Կարո՞ղ են արդեօք Ռաֆայէլ Լեմկինի ազգականները ստիպել Լեմկինի ինստիտուտին հեռացնել նրա անունը

Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլւանիայում գրանցւած ոչ առեւտրային կազմակերպութիւն է, վերանւանւել է 2023 թւականին՝ աջակցելու նրանց, որոնք գտնւում են ցեղասպանութեան եւ զանգւածային այլ ոճրագործութիւնների զոհ դառնալու վտանգի առաջ:
Ինստիտուտը կոչւել է լեհ-հրեական ծագում ունեցող, Հոլոկոստը վերապրած իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինի (1900-1959) անունով: Նա 1944 թւականին ստեղծել է ցեղասպանութիւն եզրութը՝ նկարագրելու համար այն, ինչը մինչ այդ անւանում էին հայկական ջարդեր: 1948 թւականին, անխոնջ ջանքերի շնորհիւ, նրան յաջողւել է հասնել Միաւորւած ազգերի կազմակերպութեան կողմից «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնւենցիայի ընդունմանը՝ ցեղասպանութիւնը դարձնելով միջազգային յանցագործութիւն:
Ինստիտուտը, որը բացառապէս կամավորական կազմակերպութիւն է եւ չունի վարձատրւող անձնակազմ, նպատակ ունի արժեւորելու Լեմկինի աշխատանքը՝ փորձելով պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում գտնւող վտանգւած համայնքներին, այդ թւում՝ արցախահայութեանը: 2023 թւականի սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 127-էջանոց զեկոյց, որում նշւում էր արցախահայերի դէմ զանգւածային վայրագութիւնների, մասնաւորապէս՝ ցեղասպանութեան վտանգի աճի մասին:
2025 թւականին Ռաֆայէլ Լեմկինի ազգական, իրաւաբան Ջոզէֆ Լեմկինը դէմ արտայայտւեց Լեմկինի անւան օգտագործմանն այդ ինստիտուտի կողմից՝ Գազայում Իսրայէլի կողմից պաղեստինցիների սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն որակելու պատճառով: Ըստ The Times of Israel-ի՝ Ջոզէֆ Լեմկինը սիոնիստ է եւ Իսրայէլի աջակից, որի հայրը եղել է Ռաֆայէլ Լեմկինի զարմիկը:
«Նրանք աղաւաղում են նրա [Ռաֆայէլի] ժառանգութիւնը եւ իւրացնում նրա անունը՝ առաջ մղելու ցեղասպանութեան այնպիսի սահմանում, որն անհամատեղելի է նրա կեանքի գործի վերաբերեալ մեր պատկերացումների հետ», ասել է 57-ամեայ Ջոզէֆ Լեմկինը: «Ինձ համար սա նրա յիշատակի արատաւորում է՝ նրա անւան հետ կապելով մեղադրանքներ, որոնք արժէզրկում են ցեղասպանութեան բուն էութիւնը»: Ջոզէֆ Լեմկինն սպառնացել է դատի տալ Լեմկինի ինստիտուտին՝ անվան շուրջ ծագած վէճի պատճառով:
2026 թւականի ապրիլին Ջոզէֆ Լեմկինը եւ Եւրոպական հրէական ասոցիացիան (EJA) իրաւական յուշագիր ներկայացրեցին Փենսիլւանիայի Կորպորացիաների եւ բարեգործական կազմակերպութիւնների բիւրօ՝ առարկելով ինստիտուտի կողմից Լեմկինի անւան օգտագործման դէմ: «Որպէս հաստատութիւն՝ նրանք կարող են հրապարակել այն, ինչ ցանկանում են: Բայց նրանք չեն կարող ներկայանալ Ռաֆայէլ Լեմկինի անունով եւ միեւնոյն ժամանակ աղաւաղել նրա ժառանգութիւնը, ինչն ամբողջովին հակասում էր նման համոզմունքներին», նշել է EJA-ի նախագահ եւ հիմնադիր ռաբբի Մենախեմ Մարգոլինը: «Նրանց արածն ամբողջութեամբ անօրինական է, ուստի մենք Փենսիլւանիայի իշխանութիւնների հետ արշավ ենք սկսել՝ նրանց գործունէութիւնը դադարեցնելու կամ առնւազն անւանումը փոխելու համար»։
EJA-ի փաստաբանները նամակներ են ուղարկել Փենսիլւանիայի տարբեր պաշտօնեաների՝ խնդրելով հետաքննել Լեմկինի ինստիտուտի՝ որպէս 501(c)(3) յօդւածով հարկերից ազատւած բարեգործական կազմակերպութեան կարգավիճակը: Խումբը նաեւ դիմել է Իսրայէլի սփիւռքի եւ հակասեմիտիզմի դէմ պայքարի ծայրայեղական նախարար Ամիխայ Չիկլիի աջակցութեանը, որը նամակ է գրել Փենսիլւանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին՝ կոչ անելով այս հետաքննութիւնը դարձնել առաջնահերթութիւն: Ջոզէֆ Լեմկինին ներկայացնող իրաւաբանական ընկերութիւններից մէկը մեղադրել է Լեմկինի ինստիտուտին Համասին պաշտպանելու, «Հեզբօլլահ»-ին աջակցելու եւ Միացեալ Նահանգներին թիրախաւորելու մէջ. մեղադրանքներ, որոնք ինստիտուտը համարում է կեղծ եւ զրպարտչական:
Լեմկինի ինստիտուտի տնօրէն Էլիզա ֆոն Յոդէն-Ֆորջին էլեկտրոնային նամակում պարզաբանել է. «Լեմկինների ընտանիքի մի քանի անդամներ աջակցում են մեր գործունէութեանը եւ ընդունում են, թէ ինչպէս ենք մենք կիրառում Ռաֆայէլ Լեմկինի ուսումնասիրութիւններն ու վերլուծութիւնները կանխարգելման մեր սեփական մեխանիզմներում»։
Լեմկինի ինստիտուտը 2025 թւականի հոկտեմբերի 14-ին հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «Մեր կողքին են Լեմկինի ընտանիքի անդամներ, որոնք կապ են հաստատել 2023 թւականի հոկտեմբերի 7-ից [Համասի յարձակումը] յետոյ։ Պիտեր Լեմկինը, ում մանկութեան տուն յաճախ այցելում էր Ռաֆայէլ Լեմկինը, յատկապէս մեծ աջակցութիւն է ցուցաբերել՝ քաջալերելով, կիսւելով Լեմկինի աշխատանքի վերաբերեալ իր պատկերացումներով եւ տեղեկացնելով պետութիւնների կողմից Ցեղասպանութեան կոնւենցիայի վաւերացման ջանքերում իր ընտանիքի սերտ համագործակցութեան մասին …․ Միայն Իսրայէլի վերաբերեալ մեր աշխատանքն է յանգեցրել համակարգւած զրպարտչական արշաւի Միացեալ Նահանգներում վտանգաւոր եւ նախադէպ ստեղծող հետեւանքներով»: Չեխիայում բնակւող Պիտեր Լեմկինը միացել է Լեմկինի ինստիտուտի խորհրդին:
Լեմկինի ինստիտուտի կողմից Ռաֆայէլ Լեմկինի անւան օգտագործման շուրջ ծագած վէճն իրականում քաղաքական բնոյթ է կրում եւ ոչ թէ իրաւական։
Ռաֆայէլ Լեմկինի ազգականները որեւէ վերահսկողութիւն չունեն նրա անւան օգտագործման նկատմամբ, եթէ միայն յատուկ չեն ժառանգել նրա անւան օգտագործման օրինական իրաւունքները: Յայտնի չեն փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռաֆայէլ Լեմկինը նման իրաւունքներ է կտակել իր ազգականներից որեւէ մէկին: Քանի որ Ռաֆայէլը մահացել է ծայրայեղ աղքատութեան մէջ, նրա ազգականներից ոչ մէկը որեւէ ժառանգութիւն չի ստացել:
Նոյնիսկ եթէ լինեին նման ժառանգութեան ապացոյցներ, Փենսիլւանիայի օրէնսդրութեամբ անւան առեւտրային օգտագործման համար կայ 30 տարւայ ժամկէտ: Լեմկինը մահացել է 1959 թւականին: Այսպիսով, Փենսիլւանիայի օրէնքով, այդ իրաւունքի գործողութեան ժամկէտը սպառւած կը լինէր 1989 թւականին: Աւելին, այդ օրէնքը տարածւում է Փենսիլւանիա նահանգում մահացած անձանց վրայ, մինչդեռ Ռաֆայէլը մահացել է Նիւ Եօրքում:
Ինչ վերաբերում է քաղաքական բանավէճում ներգրաււած Լեմկինի որոշ ազգականներին, որոնք Իսրայէլի ջերմեռանդ աջակիցներ են, ապա կան այլ ազգականներ, որոնք դէմ չեն Գազայի պաղեստինցիների նկատմամբ Իսրայէլի գործողութիւնների վերաբերեալ ինստիտուտի քննադատութեանը: Աւելին, Ռաֆայէլի ազգականներից մէկը որոշել է միանալ ինստիտուտի խորհրդին։
Հետեւաբար, Լեմկինի այն ազգականները, որոնք դէմ են ինստիտուտի անւանմանը, չունեն ո՛չ իրաւական, ո՛չ էլ քաղաքական լիազօրութիւն՝ արգելելու դրա օգտագործումը: Մեծ է հաւանականութիւնը, որ եթէ այս հարցը հասնի դատարան, Լեմկինի ինստիտուտը կը յաղթի:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



