ԻրանՄիջազգայինՔաղաքական

Լարւած իրավիճակ Հորմոզի նեղուցում. Իրանը հաղորդում է ԱՄՆ-ի հետ նոր բախումների մասին

Կան զոհեր եւ վիրաւորներ

Իրանական աղբիւրները հաղորդում են օգոստոսի 30-ին Հորմոզի նեղուցում Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի (ԻՅՊԿ) ռազմածովային ուժերի եւ ամերիկեան ուժերի միջեւ տեղի ունեցած մի շարք միջադէպերի մասին։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերը նեղուցում թիրախաւորել են առնւազն երկու նաւ, իսկ մէկ այլ հաղորդագրութեամբ նշւում է, որ իրանական հրթիռներով թիրախաւորւել եւ ոչնչացւել է երեք նաւ։ Իրանական աղբիւրները նաեւ պնդում են, որ ԱՄՆ-ի ուժերը պատասխան հարւած են հասցրել իրանական ռազմածովային ուժերին, որի հետեւանքով կան զոհւածներ եւ վիրաւորներ։

Իրանական քաղաքական վերլուծաբան Ալիռեզա Թաղաւինիան X-ի իր էջում գրել է, որ նաւերից մէկը «զգայուն» բեռ էր տեղափոխում։ Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պատասխան հրթիռային հարւածի հետեւանքով իրանական կողմը զոհեր ունի։

Միաժամանակ, ԻՅՊԿ-ի հանրային կապերի բաժինը յայտարարել է, որ ամերիկա-իսրայէլական ուժերի կողմից Լարաք կղզիի ուղղութեամբ հարւածի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են իրանցի զինծառայողներ ու քաղաքացիներ։ Իրանական կողմը նշել է, որ այդ գործողութեանը «պատասխան կը տրւի, եւ ագրեսորը կը պատժւի»։

ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերը նաեւ յայտարարել են, որ Հորմոզի նեղուցի հարաւային՝ «ապօրինի» երթուղով անցնելու փորձ կատարող գերխոշոր նաւթատար նաւը երկու ծովային ականի հարւածից յետոյ հրդեհւել եւ ամբողջութեամբ կանգ է առել։ Իրանական կողմը զգուշացրել է, որ նեղուցում սահմանւած անվտանգութեան կանոնները խախտող նաւերի նկատմամբ համապատասխան միջոցներ կը ձեռնարկւեն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թեհրանից մեկնելուց առաջ, ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն ագրեսիային պատասխանելու է վճռականօրէն։

«Մենք պատերազմի չենք ձգտում, սակայն ագրեսիայի դիմաց երբեք հանգիստ չենք նստի եւ կարող ենք վճռական պատասխան տալ»,- ասել է Փեզեշքիանը՝ միաժամանակ ընդգծելով, որ տարածաշրջանում անկայունութիւնը ոչ մի երկրի օգտին չէ։

Բացի այդ, ԻՅՊԿ-ի հանրային կապերի բաժինը յայտարարել է, որ Հորմոզի նեղուցի վրայ իրանական հակաօդային պաշտպանութիւնը հրթիռային հարւածով խոցել է ամերիկեան MQ-9 տեսակի անօդաչու թռչող սարք, որը, ըստ հաղորդագրութեան, ընկել է Պարսից ծոցի ջրերը։

Related Articles

Back to top button