Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գրիգորի Այւազեան. «Ճանապարհի տրամադրումը հայկական պետականութեան գոյութեան հետ անհամատեղելի է»

Եթէ Իրան-Իսրայէլ պատերազմը շարունակւէր, հարւած պէտք է հասցւէր Սիւնիքին, այդպէս էին ծրագրաւորել

«ԱԼԻՔ» – Գերմանական «Berliner Zeitung» թերթին տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, թէ իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ։

«Երբեմն խաղաղութեան համաձայնագրերը ստորագրւում են միայն ձեւականօրէն՝ իրական խաղաղութիւն չբերելով։ Հարաւային Կովկասի դէպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղութիւն կայ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ։ Մնացել են միայն առանձին վիճելի կէտեր, ինչը միանգամայն բնական է։ Հէնց դրա համար էլ գոյութիւն ունի դիւանագիտութիւնն ու երկխօսութիւնը»,- ասել է Հաջիեւը։

Այս ամէնին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում սպառնալ ու պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ փոխել Սահմանադրութիւնը, բացել Սիւնիքով ճանապարհը եւ մէկընդմիշտ հրաժարւել Արցախի մասին յիշատակումներ անելուց։

Ադրբեջանի հարցերով փորձագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Գրիգորի Այւազեանի խօսքով՝ Ալիեւը տարբեր ծաւալապաշտական յայտարարութիւններ է արել օկուպացւած Ստեփանակերտում տարբեր ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ  «Հայաստանն Արեւմտեան Ադրբեջան է, պէտք է ադրբեջանական զօրքը վերահսկի ամբողջ Հայաստանի տարածքը», եւ այլն։

«Օկուպացւած Ստեփանակերտում Ալիեւը հերթական անգամ պնդումներ արեց, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, խօսեց նաեւ Ադրբեջանից Նախիջեւան եւ հակառակ ուղղութեամբ իրենց քաղաքացիների եւ ոչ միայն, տարբեր բեռների, այդ թւում՝ ռազմական նշանակութեան, տեղափոխութեան մասին։

Նա նաեւ 150 մլրդ դոլար է պահանջում իբրեւ թէ Արցախի «բռնազաւթւած տարածքների համար փոխհատուցում» ստանալու համար։ Այսինքն՝ Ալիեւն այնպիսի յայտարարութիւններ է արել, որոնք, իհարկէ, անհամատեղելի են հայկական անկախ պետականութեան գոյութեան հետ։ Ամենավտանգաւորն այն է, որ դա ոչ միայն յայտարարութիւն է, այլեւ գործողութիւններ են»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Գրիգորի Այւազեանը։

Այս ամէնին զուգահեռ, իհարկէ, ոչ պատահաբար Թուրքիայում ԱՄՆ դեսպանի յայտարարութիւնն էր, թէ Միացեալ Նահանգները պատրաստակամ է վերահսկելու Սիւնիքով ճանապարհը ու, չգիտես՝ ինչու, այդ տարածքը դեսպանը փոքրացրեց՝ նշելով, թէ 32 կմ է, մինչդեռ այն 45 կմ երկարութեամբ ճանապարհ է։

«Իհարկէ, սա Հայաստանի համար պէտք է անընդունելի լինի, իսկ Միացեալ Նահանգները սա, ինչպէս Պանամայի ջրանցքը, փորձում է պատւիրակել թուրքական կողմին։ Սա իրականութեան մէջ հայկական պետականութեան գոյութեան հետ անհամատեղելի է։ Տեսէք, թէ թուրքական կողմը որքան մեծ մարտահրաւէր է դաշտ նետում, երբ ասում է, թէ հայ-թուրքական սահմանի մի հատւածը բացելուց յետոյ կոչւելու է Թալէաթ փաշայի անունով, որը Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից էր։ Այդ դէպքում սահմանի մեր կողմի հատւածն էլ պէտք է կոչենք Սողոմոն Թեհլիրեանի անունով։

Իրավիճակը պայթիւնավտանգ է՝ Հայաստանն ադրբեջանական ագրեսիայից խուսափեց զուտ այն պատճառով, որ Իրան-Իսրայէլ առճակատումը երկար չշարունակւեց։ Հակառակ դէպքում թուրք-ադրբեջանական կողմից հարւածը պէտք է հասցւէր Սիւնիքին՝ այդպէս էին պլանաւորել»,- յաւելել է Գրիգորի Այւազեանը։

Նրա դիտարկմամբ՝ խօսակցութիւնները, թէ Սիւնիքով ճանապարհի տրամադրումը ճանապարհների ապաշրջափակում է՝ իրականութեանը չի համապատասխանում։ Ադրբեջանի նպատակն այն է, որ Սիւնիքով անխոչընդոտ կապւի Նախիջեւանի հետ, որից յետոյ ճանապարհը պէտք է շարունակւի դէպի Իգդիր, եւ այդքանով միանան թուրքական ճանապարհներին։ Հետեւաբար, երբ յայտարարւում է, թէ երբ այդ ճանապարհներն ապաշրջափակւեն, ապա Հայաստանն էլ կը կարողանայ դրանից օգտւել՝ այդպէս չէ, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը չեն պատրաստւում ապաշրջափակել Հայաստանը։

«Մեր ուշադրութիւնից չպէտք է վրիպի այն, որ վերջերս Նախիջեւանում սահմանադրական փոփոխութիւններ են տեղի ունեցել, որով Կարսի ու Մոսկւայի պայմանագրերին յղում չի արւում, նշւած պայմանագրերով այդ տարածքները բռնակցւեցին Ադրբեջանին։ Փոխարէնը՝ յղում են անում Ադրբեջանի Սահմանադրութեանը»,- ընդգծել է փորձագէտը։

Գրիգորի Այւազեանը նաեւ շեշտել է՝ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները խիստ լարւել են, ինչը հայկական կողմի համար կարեւոր է, բայց հայկական կողմն այդ յարաբերութիւնների վրայ «չի խաղում»՝ չի օգտագործում սեփական շահերի համար։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button