ԻրանՔաղաքական

Այաթ Խամենէի. «Ամն-ի առաջարկը հասարակական կարծիքի հերթական խաբէութիւն է»

«ԱԼԻՔ» – «Այն, որ ԱՄՆ նախագահն ասում է՝ պատրաստ է բանակցել, դա համաշխարհային հասարակական կարծիքի խաբէութեան նպատակով է»-,  ուսանողների եւ ԲՈՒՀ-ական համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է Յեղափոխութեան առաջնորդը:

Չորեքշաբթի՝ մարտի 12-ին, բազմաթիւ ուսանողների եւ քաղաքական, սոցիալական եւ մշակութային կազմակերպութիւնների ու ուսանողական շարժման խմբակցութիւնների հետ հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է առկայ խնդիրները քննադատելն ու գնահատելը, միաժամանակ ընդգծելով ուսանողական ինքնութեան ամրապնդմանն անհրաժեշտ՝ Արեւմուտքը ճիշտ գնահատելու եւ արեւմտեան քաղաքակրթութեան արդէն իսկ բացայայտւած խնդիրներից հեռու մնալու կարեւորութիւնը:

Նա յիշեցրել է «28 մորդադ» յեղաշրջման փաստի մասին, որի արդիւնքում պարզ դարձաւ թէ Արեւմուտքին ապաւինելն ինչպէս է վտանգելու երկրի գոյութիւնն ու  խոչընդոտելու  առաջընթացը:«Արեւմուտքը մեր երկրի զարգացումնը նկատելուց անմիջապէս յետոյ անցել է հարւածների ու դաւադրութիւնների, որպէսզի այդ առաջընթացի առաջն առնւի»:

Այաթ. Խամենէին անարդիւնք է գնահատել բանակցութիւններն ԱՄՆ ներկայիս կառավարութեան հետ, եւ նշել, որ  այն կարող է աւելի կուրացնել պատժամիջոցների հանգոյցը:

Անդրադառնալով բանակցութիւնների առաջարկով՝ համաշխարհային հասարակական կարծիք ստեղծելու ԱՄՆ կառավարութեան ջանքերին, գերագոյն առաջնորդը յաւելել է, որ դրանով ենթահող են պատրաստում սպառնալիքների լեզւով խօսելու համար, եւ նշել. «Ցանկացած հնարաւոր սպառնալիքի ու հարւածի՝ մենք վճռական պատասխան ենք տալու»։

Ընթացքում նա լսել է ուսանողների կողմից բարձրաձայնւած խնդիրներին եւ յաւելել. «Իհարկէ, ես համաձայն չեմ այս հանդիպման ընթացքում ուսանողների հնչեցրած որոշ յայտարարութիւնների հետ։ Օրինակ, ուսանողներից մէկն ասաց, որ անվտանգային ուժերը կրիտիկական պահերին բաւարարւել են միայն Սիոնիստական ​​ռեժիմին ուղղւած քննադատական յայտարարութիւններ տարածելով: Մինչդեռ խորը ուսումնասիրելուց յետոյ ձեզ պարզ կը դառնայ, որ դա ճիշտ չէ, եւ որ նրանք, ովքեր պէտք է ինչ-որ բան անէին, դա արել են ճիշտ ժամանակին»: 

Ելոյթի եզրափակիչ հատւածում յեղափոխութեան առաջնորդը մի քանի կէտով մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների հարցը:

Առաջին կէտում նա ԱՄՆ նախագահի առաջարկը կապւած բանակցութիւնների վերսկսման (նոր ԲԱՐՋԱՄ-ի համար) եւ Իրանին նամակով դիմելը համարել է հասարակական կարծիքի խաբէութիւն, ասելով. « Ամերիկան ​​ուզում է սուտ սերմանել, թէ Իրանը, ի տարբերութիւն մեզ, պատրաստ չէ բանակցել եւ համաձայնութեան գալ։ Մինչդեռ նոյն անձն էր, ով պատռեց  յետ բանակցութիւններով ձեռք բերւած արդիւնքները։ Հիմա ինչպէ՞ս բանակցել նրա հետ, երբ գիտես, որ արդիւնքները չի յարգելու նա»: 

Անդրադառնալով թերթերից մէկում հրապարակւած յօդւածին, որում ասւած էր, որ «պատերազմի մէջ գտնւող երկու մարդկանց միջեւ վստահութեան բացակայութիւնը չպէտք է խանգարի բանակցելու էութեանը», այաթ. Խամենէին նշել է. «Այդ յօդւածը կեղծ ճշմարտութիւն էր: Որովհետեւ բանակցողները չեն կարող բանակցել, յատկապէս, երբ չկայ վստահութիւն միւս կողմի անկեղծութեան ու հաւատարմութեան նկատմամաբ, այն բանից յետոյ,  երբ գոյացած արդիւնքներն արդէն մի անգամ անտեսւել են»։

Երրորդ կէտում նա յիշեցրել է նպատակների ու հեռնկարները ճիշտ գնահատելու կարողութեան մասին եւ նշել, որ բանակցութիւնների մեր նպատակն ի սկզբանէ եղել է պատժամիջոցների չեղարկումը, որոնք, բարեբախտաբար, հետզհետէ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը Արեւմուտքի համար, դառնալով ժամանակի կորուստ: 

Յեղափոխութեան առաջնորդը յաւելել է. «Սա հասկացել են նաեւ ամերիկացիները: Նրանք նոյնպես կարծում են, որ պատժամիջոցների երկարաձգումը այլեւս կորցրել է արդիւնաւէտութիւնը: Մինչդեռ սահմանւած պատժամիջոցներով երկրները պատժամիջոցները շրջանցելու ուղիներ են գտնում: Իսկ մենք նոյնպէս գտել ենք տարբեր ճանապարհներ»: 

Նա առկայ խնդիրները՝ կենցաղային վարչագիտական անփութութեան հետեւանք համարելով յաւելել է. «Եթէ տնտեսական վիճակը վատ է, ապա դա պայմանաւորւած է ոչ միայն պատժամիջոցներով, այլ որոշակի պարտաւորութիւնների չկատարման  պատճառով, որոնք նպաստում են ստեղծւած իրավիճակի բարդացմանը»։

Անդրադառնալով ամերիկացիների այն խօսքին, թէ «թոյլ չենք տայ Իրանին միջուկային զէնք ստեղծել», այաթ. Խամենէին նշել է. «Եթէ ցանկութիւն լինէր միջուկային զէնք արտադրել, ապա Ամերիկան ​​չէ, որ կարող էր մեզ հետ պահել։ Պատճառը, որ մենք չունենք միջուկային զէնք եւ չենք էլ ցանկանում ունենալ, այն է, որ մենք ենք, որ որոշել ենք  չունենալ այդ տեսակի զէնք՝ այլ առիթներով կրկնւած պատճառներով»:

Մէկ այլ բաժնում յեղափոխութեան առաջնորդը անխոհեմ համարեց ԱՄՆ-ի հնչեցրած ռազմական սպառնալիքը եւ ընդգծեց. «Հարւածելու եւ պատերազմով մեզ սպառնալը միակողմանի խնդիր չէ, քանի որ Իրանն ի վիճակի է հակահարւած տալ եւ անպայման այդպէս էլ  կանի»։

Անդրադառնալով այն խնդրին, որ երկրի ներսում ոմանք շարունակ ասում են՝ «Ինչո՞ւ մենք չենք ցանկանում գնալ բանակցութիւնների», այաթ. Խամենէին յիշեցրել է. «Ամերիկեան կառավարութեան հետ բանակցութիւններով ոչ միայն չեն վերանայ պատժամիջոցները, այլեւ կը հանգեցնեն պատժամիջոցների խստացմանը, ճնշումների աւելացմանն եւ դիմացի կողմին կը տայ թելադրել նոր պահանջներ»։

Ելոյթի եզրափակիչ հատւածում այաթ Խամենէին պաղեստինեան եւ լիբանանեան «Դիմադրութիւնը» համարել է հզօրացւած ու աւելի պատրաստւած, քան նախկինում էր եւ նշել. «Իրանի պաշտօնեաներն, այդ թւում՝ կառավարութիւնն ու նախագահը, միակարծիք են այս հարցում, որ մենք պէտք է մեր ողջ ուժով աջակցենք «դիմադրութեանը», եւ Աստծոյ կամօք Իրանի ժողովուրդը ապագայում եւս շարունակելու է լինել բռնութեան դէմ դիմադրութեան դրօշակակիրը»։

Related Articles

Back to top button