Եթէ Բաքւում իրական դատավարութիւն լինէր, ներկայ կը լինէին նաեւ միջազգային լրատւամիջոցները. ԵԽ պատգամաւոր

«ԱԼԻՔ» – «Չի կարելի բանտարկեալներին պահել նման պայմաններում։ Նոյնիսկ եթէ դուք բանտարկեալ էք, ապա ունէք մարդու հիմնարար իրաւունքներ եւ արժանապատւութիւն»: Այս մասին Alpha News-ին ասել է գերմանացի պատգամաւոր Լուկաս Սիպերը՝ խօսելով Ադրբեջանում ապօրինի պահւող հայ բանտարկեալների մասին:
«Նման պայմաններում բանտարկեալներին պահելը յանցագործութիւն է մարդկութեան դէմ։ Եւ ինչ վերաբերում է դատավարութեանը, ապա ես պարզապէս կասեմ, որ եթէ դա լինէր իրական դատ, ապա միայն ադրբեջանական լրատւամիջոցներին չէ, որ թոյլ կը տային հետեւել դրան»,- ասել է ԵԽ պատգամաւորը:
Խօսելով ադրբեջանական դատարանում հայ բանտարկեալների դէմ առաջադրւած մեղադրանքների մասին՝ Լուկաս Սիպերը նշել է.
«Եթէ նրանք իսկապէս կարծում են, որ հայերը մեղաւոր են ցեղասպանութեան մէջ, ապա գործը պէտք է ուղարկւի Միջազգային քրէական դատարան։ Եւ եթէ նրանք պատրաստ չեն դա անել, ապա դա ակնյայտ նշան է, որ նրանք պարզապէս օգտագործում են ցեղասպանութեան մեղադրանքներն՝ այլ նպատակների հասնելու համար»: