեջանական հակամարտութիւնը Բաքւին ստիպում է հաւասարակշռել Մոսկւայի եւ Արեւմուտքի, Մոսկւայի եւ Անկարայի միջեւ։ Հայկական գործօնը որպէս այդպիսին հեռացնելով այս համակարգից (ոչ միայն հայկական Արցախը այլեւ Հայաստանը եւ ողջ տարածաշրջանի հայութիւնը) հնարաւորութիւն կը բացւի Բաքւի «տոտալ բաժանումը» Մոսկւայից եւ Թեհրանի դէմ հետագայ օգտագործման համար պատուհան կը բացի։ Պատահական չէ, որ, ըստ Նիկոլ Փաշինեանի յատուկ յանձնարարութիւններով նախկին դեսպան Էդմոն Մարուքեանի, հայաստանեան քաղաքականութեան մէջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ «Հայաստանը պէտք է օգնի Ադրբեջանին ազատւել ռուսական օկուպացիայից»։

Այսինքն՝ յանուն Ռուսաստանի Դաշնութեան դէմ ուղղւած գլոբալիստական ծրագրերի իրականացման, Նիկոլ Փաշինեանը պատրաստ է տանել Հայաստանը դէպի անվերապահ կապիտուլեացիա:

Մտածէ՛ք այդ մասին…»։

Related Articles

Back to top button