WP. Բայդէնը «հիասթափւած է» ամերիկացիների շրջանում իր վարկանիշի անկումից
ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը «հիասթափւած է» ամերիկացիների շրջանում իր ժողովրդականութեան անկումից, ինչի մասին վկայում են սոցիոլոգիական հարցումները։ Այս մասին յայտնում է The Washington Post-ը՝ յղում անելով աղբիւրներին։
Հրատարակութեան համաձայն՝ Բայդէնը եւ նրա կինը՝ Ջիլը, «վրդովւած են» նախագահի ցածր վարկանիշից եւ Դոնալդ Թրամփի ժողովրդականութեան ցուցանիշերից յետ մնալուց։ Ըստ թերթի աղբիւրների՝ ամերիկացի առաջնորդն իր դժգոհութիւնն է յայտնել, մասնաւորապէս, իր մերձաւոր օգնականների հետ զրոյցում, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը Գոհաբանութեան տօնի նախօրէին կայացած զոյգ հնդկահաւերի ներում շնորհելու աւանդական արարողութիւնից յետոյ։ Ամերիկացի առաջնորդն իր վարկանիշը, որը հրապարակւել է ըստ հասարակական կարծիքի հարցումների արդիւնքների, անւանել է «անընդունելի ցածր» եւ իր ընտրական թիմից պահանջել է բացատրել իրավիճակը շտկելու հետագայ գործողութիւնների ծրագիրը։ Բացի այդ, ընդգծում է The Washington Post-ը, Բայդէնը բազմիցս «բողոքել» է, որ տնտեսական կուրսի վերաբերեալ իր ցուցումները «էապէս չեն փոխել» իրավիճակը երկրում։
Պարբերականը, վկայակոչելով նոյեմբերի 17-ի եւ դեկտեմբերի հարցումների իր վերլուծութիւնը, նշում է Բայդէնի վարկանիշի ռեկորդային անկում։ Այսպէս, ամերիկացիների միայն 38%-ն է հաւանութիւն տալիս ներկայիս նախագահի քաղաքականութեանը, մինչդեռ նրանցից 58%-ն իր անհամաձայնութիւնն է արտայայտել նրա կուրսի հետ։ Ընտրողները նրա տարիքը նշել են որպէս ամերիկացի առաջնորդի ցածր ժողովրդականութեան պատճառներից մէկը. նոյեմբերին քաղաքական գործիչը դարձաւ 81 տարեկան: Բացի այդ, նախագահի վարկանիշի վրայ ազդում է նաեւ «միջկուսակցական լարւածութեան մէջ խրւած Ուկրաինային եւ Իսրայէլին լրացուցիչ ֆինանսաւորման հարցի շուրջ ստեղծւած իրավիճակը»: Թերթը յիշեցնում է նաեւ, որ անցեալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պաշտօնապէս սկսել է նախագահի դէմ իմփիչմենթի հետաքննութիւնը նրա եղբօր եւ որդու՝ Ջէյմս եւ Հանթեր Բայդէնի ֆինանսական գործարքների ֆոնին:
ԱՄՆ-ի յաջորդ նախագահական ընտրութիւնները տեղի կունենան 2024 թւականի նոյեմբերին։ 2023 թւականի ապրիլի 25-ին Բայդէնը յայտարարեց բարձրագոյն կառավարական պաշտօնում վերընտրւելու իր մտադրութեան մասին։ 77-ամեայ Թրամփն իր հերթին 2022 թւականի նոյեմբերին յայտարարել էր ընտրապայքարի մէջ մտնելու մասին։
Բայդէնը պատմութեան մէջ ԱՄՆ-ի ամենատարեց նախագահն է։ Թէ՛ հանրապետականների, թէ՛ դեմոկրատների շրջանում ակտիւանում է բանավէճը, թէ արդեօք նա պէ՞տք է վերընտրւի իր տարիքի պատճառով: Բայդէնի որոշ կուսակիցներ հրապարակայնօրէն կոչ են անում նրան հրաժարւել նախընտրական արշաւին հետագայ մասնակցութիւնից։
News.am