Վարուժան Գեղամեան. «Մենք ունենք մէկ խնդիր՝ երկիրը կործանող դէ ֆակտօ իշխանութիւն եւ երկու թշնամի պետութիւն՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Եկէ՛ք կենտրոնանանք այդ սպառնալիքները չէզոքացնելու վրայ»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Հերթական անգամ ապացուցւում է, որ բանակցային գործընթաց չկայ. Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնների առաջ Էրդողանի եւ Ալիեւի կողմից դրւած է պահանջների ցանկ, որոնք հերթով իրագործւում են։ Արտաքին քաղաքականութիւն իսպառ գոյութիւն չունի։ Կառավարութիւնն արտաքին սպառնալիքները չէզոքացնելու ոչ մի գործուն քայլ չի կարողանում անել։
– Արդէն 3 տարի մենք բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը պահանջ է դնելու լուծարել հայկական բանակը։ Հիմա Ադրբեջանը ներկայացնում է այդ պահանջը, պահանջում է ապառազմականացնել երկիրը։
– Սրանից յետոյ ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբեւէ ծառայել է ՀՀ Զինւած ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։ ՀՀ գործող իշխանութիւնն Ադրբեջանին այդ լեգիտիմ իրաւունքը տւել է։ ՀՀ արական սեռի ցանկացած քաղաքացի այսուհետ կարող է ձերբակալւել բոլոր այն երկրներում, ուր կը հասնի Ադրբեջանի ձեռքը, եւ սա հեռու ապագայի հարց չէ։ Եթէ արցախցիների ձեռքին չլինի այլ փաստաթուղթ, նրանք կը ձերբակալւեն ամենուր։
– Եթէ Հայաստանի իշխանութիւնն ընդունում է, որ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ցանկացած ոք Ադրբեջանի համար կարող է դառնալ ձերբակալման լեգիտիմ թիրախ։ Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի օկուպացիա։ Օկուպացիան պոզով-պոչով չի լինում։
– Ես ունեմ վատ կանխատեսում. գրեթէ վստահ եմ, որ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների հետ «բանակցւող» թղթում չհամաձայնեցւած կէտերից մէկն առնչւում է, այսպէս կոչւած, «Խոջալուի ցեղասպանութեան» ու դրա «մեղաւորներին» պատժելու հետ, եւ ոչ միայն այդ, այլեւ մնացած բոլոր «յանցագործութիւնների» եւ «յանցագործների» դէպքում։ Ցանկացած պաշտօնեայ, ով կոնկրետ թւականներին աշխատել է պետական համակարգում, Ադրբեջանի համար դառնալու է հետապնդման թիրախ։
– Կարելի է ծանր բանակցութիւն ունենալ, բայց ստորանալ այնչափ, ինչպէս Փաշինեանն Էրդողանի առաջ ստորացաւ, պարզապէս հնարաւոր չէ։ Դա կոլեկտիւ ստորացման արար էր։ Փաշինեան-Էրդողան հանդիպման մասին թուրքական մեդիաներում գրեթէ ոչինչ չկար, միայն ասւում էր, որ հանդիպումը տեղի է ունենալու Թուրքական տանը։ Հանդիպումից յետոյ թուրք լրագրողների հարցին՝ քննարկւե՞լ է արդեօք «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, Էրդողանը խուսափել է կոնկրետ պատասխանել, սակայն ես վստահ եմ, որ բանակցւող հարցերից մէկը եղել է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ Հայաստանն ու Թուրքիան այլ օրակարգ չունեն՝ համաձայնէ՛ք Ադրբեջանի փաթեթին ու տւէ՛ք «Զանգեզուրի միջանցք»-ը։
– «Զանգեզուրի միջանցք»-ը Թուրքիայի նպատակն է՝ սկսած Օսմանեան կայսրութեան վերջին շրջանից։ Միշտ ուզել են, չի՛ ստացւել։ Հիմա Թուրքիան համարում է, որ ամենայարմար ժամանակն է այն ստանալու։ Չինաստանի սահմաններից մինչեւ առնւազն Բալկաններ թուրքախօս ժողովուրդներին միաւորելու գաղափարը բացառապէս թուրքական գաղափար է։ Արցախի գրաւումից յետոյ այդ Միջանցքի իրագործմանը խանգարում է 42 կիլոմետրանոց փոքր Սիւնիքը։ Ու գալ, ասել, որ դրանում շահագրգիռ են այլ պետութիւններ, ինչպէս պնդում են իշխանական եւ մերձիշխանական քարոզիչները, անհաւանական սուտ է։
– Էս քաղաքականութեան վերջը մեր վերջանալն է, չկայ ուրիշ քաղաքականութիւն։
– Մենք Հայաստանում այսօր ունենք մի իշխանութիւն, որը չի պատասխանում թուրք-ադրբեջանական սպառնալիքներին, բայց հետապնդում է բոլոր նրանց, ովքեր երկրի ներսում անգամ կառուցողական քննադատութեամբ են հանդէս գալիս իրենց նկատմամբ։
– Էրդողանի գիրքը գրկած Նիկոլ Փաշինեանի նկարի՝ հայկական կողմից տարածումը նշանակում է, որ այո՛, մենք ընդունում ենք, որ Թուրքիան այս տարածաշրջանի հեգեմոն տէրութիւնն է։ 4 տարի առաջ Փաշինեանն ասում էր, որ թուրքերը եկել են մեզ կոտորելու, հիմա ուրախ-զւարթ գրկում է Էրդողանի գիրքը՝ Էրդողանի նկարը։ Թուրքիան պրոբլեմ ունի տարածաշրջանի բոլոր պետութիւնների հետ։ Թուրքերը յոյներին էլ են կոտորել, բայց Յունաստանի վարչապետը երջանիկ ժպիտով չի գնում Թուրքական տուն ու գրկում Էրդողանի գիրքը։ Ի՞նչ է, դա խանգարո՞ւմ է, որ նրանք բանակցեն արժանապատիւ կերպով։ Մարդը, ով իր կնոջ հետ ուղիղ եթերում սակարկում-առեւտուր էր անում հայ գերիներին քարտէզների դիմաց մաս-մաս տալու հարցով, հիմա մեր իշխանութեան համար տէր է։
– Սրանց չի կարելի համեմատել բոլշեւիկների հետ։ Նրանք գաղափարախօսութիւն ունէին։ Կոմունիստական Հայաստանը պայքարել է հայկական հողերի համար, այդ ժամանակ Հայաստանում շատ ազգային կառոյցներ են կառուցւել, բացւել է Մատենադարանը…
– ՀՀ ԱԳՆ-ն արադարանում էր, թէ՝ Ադրբեջան, քո դէմ չեմ զինւում։ Բա ո՞ւմ դէմ ես զինւում։ Եթէ քո տարածքներն էդ պետութիւնն է օկուպացրել, դու ումի՞ց ես պաշտպանւում՝ այլմոլորակայինների՞ց, թէ՞ Գւատեմալայից… Իսկ Ադրբեջանը թաքցնո՞ւմ է, որ յաւակնութիւններ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ… Ո՛չ, չի թաքցնում։ Ադրբեջանը պետական մակարդակով իր երկրում տանում է Արեւմտեան Ադրբեջանի քարոզ ու իր հասարակութեանն ու պետական ինստիտուտներին պատրաստում է դրան։
– Մենք ունենք բարոյալքւած, տրաւմատիկ յիշողութեամբ ապրող հասարակութիւն։ Արտագաղթի տեմպերն ահագնանում են։ Ներկայիս իշխանութիւնն ի վիճակի չէ լուծել մեր անվտանգային խնդիրները, եւ սա աքսիոմատիկ ճշմարտութիւն է։ Ուրեմն պէտք է փոխել նրանց… Ումո՞վ… Այլընտրանքները բազմաթիւ են։
– Էդ մարդիկ` ՀՀ նախկին նախագահները, բոլոր իրենց սխալներով, մեր պետութեան վերնախաւն են եղել, մեր յաղթանակների կերտողներն են եղել։ Եւ հիմա բերենք, ենթադրենք, տապալւած տնտեսական կամ կրթական քաղաքականութեան պատճառով զրոյացնե՞նք նրանց ամբողջ վաստակը կամ հաւասարեցնենք Հայաստանը կոտորողների հե՞տ. դա աներեւակայելի է, անհեթեթ ու անբարոյական է։ Հերի՛ք է քննարկել՝ նախկինները, սրանք-նրանք, չկա՛յ տենց բան։ Դա յօրինել են թուրքերը։ Նախկինում էլ, 2018-ից առաջ, երբ մոնիթորինգ էի անում ադրբեջանական կայքերը, տեսնում էի քննադատութիւն Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ ու յետոյ նոյն բանը տեսնում էի այն ժամանակւայ ընդդիմութեան կողմից, ովքեր այսօր արդէն դէ ֆակտօ իշխանութիւն են։ Ո՞ր մի կառավարութիւնն է անթերի` Բայդէնի՞, Ռուզւելտի՞, Մակրոնի՞, թէ՞ Պուտինի։ Պատկերացնո՞ւմ էք` ֆրանսիացին ասի՝ Մակրոնի քաղաքականութեան պատճառով թքած ունեմ Նապոլէոնի, Շառլ Դը Գոլի ձեռքբերումների վրայ։ Եւ բոլորը, ովքեր ունեն խօսքի հնարաւորութիւն, նրանց, ում տեսել եմ Միւռոնօրհնութեան ժամանակ, պիտի ասեն` ժողովո՛ւրդ, սա թմրանիւթ է, օփիումային պատերազմ, որ դուք քննարկէք ամէն ինչ, բացի մեր իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւն։
– Մենք ապրում ենք սարսափելի իրականութեան մէջ, որը շեղւած է բոլոր նորմերից։ Հնարաւոր չէ պատկերացնել սթափ եւ բարոյական միջավայր, որտեղ Հայաստանը ցեղասպանող մարդու հետ նստել, նրա գրքով նկարւելն աւելի բարոյական է ներկայացւում, քան Հայաստանի 2-րդ նախագահի գրքով լուսանկարւելը։
– Ես ունեմ իմ կարծիքը, բայց որպէս Հայ Առաքելական եկեղեցու զաւակ՝ Վեհափառ Հայրապետի որոշումները չեմ քննարկում։
– Ես իմ հայրական տնից զրկւել եմ Բերձորում։ Երբ ես ու քոյրս դատարկում էինք մեր հայրական տունը 2020 թ., մենք չէինք մտածում՝ ով է մեղաւոր։ Մենք մտածում էինք՝ ի՞նչ անենք, որ էս վիճակը չկրկնւի, եւ ո՞նց հետ գնանք։ Հիմա այն մարդիկ, ովքեր քննարկում են՝ ո՞վ է մեղաւոր, մսխում են մեր ռեսուրսները։
– Ուզում եմ խնդրել բոլորին՝ մենք ունենք մէկ խնդիր՝ երկիրը կործանող դէ ֆակտօ իշխանութիւն եւ երկու թշնամի պետութիւն՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Եկէ՛ք կենտրոնանանք այդ սպառնալիքները չէզոքացնելու վրայ։
– Եթէ Ռուսաստանը յայտարարում է, որ ՆԱՏՕ-ն այստեղ փորձում է որոշակի գործողութիւններ անել, ու դրա դէմը պէտք է առնել, դա որոշակի զգուշացում է նաեւ Թուրքիային։
– Ես կասկած չունեմ, որ ՀՀ գործող իշխանութիւնները սակարկում են «Զանգեզուրի միջանցք»-ի բացման գինը։ Իրենք պատրաստւում են տալ Միջանցքը։ Դա անզէն աչքով էլ է նկատելի։
– Հայաստանը դառնալու է Թուրքիայի կցորդ փոքրիկ նահանգ, եթէ այս միտումները պահպանւեն։ Մենք դառնում ենք մի երկիր, որը կատարում է Թուրքիայի պահանջները։